Եթե Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի, Եգիպտոսի, մասնակիորեն նաև Սիրիայի նկատմամբ արևմտյան «ազատարար» գործողությունների ժամանակ Ռուսաստանը շատ ավելի կոշտ ու վճռական դիրքորոշում ունենար, այսօր իր սահմանի մոտ՝ Ուկրաինայում, պատերազմ չէր լինի: Արևմտյան ուժերը մտածում էին՝ Ուկրաինայի պարագայում ևս Կրեմլն իրեն հանդուրժող կպահի, ինչպես մյուս պարագայում, բայց դա սխալ մտածողություն է, քանզի Ռուսաստանի համար Ուկրաինան եղբայրական պետություն է, և մյուս կողմից Ռուսաստանը թույլ չի տա (և հիմա դա բոլորս տեսնում ենք), որ որևէ մեկը մտնի իր աշխարհաքաղաքական անվտանգության զոնա: Ինչու՞ են եվրոպական լիդերները շտապում Մոսկվա.
- Արևմուտքը հասկացավ, որ տնտեսական սանկցիաներով Ռուսաստանին ծնկի չես բերի, քանզի ռուսը կարող է, իր անձնական, սոցիալական ամբիցիաները մի կողմ թողելով, հանուն Մայր Ռուսաստանի ուղղակի պայքարել միչև մահ, բացի այդ, պատմությունը ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանին փակում ես ինքն իր ներսում, ավելի ուժեղ ու վտանգավոր է դառնում և, ամենակարևորը, Արևմուտքը սանկցիաներով մի քանի տասնամյակ է՝ Իրանին ու Կուբային չի կարողանում ծնկի բերել...
- Եվրոպացիները սկսեցին հասկանալ, որ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը որքան մոտ է Ռուսաստանին, այդքան մոտ է Եվրոպային, իսկ եթե այդ պատերազմում ռուսական գործոնը հաղթի, ինչն այդպես էլ լինելու է, Եվրոպան ուղղակիորեն ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվելու Ռուսաստանից:
Փաստացի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի շահերն այս հարցում գնալով հեռանալու են, մնում է սպասել՝ արդյո՞ք եվրոպական գործիչների բանականությունն ու «դուխը» կհերիքի դեմ գնալ ԱՄՆ-ին՝ պաշտպանելով սեփական շահերը:
Իրականում համաշխարհային քաղաքական իրավիճակը շատ լուրջ է, և եթե Արևմուտքն իրոք չի ուզում երրորդ համաշխարհային պատերազմ, պետք է հաշվի նստի սեփական անցյալով ու ավանդույթներով ապրել ուզող, ուրույն ապագայի ձգտող, թեկուզ և փոքր կամ իրենցից թույլ, բայց իրենց նման Աստծու կողմից ստեղծված այլ ազգերի կարծիքների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել