Երբեմն նայում եմ Ֆեյսբուքում...
Կան աղջիկներ, որ ուզում ես հարցնել՝ էս ո՞նց ես այսքան սիրուն, այ սորտդ շարունակվի:
Կան տղաներ, որ կարծես թե վատը չեն, բայց ուզում ես տեղեկացնել առանց հայհոյանքի խոսելու հնարավորության մասին:
Կան մարդիկ, որ զգում ես՝ այսբերգ են, ցույց են տալիս իրենց էության մի քանի տոկոսը: Մնացածը մութ ջրերում է:
Կան մարդիկ, որ իրենց ներաշխարհի դատարկության դմբդմբոցը ներկայացնում են Քաջ Նազարի երկրաշարժաբեր փռշտոցի տեղ:
Կան տատիկներ ու պապիկներ, որ իրենց անցած կյանքի ամբողջ իմաստությունը գունդ արած՝ սրա-նրա գլխին են տալիս, կապ չունի՝ այդ իմաստությունն ընկալվում է, թե ոչ, հարց տվել են, թե ոչ: 
Կան մարդիկ, որ գրում են գրելու համար:
Գրում են, որ մտքերի առատությունից շունչները չկտրվի:
Գրում են, որ գոնե այստեղ իրենց լսեն:
Գրում են, որովհետև մեծ մասամբ կյանքի վայելքներից միայն ստեղնաշարի վրա թմբկահարելու հնարավորությունն ունեն:
Գրում են, որ ժպիտ ու հանգստություն բերեն:
Գրում են, որ լայքվեն ու լիցքեր հավաքեն:
Գրում են, որ սադրեն ու նյարդեր լարեն:
Գրում են, որովհետև դրա համար վճարվում են:
Կան, որ կարդում են պարապությունից:
Կարդում են թույլ կետդ բռնելու համար:
Կարդում են նոր բան սովորելու համար:
Կարդում են, որ այդպես Չգրեն:
Կարդում են, որ թեմա ունենան հետո երեսիդ նետելու:
Կարդում են, որովհետև դրա համար վճարվում են:
Էլի շատ բաներ կան, ֆեյսբուքն է էլի… 
Անհատակ ջրհոր, որ իրական կյանքից ոչ մի բանով չի տարբերվում: Ցավը ցավ է, ծիծաղը՝ ծիծաղ, ընկերությունն ու դավաճանությունն էլ անբաժանելի` խանդ ու սիրո հորձանուտում:
Հ.Գ.Նշածս կետերից որոշներում, բնականաբար, ես էլ կամ: Բոլոր կետերին հատ-հատ փաստաբանություն կանեմ, ոչ մեկին չնեղացնեք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել