Անցած աշնանը, գործուղումներից մեկից հետո, տուն գալիս, մի տոպրակ թողեցի տաքսու մեջ: Հետո, տանը նկատեցի, որ կոսմետիկայի պարագաների պայուսակն էլ է մեջ եղել: Բարեբախտաբար (չէ, ալարելուց)) ամբողջը հետս չէի պտտում, այնպես որ տանը մնացածով նորմալ, յոլա էի գնում:
Մի օր պիտի մազի ներկ առնեի: Դե ամեն երեկո դուրս եմ գալիս քայլելու, այդ օրը որոշեցի մի ժամ շուտ դուրս գալ խանութ, մի քանի կոսմետիկ պարագա էլ առնել, նոր անցնել մարզվելու: Բնականաբար հագել եմ բոթասներ, հասարակ, հարմարավետ ջինսե շալվար ու կուրտկա: Մի խոսքով, բոլորովի գլամուրային չէր տեսքս: Մտա մոտակա մի «բրենդային» խանութ, որը գովել էին որպես լավ սպասարկում և որակյալ տեսականի ունեցող: Մի աղջիկ մոտեցավ, հետաքրքրվեց, թե ինչով կարող է օգնել: Ժամանակ չկորցնելու համար, արագ ասացի, որ ինձ այս ֆիրմայի այսինչը, այն երանգի այնինչն է պետք: Սա նայում է ինձ, տարակուսում: Ես մոտեցել եմ արդեն ծանոթ ֆիրմայի ցուցափեղկին, նայում եմ, որն ընտրեմ: Մեկ էլ սա եկել է.
-Եկեք այս կողմ, այստեղ նույնից կա, ավելի մատչելի գներով:
Զարմացա, ասում եմ.
-Բայց ինձ սա է պետք, ես զգայուն մաշկ ունեմ: 
-Հա, սա էլ է լավը, հակաալերգիկ է: 
Մոտեցա` տեսնեմ իմ ընտրած 8.000-նոց ապրանքի փոխարեն առաջարկում է 1.200 դրամանոցը, որն իմ ուզած երանգի էլ չէր: Շունչ քաշեցի, բան չասացի, վերցրի իմ ուզածը, անցա առաջ: Էլի ես գնում եմ իմ իմացած կողմը, սա գալիս` քաշում է ավելի էժանի կողմը: Արդեն սկսեցի նյարդայնանալ: Մանավանդ, որ սա պարբերաբար նայում էր մյուս աշխատակիցների կողմն ու ժպիտը խեղդում: Դրանից հետո, առանց իրեն հարցնելու, ուղղակի վերցրի մի երկու անհրաժեշտ բան, չարաբաստիկ ներկն ու դուրս եկա: Հենց այնպես դուրս չեկա, կարող էի մանր փողով վճարել, բայց դիտմամբ հանեցի մեծ թղթադրամ ու ձայնիս հանդարտ տոն հաղորդած հարցրի`
-Սրա մանրը կունենա՞ք:
Իրար երեսի նայեցին, ստացան գումարը: Դուրս գալիս շրջվեցի, ժպտացի, բայց ներսից այրվում էի:
Հաջորդ օրը հյուր էի գնալու: Պարզ է, որ տեսքս տեղն էր, պատշաճ շպարն ու բուրմունքն ապահովված էր: Տուն գալիս նորից մտա այդ խանութը: Երեք աշխատակցուհին էլ ժպիտով տեղներից վեր կացան: Մոտեցա գանձապահին.
-Այստեղ մի զույգ ականջօղ կա, որը ես պիտի տանեմ:
(Նախորդ օրն աչքովս էր ընկել, բայց որ նյարդայնացած էի, մոռացել էի գնել, հիմա առիթ ունեի 
Աղջիկը շշմած նայում է, բան չի հասկանում.
-Ո՞նց պիտի տանեք:
-Գնելու եմ բալիկ ջան, այ սա՛, ի՞նչ արժի:
Մեկ էլ կարծես սառը ջուր լցվեց գլխին:
-Վայ, այդ Դուք ե՞ք, չճանաչեցի Ձեզ առաջին հայացքից: Հրաշալի տեսք ունեք:
-Ես եմ բալիկ ջան, ես եմ: Վերջին անգամ եմ մտնում այս խանութ: Վերցրեք գումարը, լավ մնացեք և երբեք չմտածեք, որ հասարակ հագնված կինն արժանի է ձեր քմծիծաղներին ու ավելի էժան ապրանքի:
-Վայ, ներեցեք, մեզ սխալ եք հասկացել, եթե անգամ ծիծաղել ենք, դա կապ չի ունեցել Ձեզ հետ: Ներեք մեզ:
-Իսկապե՞ս, այդ դեպքում հիշեք, որ եթե այցելու ունեք, պետք է պահեք ձեզ այնպես, որ նա իրեն վատ չզգա:
Բան չունեի այլևս ասելու, հիմա առանց ժպիտի, ուղղակի դուրս եկա: 
Դրանից հետո այդ աղջկան մի երկու անգամ տեսել եմ, բարևում է, կարմրում ու արագ անցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել