Աշու՛ն, նվագի՛ր անձրև կոչվող մեղեդին...
Հոգնած ու մուգ գետին, որի մակերեսը վերքի նման միշտ թաց է ու մռայլ:
Ինքնամփոփ ու մահամերձ տերևներ, որ ամիսներ շարունակ կուտակած գույներն են ամփոփում,ապա արևի լափող շողերի ճնշումից` չորանում ու թափվում:
Սառը, պահանջկոտ օդ, որ վայրկյան առ վայրկյան թարմություն է պահանջում ծերացած արևին սնուցելու համար:
Գրկաբաց ու շոյող քամի, ում գգվանքները երբեմն այնքա՜ն ամուր են, որ անկախ քեզանից զգում ես ոսկորներիդ միջև գոյություն ունեցող արանքների չափսերը:
Կլանող ու վառ գույներ, որ դրոշմվում են ոչ միայն աչքերումդ, այլև մաշկիդ տակ ծնված երակներումդ, ուր ամեն գույն գտնում է իր ճանապարհը ու շարժվում դեպի մարմնիդ` իրեն պետք եղած հատվածը:
Թաց պատուհան ու տաք թեյ,.. Ուղղակի հրաշալի համադրություն, հանգիստ ու թեթև վիճակ, իսկ այդ նույն պատուհանին հպվող կաթիլներին հետևելը` գերագույն հաճույք: Կաթիլնեեեեե՜րրր, որ բավական ակնառու կերպով հոգեբանական փոփոխություններ են ծնում. սկզբում սահում են հանդարտ, ապա ավելի ու ավելի արագ, մինչև որ գահավիժելու պրոցեսն ավարտվում է, ապա նոր պայմանների մեջ ընկնելով` լուծվում տիրող մթնոլորտին:
Երբեմն մտածում եմ, որ անձրևին շատ սիրելը գալիս է վերջինիս առաքինության չափազանց կարևոր լինելուց: Այն շատ նուրբ կերպով կուլ է տալիս ժամանակի ընթացքում գոյացած ամեն վատը, երբեմն էլ զայրույթով, բայց խոնարհ կերպով քարշ է տալիս ստեղծված միապաղաղությունն ու թարմ շունչ հաղորդում ծնվող տպավորություններին:
Փորձե՞լ եք զգալ Անձրևի կաթիլներին սեփական մաշկի վրա: Զգալ, թե ինչպես է վստահ ու շեշտակի հպվում մաշկիդ, ջերմությունից թուլանում ու անշնչացած տարածվում` զբաղեցնելով շատ փոքր մակերես: Փոքրիկ , բայց զգաստացնող կաթիլներ, որոնց կտրուկ շարժումներից արձակված նոտաները փաթաթվում են հոգուդ ու սրտիդ նուրբ լարերին ու իրենց խոնավ թաթիկներով մաքրում նյարդերիցդ արձակված քայքայող փոշին: Գլխիցդ անմիջապես դուրս են փախչում հեղձուցիչ մտքերն ու սարսափեցնող պատկերացումները, իսկ առօրյա դեպքերից կուտակված քաոսը նահանջում է: Ներսումդ տիրում է մի անասելի հանգստություն, աննկարագրելի ներդաշնակություն ու անձրևին տրվելու, զգալու, լսելու, ապրելու մեծ ցանկություն:
Ուղղակի պաշտում եմ աշունը, զգում նրան անգամ ամենավերջին շնչով: 

Անի Ավետիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել