Շատերն են անդրադարձել Բերձորի դեպքերին: Ոմանք արդարացնում են ավտոերթ կազմակերպելը, ոմանք` դատապարտում, ոմանք արդարացնում են ոստիկանության գործողությունները, ոմանք` դատապարտում: Հիմա ուզում եմ խոսել մի փոքր դեպքի առանձին դրվագի մասով: Եղելության մասին ամեն մեկն ունի իր տեսակետը, որը հարգում եմ, բայց, մեղմ ասած, չեմ հարգում հայաստանցի կամ ղարաբաղցի բաժանումը, թեկուզ հայաստանցի-ղարաբաղցի ոստիկան բաժանումը: Մենք մի երկիր ենք, բայց հռչակված երկու պետություն, իսկ երկրի մնացյալ մասը զավթված է օտար ազգերի կողմից: Հայաստանի դեպքում կա երկու հռչակված հայկական պետություն` հայապահպան տարածքում երկու հռչակված հայկական պետություն` ՀՀ և ԼՂՀ: Անկախ մեր կամքից կամ ցանկություններից՝ կա երկու պետություն: Հիմա վատ և սխալ եմ համարում, որ դիտավորյալ շեշտում են՝ ղարաբաղցի ոստիկանները ծեծեցին հայաստանցիներին: Մի ասեք այդ ձևով։ Կկործանի բոլորիս: Եթե թողնենք հարցի իրավական կողմը, ապա բարոյական հարթության վրա ինձ համար ցավալի և դատապարտելի է, որ հայ ոստիկանները ծեծել են հայ քաղաքացիական անձանց` հայը ծեծել է հայի: Երբ Երևանում ոստիկաններից ոմանք` երևանցի, թե մարզերից եկած, լավամարդ երևալու համար գերազանցում են իրենց լիազորությունները, ծեծում են երևանցի կամ մարզերից եկած ցուցարարին, ոչ ոք չի խորանում ոստիկանի որ շրջանում կամ բնակավայրում ծնված լինելու հանգամանքի մեջ։ Ուղղակի ասում են, որ ոստիկանության աշխատակիցները կամ աշխատակիցը գերազանցել է լիազորությունները և ծեծել ցուցարարին կամ ցուցարարներին: Իհարկե, խոսքս բոլոր ոստիկանների մասին չէ, այլ շեֆերին արջի ծառայություն մատուցողներին: Մի տեղայնացրեք. անկախ ծնվելու վայրից, անկախ ՀՀ թե ԼՂՀ ոստիկանության աշխատակից լինելուց՝ հայ ոստիկանների մեջ կան նմանները: Բերձորի կադրերի պես և ավելի գազանաբար կադրեր տեսել ենք և Երևանից, գետնին ոստիկանի գցած եռագույն տեսել ենք և Երևանից, անհարկի մեքենա ջարդող ոստիկան տեսել ենք և Երևանից: Հայ ոստիկանների մեջ լավ ու բարեխիղճ, վատ ու ենիչերաբարո կան բոլոր տեղերում: Ընդհանրապես մարդու լավ ու վատ տեսակ կա ամենուր`անկախ ծնվելու վայրից, ազգությունից և մասնագիտությունից: Հ.Գ. Կոնկրետացնելու համար ասեմ, որ կողմնակից եմ Հայկական Բարձրավանդակի վրա ՀՀ տեսնելու, իսկ Արցախի՝ ՀՀ կազմ մտնելը պետք է սկիզբը լինի: Միանգամից, թե անկախ հռչակել, ապա նոր նույն ճանապարհն ընտրել, իսկ մեզ մնում է՝ ուրիշների աչքին փչած թոզից ինքներս չպառակտվենք ու չթշնամանանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել