Հարգելի’ Ստյոպա Սաֆարյան, այն, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան չեն զոհաբերի իրենց ռազմավարական դաշնակից Թուրքիայի շահերը և չեն մասնակցի Երևանում կայանալիք Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, հասկանալի է, բայց ինձ համար անընդունելի է, որ Դուք, լինելով ինտելեկտուալ հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանը համարում եք ռուսագաղութ: Կարո՞ղ եմ վստահ լինել, որ եթե Հայաստանի պետական շահերը Ռուսաստանի փոխարեն համընկնեին ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի շահերին, այդ պարագայում էլ Դուք կհամարեիք, որ Հայաստանն ամերիկագաղութ է, թե՞ ուղղակի, լինելով արևմտամետ հայացքների կրող, ցանկանում եք, որ Հայաստանը, մի կողմ դնելով իր պետական շահերը, որոնք ակնհայտորեն համընկնում են Ռուսաստանի պետական շահերին, համագործակցի Հայաստանի թիվ մեկ դարավոր թշնամու` Թուրքիայի ռազմավարական դաշնակիցներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ: Ճիշտն ասած՝ չեմ հասկանում՝ ինչու եք Դուք վիրավորում (ռուսագաղութ Հայաստան-Ստյոպա Սաֆարյան), և ես ինձ իրավունք եմ վերապահում խորհուրդ տալ Ձեզ չվիրավորել մեր պետությունը: Հայաստանը Ռուսաստանի գաղութը չէ, Հայաստանն ինքնիշխան անկախ պետություն է և իր պետական շահերից ելնելով` կառուցում է իր հարաբերություններն այս կամ այն պետության հետ, տվյալ պարագայում մեր շահերը համընկնում են Ռուսաստանի հետ, և դա է պատճառը, որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել