ԱՄՆ-ը տարածաշրջանում Թուրքիային այլընտրանք է ստեղծում: Իրաքի քրդական տարածաշրջանի փեշմերգայի նախարարության խոսնակը հաստատել է, որ Միացյալ նահանգներն Էրբիլի մոտակայքում ռազմաօդային բազա են ստեղծելու: Հյուսիսային Իրաքում ամերիկյան ռազմաօդային բազայի հարցը մի քանի տարի էր, ինչ շրջանառվում էր, սակայն պաշտոնական որևէ հայտարարություն այդ հարցով չէր եղել: Ակնհայտ էր, որ վերջին տարիների ռազմաքաղաքական գործընթացները, թուրք-ամերիկյան փոխադարձ անվստահության մթնոլորտում գտնվող հարաբերությունները ստիպելու էին ԱՄՆ-ին ի վերջո այլընտրանք գտնել Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազային, որն էական նշանակություն ուներ և հիմա էլ ունի ամերիկյան կողմի համար: Սակայն Էրբիլի ռազմաբազայի հիմնումն էականորեն կնվազեցնի Թուրքիայից այդ հարցում ունեցած կախվածությունն ու կդառնա որպես այլընտրանք: Ի դեպ, հենց նաև Ինջիրլիքի ռազմաբազան է երկար տարիներ Թուրքիայի ձեռքին հանդիսացել որպես կարևոր հաղթաթուղթ՝ ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների, այլ նաև միջազգային ու քաղաքական այլ գործընթացներում: ԱՄՆ-ում հայկական նախագծերի ու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի խափանումն ամերիկյան կառավարության կողմից որոշ դեպքերում պատճառաբանվել է ԱՄՆ-ի համար Թուրքիայի և մասնավորապես՝ Ինջիրլիքի ռազմաբազայի կարևորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել