Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ և հանձնարարել է եղածի առթիվ ծառայողական քննություն անցկացնել, իսկ եզրահանգումները զեկուցել նախագահին:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամներն ու նրանց համակիրները նախատեսել էին ավտոերթ Ստեփանակերտում: Ոստիկանները փակել էին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը, մասնավորապես Արցախի մուտքը, որից հետո տեղի ունեցան բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև: Ժիրայր Սեֆիլյանը և հիմնադիր խորհրդարանի մի շարք անդամներ բախումների արդյունքում ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:

Անկախ նրանից, թե Հիմնադիր Խորհրդարանի կազմակերպած ակցիան ինչ նպատակ էր հետապնդում, այնուամենայնիվ, չենք կարող չփաստել, որ վերջիններիս կողմից տարածված տեսաձայնագրություններից ակնհայտ երևում էր, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ էր գործադրում ակցիայի մասնակիցների նկատմամբ: 
Ինչ վերաբերվում է Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների կողմից կազմակերպված ավտոերթի նպատականերին, կարծում եմ, դրանք դեռ կքննարկվեն:

Ինչ խոսք, տեղի ունեցածից հետո տարբեր կարծիքներ ու վարկածներ էին հնչում կատարվածի վերաբերյալ և սոց կայքերում և հասարակության տարբեր շերտերում: Այն թեժ քննարկումների առիթ է այսօր դարձել: 
Տեղի ունենցածը գնահատվում էր որպես սադրանք, շատերը քաղաքական ենթատեքստեր էին տեսնում և այլն և այլն: 
Ինչևիցե, վերադառնանք բուն թեմային: Կարծում եմ՝ ԼՂՀ Նախագահի հանձնարարությունն անհրաժեշտ քայլ էր:
Բակո Սահակյանի այս քայլից հետո պարզ կդառնա, թե հունվարի 31-ին տեղի ունեցածի հիմքում ինչ էր ընկած և վերջապես կհասկանանք, թե եղածը սադրանքի՞ հետևանք էր, ոստիկանության ոչ պրոֆեսիոնալի՞զմ էր, թե՞ ակտիվիստներին ծեծելու և մեքենաներ կոտրելու ետևում կոնկրետ քաղաքական միտումներ են քողարկված:

Կարծում եմ՝ պետք է սպասել, որպեսզի ստանանք առկա հարցերի բոլոր պատասխանները: Ծառայողական քննության ավարտից հետո նոր հնարավոր կլինի անդրադառնալ Հիմնադիր խորհրդարանի կողմից կազմակերված ակցիայի նպատակներին, հետևանքներին, ինչպես նաև նախաձեռնության բովանդակային մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել