Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ սահմանվում են միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության գործունեության շրջանակներն ու լիազորությունները` ելնելով միջազգային տնտեսական կառույցների, ինչպես նաև ԵՄ-ի հետ ՀՀ տնտեսական համագործակցության շրջանակներում պետական մարմինների գործունեությունը համակարգելու և ներդաշնակեցնելու անհրաժեշտությունից։

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը բոլորովին այլ տիպի և որակի կառույց է, որին լայն լիազորություններ են վերապահված արտաքին ճակատում և լուրջ աշխատանք:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը համակարգում է 1) Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև այլ միջազգային (տարածաշրջանային) տնտեսական կառույցների և միությունների հետ ՀՀ իրավասու պետական մարմինների աշխատանքները տնտեսական ոլորտում, 2) Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ իրավասու մարմինների աշխատանքները, 3) ՀՀ-ի և Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության շրջանակներում ՀՀ իրավասու մարմինների աշխատանքները, 4) Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հետ իրականացվող տնտեսական քաղաքականության ներդաշնակեցմանն ուղղված՝ ՀՀ իրավասու մարմինների աշխատանքները և այլն:

Ելնելով վերոնշյալից՝ կարելի է փաստել, որ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության վրա դրվել է լուրջ պատասխանատվություն` միջազգային տնտեսական կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորների Հայաստանի համագործակցությունը համակարգելու խնդրում:
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը համակարգելու է իր իրավասությանը ենթակա հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները, փաստաթղթերի ստորագրումը, ըստ անհրաժեշտության ներգրավվելու է իր համակարգմանը ենթակա հարցերին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի և այլ մարմինների կազմում:

Ի դեպ, նորաստեղծ նախարարությունը փոխվարչապետի կարգավիճակով ղեկավարում է Վաչե Գաբրիելյանը, ով որևէ սկանդալային միջադեպում չի հիշատակում ու հանրությանը հայտնի է որպես լավ կրթություն ստացած ինտելեկտուալ, զարգացած անձնավորություն, ով բավականին երկար փորձ ունի կառավարման ասպարեզում:

Այսպիսով, նոր նախարարության կազմավորման գործում առանցքային է այն հանգամանքը, որ ինտեգրացիոն գործընթացների և միջազգային տնտեսական կազմակերպությունների դերն օրեցօր մեծանում է, նոր կազմավորված նախարարությունը հնարավորություն կտա ավելի ռացիոնալ և արդյունավետ դարձնել այդ միավորների հետ գործակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել