Երբ դիվերսիան իրականացնում է թշնամի պետությունը սահմանին, ակնհայտ են նրա դրդապատճառներն և նպատակները: Խնդիրը բարդ է, երբ միացնում ես հեռուստացույցը կամ ռադիոն, ու լսվում է մոլլայի աղոթքի կոչ հիշեցնող երգ-երաժշտություն: Հատկանշական է, որ վերջերս եթեր լցնելու համար հեռուստաընկերությունները չեն վարանում ռեստորանային ռաբիզ երգչների մի ամբողջ համերգ հեռարձակել: Իսկ ռադիոհաճախականություններից մեկն ընդհանրապես իրեն նվիրել է վերը ներկայացված ժանրի էլ ավելի ակտիվ պրոպագանդման սուրբ և հայրենանվեր գործին: Եթե հիշում եք, ոչ վաղ անցյալում նմանատիպ երաժշտության սիրահարներ էլի կային, սակայն կար գծված սահմանագիծ ռեստորանի և մասսայական լրատվամիջոցների/միջոցառումների միջև: Երբ այդ սահմանագիծը գիտակցաբար վերացվեց, ռաբիզը կուլ տվեց նաև այն երգիչներին, որոնց համար այդ ժանրը մինչ այդ հանդիսանում էր ոչ պատվաբեր:

Հեռուստաեթերում ռոտացիայի համար այլևս պետք չէ ճաշակ, տաղանդ, ասելիք: Պետք է միայն փող վճարել ռոտացիայի համար և օկուպացնել եթերը: Եվ այդպես ողջ օրը եթերով պրոպագանդվում է աղբ, որն այս դոզայով չի կարող չազդել հասարակության լայն զանգվածների ճաշակի, աշխարհընկալման, ապրելակերպի վրա: Այդ տեսահոլովակները և առկա հեռուստասերիալները լավագույնը հասարակության զգալի շերտերի մեջ կարող են սերմանել սեր և թախիծ չալաղաջի ու քյաբաբի նկատմամբ, ափսոսանք հարուստի տղա/աղջիկ կամ սիրեցյալ չլինելու պատճառով (և սիրուն կյանք չունենալու պատճառով), հավատանք, որ կիրթ և զարգացած մարդ լինելն ամենևին պարտադիր պայման չէ հաջողակ, հարգված և պահանջված լինելու համար: Մի խոսքով, նպաստում է ցածր ՕԳԳ ունեցող, կրկնօրինակող և ոչ թե արարող, չըմբոստացող, դեմոտիվացված շերտի ընդլայնմանը (ինչը հոգեհարազատ և ընդունելի է ներկայիս համակարգի համար) (վերոգրյալը չի նշանակում, որ եթե մարդ համակրում է նմանատիպ երգեր, սերիալներ, ապա պարտադիր նա ներկայացնում է նշված հասարակության շերտը): Իսկ մինչ այդ շողքում կարող են մնալ ապագա Մանսուրյաններն ու Ամիրխանյանները, Օրբելյաններն ու Բաբաջանյանները, ում ստեղծած երաժշտությունն «օբեկտներում փող չի բերում»: Հետաքրքիր է՝ «Պաչիկ-մաչիկ», «Շոկոլադկա-մոկոլադկա» կոնտենտի կողքին որքան հաճախ են հեռարձակվել նմանատիպ գործեր/cover-ներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել