Հայրենակիցներ, իսկ հիմա՝ ավելի լուրջ։ Վերջին մեկ ամսում հանկարծակիի եկանք Գյումրիի ողբերգությունից, կտրուկ հակառուսականություն որդեգրեցինք, Բերձորի ամոթալի իրադարձությունից հետո պառակտվեցինք, իմ ու քո սկսեցինք անել, ռազմական ինստիտուտում ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում կուրսեցին համակուրսեցուն դաժանաբար սպանեց, պարբերաբար նորաբնույթ հարձակումների սկսեցինք սահմաններին ենթարկվել, որոնց բանակը փայլուն դիմակայեց, ու անգամ պատժիչ հակաքայլեր արվեցին։ Տխրեցինք սահմանին հերոսաբար զոհվածներով, բայց և հպարտացանք։ 
Շատ խառը զգացողություններով ամիս էր։
Բայց այն, ինչ երեկ եղավ, աննախադեպ էր։ Հակառակորդը գնդակոծեց իր թիկունքի սեփական բնակավայրերը...
Մի քիչ ուրախացանք, մի քիչ ծաղրեցինք, մի քիչ տրամաբանական վերլուծություն արեցինք, թե ինչու դա արեց, ու կարծես հանգստացանք։ Այսօր էլ խոսում ենք, որ համատարած խուճապ է Ադրբեջանում, ու բացի դա՝ ներքին խռովություններ են սկսել...
Չգիտեմ ինչու՝ բոլոր այս իրադարձությունների մեջ միևնույն ձեռագիրն եմ տեսնում... Ինչ-որ բզզոց կա...
Կարծես մեզ շեղում են ինչ-որ սպասվելիք Մեծ ու Հանկարծակի Իրադարձությունից...
Թուրքն իր բնակավայրերը անտեղի չէր գնդակոծի։ Սա հետագա ինչ-որ գործողություն արդարացնելու համար է...
Եկեք ոչ մի վայրկյան այս պահից սկսած չմոռանանք ու հիշենք, որ մենք Հայոց Բանակի Պահեստազորն ենք, այն հիմնական ուժը, որի վրա Սպասվելիք Մեծ Իրադարձության ժամանակ, որպես հիմնասյուն, հենվելու է մեր զավակներից կազմված Հայոց Բանակը։
Արևմտամետ ենք, ռուսամետ ենք, թե Հայրենակենտրոն՝ թշնամու համար բոլորս ՀԱՅ ենք ու հավասար։ 
Ու ԲՈԼՈՐՍ ԻՐԱՐ ՀԵՏ, ուզենք թե չուզենք, պարտավոր կլինենք ԹԵՎ-ԹԻԿՈՒՆՔ ԼԻՆԵԼ ՄԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՊԱՇՏՊԱՆԵԼԻՍ։ Առանց Հայաստանի՝ անգամ ֆիզիկական գոյության պարագայում, լավագույն դեպքում գնչու կլինենք։ Ես չե՛մ պատրաստվում ցիգանիզացիայի ենթարկվել։ Իսկ դու՞։

Հ.Գ. Մի խոսքով՝ ես քեզ, դու ինձ ԱՊԱՎԵ՛Ն։
Ու միշտ զգո՛ն։ Կարծում եմ՝ թշնամին մարտավարական նահանջ է ընդամենն այս պահին անում։ Տեղատվությունից հետո մակընթացություն է ՄԻՇՏ լինում, երբե՛ք այս մասին չմոռանանք։ 
Հիշենք, որ Շահումյանն ու Մարտակերտն ընկան անմիջապես Շուշիի ազատագրումից ու Բերձորյան միջանցքով ՀՀ-ն ու ԼՂՀ-ն միանալուց հետո...

Հ.Հ.Գ. Ի դեպ, Ցեղասպանության 100-ամյակը միայն հիշողություն ու հիշատակի հարգանք չի, այլ առաջին հերթին սեփական կաշվի վրա զգացված Դաս։ 
Սխալներից խուսափելու համար կրկի՛ն սերտենք այն՝ հանուն մեր զավակների ապագայի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել