a201308308Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվեց Սուսաննա Թ.-ի գործի դատական քննությունը:

30-ամյա Սուսաննան մեղադրվում է այն բանի համար, որ ոգելից խմիչք օգտագործած վիճակում «Վեյվ» կարաոկե ակումբում կատարել է խուլիգանություն՝ իր գործողությունները զուգորդելով ակումբի մենեջեր Սոնա Փ.-ի և ակումբի հաճախորդ Անժելա Տ.-ի նկատմամբ բռնության գործադրմամբ:

Սուսաննային մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 28-ի լույս 29-ի գիշերը:

Դատական նիստը սկսվեց ամբաստանյալի միջնորդությունից. Սուսաննան իրեն լիովին մեղավոր ճանաչեց ու միջնորդեց, որ գործը քննվի արագացված կարգով:

Դատավորի հարցին ամբաստանյալը պատասխանեց, թե խորհրդակցել է պաշտպանի հետ, հասկանում է արագացված դատաքննության հետևանքները ու ցանկանում է, որ իր գործը քննվի հենց արագացված կարգով:

Չնայած մեղադրող դատախազը և գործով տուժող Անժելան չառարկեցին գործի արագացված դատաքննության կարգի դեմ, բայց նախագահող դատավորը հարցեր տվեց ամբաստանյալին՝ համոզվելու համար՝ իրո՞ք ամբաստանյալը հասկանում է՝ ինչ ասել է՝ արագացված դատական քննության կարգ:

Ամբաստանյալը դասը չիմացող աշակերտի պես անվարժ ընթերցեց արագացված կարգի հետևանքները, բայց դրանք իր բառերով վերաշարադրել չկարողացավ:

Ի վերջո, պարզվեց, որ ամբաստանյալը ցանկանում է արագացված դատական քննության կարգով քննվի իր գործը, քանի որ արդեն հոգնել է գործի քննությունից, իր խնամքին ունի 7 տարեկան անչափահաս երեխա, անգամ երեխային հարկ եղած ուշադրությունը չի կարողանում տրամադրել՝ այս գործի քննության պատճառով: Ամբաստանյալն ասաց, թե լարված հոգեվիճակի մեջ է, ցանկանում է շուտ ազատվել այս գործից: «Շուտ դատվեմ-պրծնեմ… Ես ի վիճակի եմ տուգանքը մուծել, կմուծեմ, խնդիր չկա, հասկանում եմ, որ սխալ արարք եմ կատարել»,- դատարանի հարցին ի պատասխան ասաց Սուսաննան:

Նախագահողը Սուսաննային բացատրեց, որ խուլիգանության հոդվածի՝ նրան մեղսագրվող մասով կարող է սահմանվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ից 300-ապատիկի չափով կամ կալանք՝ 1-ից մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով: Այսինքն, դատարանը արագացված դատական կարգի կիրառման դեպքում կարող է նշանակել նաև, ասենք, 16 ամիս ազատազրկում՝ առավելագույն պատժի երկու երրորդը չգերազանցող պատիժ:

Աշակերտի նման հարցման ենթարկվող ու կմկմալով պատասխաններ տվող ամբաստանյալը չկարողացավ դատարանին համոզել, որ հասկանում է արագացված դատաքննության հետևանքները, մանավանդ, երբ նախագահողը հիշատակեց ազատազրկման ձևով պատժի նշանակման հնարավորության մասին:

Ամբաստանյալն ասաց, թե Գեղարքունիքի մարզում ավարտել է ութերորդ դասարանը, ապա վարսավիրություն է սովորել:

Նա իրավաբանությունից հեռու էր, ճիշտ է, բայց նաև իր բառերով չէր կարողանում բացատրել, թե ինչ է հասկանում «արագացված դատաքննություն» ասելով:

Դատարանը, հաշվի առնելով, որ ամբաստանյալն իրականում չի հասկանում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ դատաքննության արագացված կարգը, իրեն մեղավոր է ճանաչում պարզապես գլուխը դատուդատաստանից շուտ ազատելու համար, մերժեց ամբաստանյալի միջնորդությունը և անցավ սովորական դատական քննության կարգի:

Նման իրավիճակի հազվադեպ կարելի է հանդիպել դատարանում: Հիմնականում դատավորներն էլ են ձգտում շուտ ավարտել այս կամ այն գործի քննությունը: Եվ ամբաստանյալի միջնորդությունը, մեղադրողի ու տուժող կողմի համաձայնությունը լիովին բավական են լինում, որ դատարանը, առանց «նրբությունների» մեջ խորամուխ լինելու՝ անցնի արագացված դատական քննության:

Տվյալ դեպքում դատարանի որոշման իրավացիությունն ապացուցվեց անմիջապես, քանի որ ամբաստանյալը սովորական դատաքննության կարգի անցնելուց անմիջապես հետո իրեն այլևս մեղավոր չճանաչեց, նա ասաց, թե իր վեճը եղել է միայն տուժող Անժելայի հետ, երկու հոգու անձնական վեճը չի կարող դիտվել որպես խուլիգանություն: Ինքը դիտավորություն չի ունեցել խաթարելու հանրության անդորրը, խանգարելու կարաոկե ակումբի բնականոն գործունեությունը ու ակումբի հաճախորդների հանգիստը:

Դատարանը, լսելով կողմերի կարծիքները, որոշեց հարցաքննել տուժողին, վկաներին, ուսումնասիրել գործում եղած փաստաթղթերն ու գրավոր ապացույցները, հարցաքննել հիմա արդեն մեղքը չընդունող ամբաստանյալին:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել ու հարցաքննել դատակոչի ցուցակից դուրս մնացած այլ վկաների, ովքեր ականատես են եղել միջադեպին, հարցաքննվել են նախաքննության ընթացքում:

Դատարանը որոշեց պաշտպանի միջնորդության լուծումը հետաձգել, դրան անդրադառնալ գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումից հետո:

Նախ հարցաքննվեց տուժող Անժելան:

Տուժողն ու ամբաստանյալը մինչև դեպքը միմյանց չեն ճանաչել:

2014 թվականի մարտի 28-ի լույս 29-ի գիշերը նրանք տարբեր ընկերախմբերով այցելել են Երևանի Խանջյան փողոցում գտնվող «Վեյվ» կարաոկե ակումբ՝ զվարճանալու:

Տուժողը ակումբ է գնացել չորս ընկերուհիների ու ընկերուհիներից մեկի անչափահաս՝ 16 տարեկան եղբոր հետ:

Ամբաստանյալը ակումբ է գնացել սիրիական բարում երեկոն անցկացնելուց, ընկերներից մեկի ծննդյան օրվա խնջույքից հետո: Նրանց ընկերախմբում եղել են չորս տղաներ, այդ թվում՝ սիրահայեր, ու երեք աղջիկ:

Վիճաբանությունը սկսվել է պարահրապարակում, երբ նեղլիկ սրահում պարող Սուսաննան դիպել է պարող Անժելային: Վերջինս դիտողություն է արել Սուսաննային. «Հեռու գնա, մի կպի…»: Սուսաննան նույնիսկ ներողություն է խնդրել:

Բայց Անժելային երկրորդ անգամ դիպել է Սուսաննայի հետ պարող երիտասարդը:

Ըստ Անժելայի՝ դա սովորական, անմեղ դիպչել չէր՝ ասենք՝ թևին: «Դա ուրիշ ձևի դիպչել էր… Նման ձև պատահական չեն դիպչում… Ես մի քիչ կոպիտ եմ, չեմ սիրում, երբ ինձ տենց կպնում են»,- պնդեց Անժելան:

Նա շրջվել ու բարկացած հրել է Սուսաննային: Սուսաննան էլ, որ գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում, ասել է. «Հա, ի՞նչ»:

Երկու աղջիկները միայն փոխադարձ հրմշտոցով չեն հանգստացել:

Անժելայի ասելով՝ Սուսաննան մոտեցել է նրանց սեղանին ու, ըստ երևույթին, ցանկացել է հարվածել իրեն: Բայց հարվածը դիպել է կարաոկե ակումբի մենեջեր Սոնային, ով հարվածն իր վրա է ընդունել՝ ակումբի հաճախորդին պաշտպանելով, կռիվը դադարեցնելու փորձ անելով:

Սուսաննայի հարվածից մենեջեր Սոնան վայր է ընկել:

Մոտեցել են ակումբի անվտանգության աշխատողը, այլ մարդիկ: Սուսաննայի խմբին դուրս են հանել պարասրահից:

Միջանցքում շարունակվել է վիճաբանությունը: Այս ամբողջ ժամանակ չի դադարել բարձր երաժշտությունը…

Անժելան ցանկացել է իր խմբով դուրս գալ ակումբից ու տուն գնալ:

Երբ նա մտել է նախասրահ, տեսել է, որ Սուսաննայի խմբի տղաներից մեկի քթից արյուն է գալիս:

Սուսաննան, տեսնելով Անժելային, մատով նրան ցույց է տվել ու ասել՝ դո՞ւ էիր, այսինքն՝ դո՞ւ էիր այս ամենի պատճառը:

Ըստ Անժելայի՝ այդ հարցը տալուց հետո Սուսաննան հարվածել է իր շրթունքին ու սեռական հայհոյանք է տվել իր մոր հասցեին:

Ինքը ձեռքերով պահել է Սուսաննային, երևի հրել է, որ նա իրեն չհարվածի: Հնարավոր է, որ Սուսաննան այդ ժամանակ «սոթ տված ու ընկած լինի», ինքը նրա մազերից չի քաշել, չի հարվածել:

Անժելան ընդունում է, որ Սուսաննայի հայհոյանքից հետո նույնպես հայհոյել է, այսինքն՝ ասել է. «Ինչ ասում ես՝ մորդ կպնի»:

Ըստ Անժելայի՝ Սուսաննայի հարվածից իր շրթունքը վնասվել է, արյուն է եկել, ինքը լաց է եղել:

Քիչ անց եկել են ոստիկանության աշխատողները ու կռվողներին բերման են ենթարկել ոստիկանություն:

Անժելան պնդեց, թե ինքը դեպքի պահին խմած չի եղել: «Մի տասը գրամ կում էի արել… Ես ակտիվ չեմ պարել, կանգնած տեղում պարային շարժումներ եմ արել, տեղը շատ փոքր էր…»:

Անժելան հայտնեց, որ սրահից դուրս բերվելու ժամանակ Սուսաննան ու նրա խումբը դժգոհել են. «Խի՞ իրանց էլ չեք հանում»:

Տուժողը նշեց, որ իր կարծիքով՝ Սուսաննայի վեճն ու գործողությունները ուղղված էին իր, ոչ թե ակումբի աշխատողների կամ հաճախորդների դեմ:

Ամբաստանյալին տուժողը որևէ պահանջ չներկայացրեց, ասաց, թե բողոք չունի:

Հարցաքննվեցին նաև դատարան ներկայացած վկաները՝ տուժողի ընկերուհին, ամբաստանյալի քույրը և կարաոկե ակումբի անվտանգության աշխատողը:

Վերջինս ասաց, թե ինքը պարասրահ է մտել այն ժամանակ, երբ վիճաբանողները «կծիկ էին դարձել»: Ինքը «քանդել է» աղջիկների այդ «կծիկը» ու սրահից դուրս է բերել ամենաակտիվներին:

Անվտանգության աշխատողն ասաց, թե կարաոկե ակումբ թույլ չեն տալիս տղաների խմբերի, տղաները անպայման պիտի աղջիկների հետ լինեն:

Բայց տվյալ դեպքում հենց աղջիկներն են վիճաբանության մեջ մտել, ու տղաները դժվարացել են նրանց հանգստացնել… Օ, ժամանակներ….

Կողմերի հարցերին պատասխանելով՝ վկաներն ասացին, թե իրենց կարծիքով՝ ամբաստանյալը վիճել է տուժողի՛ հետ, ակումբի աշխատանքը խաթարել, հաճախորդների հանգիստը խանգարել նա, երևի, չի ցանկացել…

Բայց աղջիկների տաքարյուն վեճը վերածվել է հայհոյանքների ու բռնության գործադրման…

Դատարանը որոշեց բացակայող վկաներին մեկ անգամ ևս ծանուցել:

Հաջորդ նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել