Երկիրը. Հարավային Կորեա

Թողարկման տարին. 2004

Տևողությունը. 140 րոպե

Ռեժիսոր. Չժե-գյու Կենգ

Դերերում. Չան Դոն Գոն, Բին Վոն, Յուն-չու Լի, Խեն-չժին Կոնգ, Յոն-ռան Լի, ԿիլճԿանգ Ան, Ջո Կապպելլետտի, Մին-Սիկ Չոի, Դ.Ս. Դուգլաս

Պատերազմի մասին կարելի է նկարել ֆիլմեր, որտեղ կա հստակ ուրվագծված «Բարի» կողմ ու «Չար» կողմ։ Այդ ամենը կարելի է համեմել գեղեցիկ ու հագեցած մարտական տեսարաններով։ Կարելի է նկարել պատերազմը գովերգող ու դրա մասնակիցներին հերոսացնող ֆիլմեր կամ էլ, ընդհակառակը, պատերազմի անհրապույր դեմքն ու դրա դաժանությունները ցուցադրող ֆիլմեր։ Սակայն լինում են նաև պատերազմական ֆիլմեր, որոնցում փորձ է արվում պատերազմը ներկայացնել զուտ որպես ֆոն, որի պրիզմայից ավելի ինքնատիպ են երևում մարդկային պատմություններ ու ճակատագրեր, ամենատարբեր խնդիրներ, որոնք կարող են ունենալ ինչպես անձնական, այնպես էլ համամարդկային նշանակություն։

Կանգ Չե-Գյոյի այս աշխատանքը հենց վերոնշյալների սինթեզն է իրենից ներկայացնում։ Այս ֆիլմը միանշանակ շատ լուրջ պատմավավերագրական դրամա է՝ Կորեական պատերազմի մասին, որն առանձնանում է ամենաորակյալ վիզուալիզացիայով ու ինքնատիպ հայացքով՝ այս արյունահեղ ու անավարտ պատերազմին։ Ռեժիսորը կարողացել է զարմանալիորեն հաջող ու ներդաշնակ համատեղել իր կինոնկարում ընտանեկան դրաման, էքշնը, պատմական էքսկուրսն ու անգամ քաղաքական քարոզչությունը։ Ըստ իս, ֆիլմը հնարավորինս հագեցած ներկայացրել է քաղաքացիական պատերազմի ահասարսուռ ու եղբայրասպան բնույթը ու դրանում ներգրավված անհատների անզորությունը՝ ընդհանուր պրոցեսների վրա ներազդելու առումով։

Սա ֆիլմ է մի պատերազմի մասին, որտեղ ոչինչ չես կարող գրավել, քանի որ ամեն ինչ քոնն է, որտեղ դու չունես թշնամի, որովհետև թշնամիդ քեզ պես պատերազմի քշված մեկն է, ու չունես դաշնակից, որովհետև նույնիսկ ամենահարազատ մարդը պատերազմի քմահաճույքով կարող է հայտնվել հակառակորդի խրամատում։ Սա ֆիլմ է մի պատերազմի մասին, որտեղ հերոսները մարտնչում են իրենք իրենց դեմ։

Ֆիլմի սյուժեում ընկած է երկու հարազատ եղբայրների ողբերգական ու հուզիչ պատմություն, որի ողջ ընթացքում նրանք փորձում են փրկել միմյանց, ու նրանք թքած ունեն հարցի ռազմական ու քաղաքական կողմի վրա։ Ռեժիսորը չի փորձում ճիշտ ու սխալ կողմեր գտնել, նրան ֆիլմում հետաքրքրում է միայն Մարդը, բայց միևնույն ժամանակ, այս բարդ էկզիստենցիալ դեգերումներին զուգահեռ մենք տեսնում ենք արյուն, պոկված վերջույթներ ու մահ, չէ՞ որ ֆիլմը պատերազմի մասին է։

Սա բավականին ծանր ֆիլմ է, ու այն բարդ է մարսելը, ինչպես բարդ է մարսել ցանկացած ֆիլմ, որը հոգիդ է մտխլում, բայց ֆիլմը միանշանակ հզոր է ու, անկասկած, պետք է գոնե մեկ անգամ դիտել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել