Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Գործադիրը քննարկել և հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Վարչապետը տեղեկացրել է, որ այսօր ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը:

Հովիկ Աբրահամյանն ասել է. «Միաժամանակ, քննարկումների արդյունքում որոշվեց այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն 350 հազար դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»:

Նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչև փետրվարի 1-ը, հետաձգել մինչև հուլիսի 1-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել