Երկիրը. ԱՄՆ

Թողարկման տարին. 2001

Տևողությունը. 115 րոպե

Ռեժիսոր. Փեթ Օ՛Կոննոր

Դերերում. Քիանու Ռիվզ, Շարլիզ Թերոն, Ջեյսոն Այզեքս, Գրեգ Ջեման, Լիամ Էյքեն, Ռոբերտ Ջոյ, Լորեն Գրեմ, Մայքլ Ռոզենբաում, Ջեյսոն Կրավից

Ֆիլմ, որն անտարբեր չի թողնի և ոչ ոքի։ Ասել, որ սա լավ մելոդրամա է, կնշանակի չասել ոչինչ։ Սա հավանաբար բոլոր ժամանակների լավագույն մելոդրաման է, որն այնքան ներդաշնակ ու գեղեցիկ սյուժե ունի, որ ստիպում է դիտողին ամբողջովին կլանվել դրա մեջ ու զգալ էմոցիոնալ այն ապրումները, որ զգում են ֆիլմի հերոսները։ Ու չնայած նրան, որ այս ֆիլմն անսահման տխուր է, այն նաև անսահման գեղեցիկ է և ստիպում է նորից ու նորից դիտել և վերադիտել այն։

Ֆիլմի գլխավոր հերոսն իսկական աշխատամոլ Նելսոն Մոսսն է (Քիանու Ռիվզ), ով կարծես ապրում է հանուն աշխատանքի ու կարիերայի, բայց մի օր նա հանդիպում է էքսցենտրիկ գեղեցկուհի Սառային (Շարլիզ Թերոն), ով առաջարկում է մեկ ամիս մի տանիքի տակ ապրել, ասես սիրահար զույգեր։ Այդ պահից հերոսների սիրավեպը սկսվում է զարգանալ կայծակնային արագությամբ, ու երկուսի համար էլ անսպասելի կերպով նրանք հայտնաբերում են, որ խելագարության աստիճան սիրում են իրար, և նրանց չի կարող բաժանել ոչինչ... ոչինչ՝ բացի ճակատագրի չար հեգնանքից։

Ֆիլմի գլխավոր հերոսների դերասանական խաղը պարզապես շլացուցիչ է, ու պետք է խոստովանեմ, որ մինչ օրս էլ տարօրինակ զգացողություն եմ ունենում այն փաստի գիտակցումից, որ Շարլիզ Թերոնն ու Քիանու Ռիվզն իրական կյանքում զույգ չեն, որովհետև էկրանի վրա մարմնավորած նրանց հարաբերությունները հավանաբար ամենագեղեցիկներից մեկն են կինոինդուստրիայի պատմության մեջ։ Առանձին գովասանքի է արժանի ֆիլմի երաժշտական երանգավորումը, որն այնքան ներդաշնակ է, որ դժվար է առանց դրա այս ֆիլմը պատկերացնել ու առանց այս ֆիլմի՝ այդ երգերն ու մեղեդիները։ Պետք է խոստովանեմ, որ հենց այս ֆիլմից հետո ես դարձա Enya-ի երկրպագու։

Եվ այսպես, առաջարկում եմ Ձեզ նշել Սուրբ Սարգիսը՝ դիտելով այս ֆիլմը, որը հեռու է երջանիկ հեքիաթ լինելուց, բայց իդեալապես ընդգծում է, թե ինչ գեղեցիկ ու մաքուր բան է սերը և ստիպում վերաիմաստավորել մեր կյանքը՝ ավելի գնահատելով ամեն վայրկյանը, որ մենք ունենում ենք մեր սիրելիների հետ։ Դուք չեք կարող դիտել այս ֆիլմն առանց արցունքների, ու Ձեր հոգեկան աշխարհը կհեղափոխվի, եթե առաջին անգամ եք դիտելու այն, բայց նույնիսկ նրանք, ովքեր արդեն դիտել են այն, չեն կարողանա անտարբեր մնալ։

Բարի դիտում :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել