Hetq.am-ը գրում է․

Հարցազրույց «Armenian Navy Band»-ի ղեկավար Արտո Թունչբոյաջյանի հետ

Փողը թունավորված մեղր է

-Արտո, ինչպե՞ս եք տեսնում այսօր Հայաստանը: Հետևո՞ւմ եք Հայաստանում կատարվող վերջին իրադարձություններին:

-Էս ձևով հույս չեմ տեսնում: Ես իմ մեջը հույս ունեմ, բայց իրենց հետ կեղտոտ ձևով կռվելու միտք չունեմ, որ զենքս դնեմ գրպանս, էրթամ սպանեմ, հետո գնամ մակարոնիա ուտեմ: Էդ մտքերն էլ ռոմանս են մնացել: Գիտես, ամենեն վտանգավոր բանը առանց հույսի սոված մարդն է: Էս երկիրը կառավարողները ժողովրդից պետք է խելացի լինեն: Բայց խելացին ի՞նչ է նշանակում՝ խաբելը խելացի չէ, որովհետև խաբողը վերջում խաբում է ինքն իրեն: Հիմա էս ձևով, կարծում եմ, մենակ թալիբանցիներն ու հայերը պիտի մնան, որովհետև սաղ ժողովուրդը պայմանագիր ունի Մարս էրթալու, այնտեղ ապրելու համար: Էս մի գաղափար չեմ տեսնում, թե ովքեր են կառավարում մեզ, ովքեր միայն գրպանները կարող են լցնել: Բայց վերջում իրենք պիտի հասկանան, որ դա դառնալու է զիբիլ: Փողը թունավորված մեղր է՝ ճիշտ ձևով չգործածեցիր, մի օր սպանելու է քեզ:

Բոլորիդ ալ, բոլորիս ալ պատասխանատվություն ունինք: Չպիտի մտածենք՝ եթե էս ինչ բանն ասեմ, գործից կհանեն ինձ: Իդեոլոգիստը մի անգամ է մեռնում, իդեոլոգիա չունես՝ ամեն վայրկյան մեռնում ես: Հիմա պատկերացնո՞ւմ ես՝ էդ մարդիկ պիտի մտածեն քո կյանքի մասին: Իրենք իրենց երեխաներին ու թոռնիկներին էլ չեն սիրում: Ի՞նչ է գաղափարը: Հեռուստատեսությամբ 100 միլիոն անգամ ասել եմ կառավարությանը՝ ամեն մի հայից մի դոլար հավաքենք ամիսը... Օրինակ՝ Նունե Եսայանի համերգն արեցին... Զրո-զրո-զրո… Էդքան փողով՝ մոտավորապես 150.000 դոլարով, ժողովրդին խաբելով «playback» արեցին (ի նկատի ունի ֆոնոգրաման- հեղ.), ու ոչ մեկն էլ չէր երգում: Մեր խմբի ու ջազ-բենդի համերգներն էլ խանգարեցին, որովհետև մենք նվագում էինք «Մեցցո»-ում, և մեր երաժիշտը չկարողացավ գալ, հետո ջազ-բենդի «բարաբան» նվագողն էլ գնաց այդ փորձին, մենք էլ հանգիստ փորձ չկարողացանք անել: Ես էլ կարծում էի՝ համար է, հրապարակում պիտի լավ համերգ լսեն, ասացի՝ օk, բայց երբ իմացա, որ երգելն էլ է «playback» արվում, ջղայնացա:

Նունե Եսայանն իր կյանքում ի՞նչ է արել արվեստի համար, որ էդ տարածքով մի բան պիտի անի

Այստեղ տարիներով ուզում էի, որ ջահել երեխաներին, տաղանդներին ներկայացնելու համար մի հնարավորություն, տեղ լիներ, բայց ինձ խաբեցին, տունս առան, բայց ես նորից կանգնում եմ այդ գաղափարի վրա: Ինձի սպանելով՝ իրենք առաջ չեն կարող էրթալ: Հեչ մի հնարավորություն չեղավ, հակառակը՝ խանգարեցին մեզ, իսկ վերջում Նունե Եսայանին տարածք տվեցին: Իսկ ի՞նչ է նշանակում դա: Նունե Եսայանն իր կյանքում ի՞նչ է արել արվեստի համար, որ էդ տարածքով մի բան պիտի անի:

Էս ձևով չի կարա էրթա: Ինձի շատ մեծ ուրախություն, հպարտություն ու հույս էկավ, երբ մի մարդ ճանաչեցի Հռոդոսում կազմակերպված կոնֆերանսում՝ Արմեն Սարգսյանին, որն ապրում է Լոնդոնում (խոսքը Մեծ Բրիտանիայում ՀՀ ներկայիս դեսպան, նախկին վարչապետ Ա. Սարգսյանի մասին է- հեղ.): Նրան լսելիս մազերս վեր ելան (փշաքաղվեցի - հեղ.): Էս մարդը մեր ազգը կարա առաջ տանի, բոլորիս հպարտությունը ներկայացնող մի մարդ է՝ հայասեր, հայրենասեր:

Օրինակ՝ Գաֆեսճյանի պես մարդուց ինչի՞ են թաքս (հարկ-հեղ.) վերցնում: Նա կյանքն է տվել, միլիոններով փող է տվել:

Երիտասարդ տաղանդն իր միտքը որտե՞ղ պիտի առաջարկի, ինչի՞ համար են դուրս ելնում… Ալ կբավի… 22 տարի է՝ ամոթ է արդեն: Երեք հատ պրեզիդենտ եղավ, երեքի հետույքներին (օգտագործում է այլ բառ- հեղ.) էլ տեղ չմնաց փող դնելու: Որսի են գնում Տանզանիա-մանզանիա, մեկը գալիս է թղթի վրա գրված կարդում է՝ «ինչպե՞ս եք, ժողովուրդ ջան», ու նրա կինը երաժշտություն է «հորինում», մի հատ նստենք-նվագենք, տեսնենք՝ էդ ի՞նչ ա:

Կոնսերվատորիան քեզ երաժշտություն չի սովորեցնում, այլ մի ֆորմատի մեջ «փերֆորմ» անել է սովորեցնում: Կոնսերվատորիայի ղեկավարն ինձ ասում է՝ քո կյանքում ի՞նչ ես արել, դիպլոմ ունե՞ս: Ի՞նչ կարամ ես ասեմ. քո դիպլոմները հավաքիր, եկ տեսնենք երեկոյան ի՞նչ կարող ես նվագել: Հա, ես հեծանիվ քշում եմ, բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ օդաչու լինել:

Դրա համար Նունե Եսայանին նման հնարավորություն տալը նույնն է, որ ես հայերեն սովորեցնեմ: Բայց մի օր ինձնից չես լսի, որ ասեմ, թե մի վայրկյան, ես պրեզիդենտ դարձա, հիմա ես եմ հայերեն սովորեցնում կամ հայերենը ներկայացնում: Ամո՛ թ է: Հիմա ժամանակը եկավ, իրենցից խնդրում եմ մի կտոր խելոք մտածեն, էս ազգի մեջ կռիվ չգցեն, թե չէ շատ վատ կլինի իրենց համար, գոնե սուս-փուս հավաքվեն-գնան, Արմեն Սարգսյանի նման մարդն իր ոտքն էստեղ դնի, էն ժամանակ կհասկանանք, թե աշխարհում որքան տաղանդավոր հայեր կան, ովքեր սիրտները ցավալով փախել են էստեղից, ու հիմա նորից հույսով գալիս են:

Ես ուզում եմ իր ձայնը հանող նոր սերունդ

-Ի՞նչն է ավելի շատ Ձեզ հուսահատեցնում:

-Էս մարդկանց հեռ կռիվ անելը, նրանց երեսին զենք դնելը: Էդ մարդիկ նավթալին մտքեր ունեն, երիտասարդ մարմինը գործածելով՝ իրենց փչացնում են: Ես չեմ ուզում իմ ձայնը հանող նոր սերունդ, ես ուզում եմ իր ձայնը հանող նոր սերունդ, որ ես էլ մի նոր ձայն լսեմ: Գողեր կան, բ..-եր կան, որ երգել չեն իմանում, որ ոտքերն ընկնելով կամ հետևից (այլ բառ է օգտագործում- հեղ.) մի բան են մտցրել կամ կրակել են, ու գոռում են՝ իմ մասին ասելով, որ Արտոյի ողնաշարը ջարդվել է: Իմ մասին խոսելու համար իմ կողքը պիտի նստես, մի հատ նվագես: Լեզուն ոսկոր չունի, ամեն ինչ կարաս ասես:

-Արտո, ի՞նչ ենք կորցրել անկախության 22 տարիներին:

-Դու ինչ ես տեսնում, որ ես ինչ տեսնեմ: Ամոթ է, 22 տարվա մեջ ավտոները շատացան: Դա՞ է առաջ գնալը: Իրենց դեմքերին նայիր, շորերը, տները, ավտոները փոխվում են, բայց էս ժողովուրդը...

Ես հպարտանում եմ ու հաճույք եմ զգում, որ ծառայում եմ ժողովրդին: Մի մարդ, որ ուրախ է լինում, դրանից մեծ բան չկա ինձ համար: Փողն ու զուգարանի թուղթը նույն բանն են ինձ համար: Ցավալի է, որ մեր սարքած բանի (փողի- հեղ.) ստրուկն ենք դառնում: Երբ ագահությունն ու սուտը միանում են իրար, դրանից վտանգավոր բան չկա: Դրա համար ասում եմ, որ առանց հույսի սոված մարդն ամեն ինչ կանի:

Հին նավթալինոտ մտքերով կարծում են, որ եթե ժողովուրդը ցածր պահեն, կարող են ոնց ուզեն խաղացնեն: Ամո՛թ է: Էս խեղճ մարդիկ էլ մի անգամ պիտի ապրեն:

Նորից փող լվացեք, բայց ոչ ապուշավարի

-Մարդիկ էլ թողնում-գնում են երկրից:

-Բա ինչո՞ւ պիտի չերթան: Եթե իրենք փող պիտի լվան, թող խելացի լվան: Մի խոսք կա՝ ավելի լավ է խելացի թշնամի ունենաս, քան ապուշ բարեկամ: 15 տարի է՝ գալիս եմ, ամեն անգամ նույն տեղում են ասֆալտ փռում: Ճիշտ ձևով մի տեղ սարքեք, հաջորդ անգամ՝ մի ուրիշ տեղ, գոնե կզարգանա քաղաքը: Նորից փող լվացեք, բայց ոչ ապուշավարի: Ինչո՞ւ եք ժողովրդին ապուշի տեղ դնում:

Երբ ժողովուրդը տեսնում է, որ մի բան չկա, դուրս է գալիս (արտագաղթում է- հեղ.): Եվրոպային այսքան ժամանակ խաբեցին-խաբեցին, գնացին ռուսների մոտ: Մենք էդ բնութագիրն ունե՞նք: Մեկի հետույքը (այլ բառ է օգտագործում- հեղ.) պաչում ենք, մեկին՝… Էդ ի՞նչ է նշանակում…

Ի՞նչ է էս երկրի անունը՝ Հայաստան, նշանակում է հայերի երկիր: Ես էլ եմ հայ: Մեկ-մեկ մարդիկ ապուշ-ապուշ ասում են՝ սրանք (սփյուռքահայերը- հեղ.) ովքե՞ր են, դրսից եկել են՝ քարը քարին չեն դրել: Հա, բայց դուք այդ քարը փչացրիք, մենք գոնե մի փոշի ուզում ենք դնել: Թողեք տեսնենք, թե ինչ կարող ենք անել էս երկրում:

-Տեսնո՞ւմ եք երկիրը կորցնելու վտանգ:

-Անշուշտ: Ես միշտ ուշադիր էի, որ թուրքերը կամ մյուսները չլսեն, թե ինչ է կատարվում մեր մեջ: Բայց հիմա հասել ենք այդ վտանգավոր սահմանին: Եթե ես մեռնեմ, այս երիտասարդների համար պիտի մեռնեմ, այդ «7 համարների» համար պիտի չմեռնեմ: Ինչո՞ւ չեն կարող ինձ միանալ, որովհետև բոլորն էլ նույն կեղտի (այլ բառ է օգտագործում- հեղ.) մեջ են: Ես էլ կեղտ չեմ դառնա, ես ուրիշի հետույքը (այլ բառ- հեղ.) չեմ բացի, ուրիշն ալ իմ հետույքը չի բացի:

Էս սերունդն իր ձայնը հանող մարդու կարիք ունի: Իրենց տաղանդի, իրենց մտքերի համար կյանքս կտամ, լահմաջո սարքողին էլ կտամ, զիբիլ հավաքողին էլ կտամ, որովհետև բոլորս մի ազգ ենք: Երաժիշտը, բժիշկը, վարչապետը կամ պրեզիդենտը չեն մենակ:

-Երբեք այսքան դառնացած ու վիրավորված չեք խոսել:

-Որովհետև դրան հասցրեցին: Իմ փողով սարքած տունն իմ ձեռքից խլեցին: Մենք կեղտոտ միտք ունենք: Սպանում ենք, հետո դրանից հերոս ենք սարքում: Կարծում ես՝ Մոնթեին ադրբեջանցիները սպանեցի՞ն: Մի վայրկյան անգամ էդպես չեմ մտածում: Ժողովրդի սիրած մարդուն միանգամից խփում են, որ իրենց համար ճանապարհ բացվի: Մարդը մարդու թշնամին չի, այս «7 համարներն» են ամեն ինչ սարքում: Պրոբլեմն իրենք են սարքում, հետո էլ էդ նույն պրոբլեմը շտկելու դերասանություն են անում: Այստեղ (սրճարանում- հեղ.) նստածներից 10-ից 7-ը երևի ճանաչում են Արտո Թունչբոյաջյանին, բայց ես Հայաստանում ապրելու մի սենյակ չունեմ (Արտոն Մարտունու Զոլաքար գյուղում ավելի քան 10 տարի առաջ հողատարածք է գնել՝ տուն կառուցելու համար: Նրա բնորոշմամբ՝ «լավ» մարդիկ փող են ուզել տուն կառուցելու համար: Ինքը 17.000 դոլար է տվել, 6-7.000 դոլար էլ ընկերը՝ «Նարեկացի» միության նախագահ Նարեկ Հարթունյանն է տվել, բայց երկուսին էլ խաբել են- հեղ.):

Զզվել եմ արդեն: Երբ գալիս եմ՝ սրա վարձը, նրա վարձը, էս հյուրանոց, էն հյուրանոց, մենակ ե՞ս եմ էստեղ ապուշը, որ ընտանիքս փչացրի, թողեցի, եկա էստեղ, բաժանվեցի կնոջիցս, երեխաներիս թողեցի, թոռնիկիս թողեցի:

Ես մտա «Հայաստանի ձայնը» նախագիծ, բայց վերջն ի՞նչ եղավ. այնտեղ էլ փչացրին, խաղերն առան, իմ ականջով լսեցի վերջին օրը՝ էդ աղջկա պապան էր, ով էր, անունը չասեմ՝ ասաց. «Գործերը լավ արինք, ու աշխատեց»: Ի՞նչ եղավ, որ շահեցին: Շահելով ո՞ւր ենք գնում:

Մտնում ենք զիբիլի մեջ

-Իսկ ո՞ւր ենք գնում:

-Ոչ մի տեղ էլ չենք գնում: Մտնում ենք զիբիլի մեջ: Ո՞նց ես պատկերացնում, որ հեծանիվ քշողն օդաչու դառնա: Հիմա այս ձևով ենք: Երբ Արմեն Սարգսյանի պես մարդը գա, էդ ժամանակ կհասկանանք, թե աշխարհքում որքան տաղանդավոր հայեր կան: Բայց հիմա գան-լցվեն ի՞նչ անեն… Այս կովի դեմքերով մարդկանց գրպանները լցնելու համա՞ր: Ես մարդու դեմ չեմ խոսում: Ես խոսում եմ իրենց գործերի մասին: Ամո՛թ է, ո՞նց պիտի լինի նրանց երեսը:

Ես հարյուր անգամ բեմից էլ եմ ասել՝ ինձ էստեղից կարող եք քշել, բայց գոնե էստեղ ապրող մարդերուն օգնեք: Երաժիշտ կա, որ երազանք ունի գնա Գլենդել, գոնե հարսանիքին նվագի, նորմալ, հանգիստ ապրի: Էդ երաժիշտները գիտե՞ք ովքեր են. կարող են ընդհանուր մեր ազգի գաղափարը ներկայացնեն: Ես միշտ ասել եմ, որ էս երկիրը պետք է դարձնենք արվեստագետների կենտրոն, մեր ազգն էլ՝ մարդկության արև: Բոլորն ասում են՝ հա-հա-հա, ծխել ես, ես էլ ասում եմ՝ հա-հա-հա, դուն ալ ծխի, մարդ դարձիր, ծխելով կամ խմելով մարդ մա՞րդ է դառնում:

-Արտո, լավատեսության հատիկ տեսնո՞ւմ եք այս իրավիճակում:

-Ասում եմ՝ էս մարդերը մի բան չեն կարա անեն: Եթե ուզում են մեր ազգին լավություն անեն, թող սուս-փուս պայուսակները վերցնեն, գնան Մարս, որտեղից վերադառնալ չկա, որովհետև էս ձևով ուրիշ մի կռիվ պիտի լինի: Կրոնը բիզնես դարձրին, Աստված էլ բիզնես դարձրին: Ի՞նչ է՝ մարդը կաթը չի կարողանում քաղաք բերել, բայց եկեղեցի են կառուցում:

-Հնարավո՞ր է, որ այլևս չուզենաք գալ Հայաստան:

-15 տարի ի՞նչ եմ անում, ի՞նչ ես կարծում: Կարծում ես՝ ինձ նման մի ապուշ էլի կգտնվի՞: Ամերիկայում գնում-նվագում ենք, բոլոր մարդկանց բերանները բաց են մնում, հպարտանում են մեզնով, բայց սուտ-սուտ խոսելով՝ գնում են Գլենդել նվագում են, ասում են՝ Ամերիկա ենք գնացել: Ո՞ւմ ես խաբում, արա՛: Դու տեսե՞լ ես հայտնիներից, օրինակ, Մրայա Քերին ասի մի հատ էլ հայկական CD սարքեմ, բայց մերոնք ո~նց են ուզում սարքեն: Ինչո՞ւ, ինչո՞վ են հպարտանում: «Արարատ» ֆուտբոլի թիմը. 70-ականներին էս է եղել, էն է եղել, արա՛, ապո՞ւշ եք, ի՞նչ եք՝ 40 տարի է անցել: Մի նպատակ կամ գաղափար չունեն: Ես հարյուր միլիոն հատ ունեմ, դրա համար եմ էսպես խոսում: Մենակ խոսելու համար չեմ խոսում կամ ռեկլամ անելու համար էդ կովի պես, որ գոռում էր «Հայաստանի ձայն»-ում, սիլիկոնի դաշտ ասեմ, տենց հասկանաս:

Մարդկությանը, բնությանը վնաս չտվող մարդու կողքին եմ

-15 տարիների ընթացքում մեր պետությունը չգնահատե՞ց Ձեզ:

-Ինձ թող, թող ժողովուրդն ուրախ լինի, ինձ ս... արեք, ես միանգամից կերթամ: Գյուղացուն՝ մաս-մաքուր հոգով մարդուն, փչացնում են, ու էդ մարդու մաքրությունը գործածում են իրենց կեղտոտ բանին: Ընտրվել եմ: Ո՞ւմ ես խաբում, արա՛: Մենք մեզ ենք խաբում: Կարծում ես՝ ամերիկացիները չե՞ն հասկանում: Մենք հիմա երկու երես ենք: 4-5 տարի ամերիկացիների ու եվրոպացիների հետ խոսում ենք, վերջին վայրկյանին՝ միանգամից ռուսների հետ: Բառեր կան, որ քեզ չեմ կարող ասել...

Եթե ուշադիր լսես մարդուն, ինչ-որ իր տակը կա, կերևա: Լսող, տեսնող, մտածող մարդն ամեն ինչ էլ կգտնի: Դու ուրիշինը «քոփի» ես անում ու ժողովրդին ապուշ ու ստրուկ ես դարձնում ուրիշի սիստեմի համար, ինչ է թե փող է գալիս:

«Հայաստանի ձայնը» արեցին, շատ լավ, առաջին տարվա համար ok է, բրավո: Հա, բայց մենք չենք կարո՞ղ մտածել մի բան անել, հոլանդացինե՞րն են խելացի, էսքան տղերքը (նկատի ունի երգիչներին- հեղ.) սովորում են ինչի՞ համար: Որովհետև ծաղկակաղամբ ունեն, ծաղկակաղամբ, ուղեղ ունենային, շատ հեշտ կլիներ... Ես իմ ազգի, մարդկության համար լավություն անող, մարդկությանը, բնությանը վնաս չտվող մարդու կողքին եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել