Ժամեր առաջ Կառավարության կողմից շարժ նկատվեց` «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխության հետ կապված: 
Գործադիրը քննարկումների արդյունքում որոշել է, որ օրենքը լրամշակման կարիք ունի, և պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգել է մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:

Տոնավաճառի ներկայացուցիչների ու շահագրգիռ կողմերի միջև կայացած քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ օրենքում առկա են այդ թերացումները, ինչի արդյունքում այն հետաձգվեց, մինչև ամբողջական տեսքի կբերվի:
Ապրանքներ ձեռք բերելը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա:
Միաժամանակ գործադիրը որոշել է այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որով մինչև 58 մլն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ:
Նշենք, որ նախագիծը հրատապ ռեժիմով ուղարկվել է ԱԺ, փաստորեն գործադիրը համաձայնել է, որ օրենքում առկա են թերացումներ, ասել է թե` առևտրականների պահանջատիրական խոսքում ճշմարտացիություններ կային:
Ամեն դեպքում, պետք է արձանագրել, որ եթե օրենքից դժգոհ առևտրականներն առաջին իսկ օրը համաձայնություն տային հանդիպման, ապա այսքան թեման չէր ձգձգվի: Մյուս կողմից հասկանալի է, որ կային ուժեր, որոնց ձեռնտու էին իրավիճակի սրացումները:

Ֆիննախը հասարակության լայն շրջանակներին առնչվող օրենքներ մշակելու հարցում պետք է զգուշություն դրսևորի, թե չէ ամեն անգամ ֆիննախը ներկայացնող պաշտոնյաները չափից ավելի վստահ (երբեմն չհիմնավորված) մեկնաբանություններ են անում, իսկ դրանից հետո բառիս բուն իմաստով «մնում այդ արտահայտությունների տակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել