Փետրվարի 4-ին նախանշված Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի հերթական համարի լույսընծայումն անժամկետ հետաձգվել է:
Հունվարի 7-ին ահաբեկչական հարձակումների թիրախ դարձած 10 աշխատակցի, այդ թվում՝ գլխավոր խմբագրին կորցրած շաբաթաթերթի մամուլի ծառայությունը նման որոշումը հիմնավորել է հոգեբանական դրդապատճառներով՝ հասցված հարվածից ոտքի կանգնելու և իրենց ընկերների կորուստը հաղթահարելու անհրաժեշտությամբ:
Իսկ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են երկրի հարավում՝ Լյունելում, 26-44 տարեկան ևս 5 քաղաքացիների ձերբակալելու մասին, որոնք կասկածվում են վերոնշյալ հարձակմանը հանցակցություն ունենալու հարցում:
Ինչ խոսք, շատ ցավալի և կանխատեսելի էր, որ ինչպես նույն Ֆրանսիայում, այնպես էլ եվրոպական մի շարք այլ երկրներում դեռ տևական ժամանակ չի հաղթահարվի տարեսկզբին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով առաջացած հոգեբանական տագնապը: Իսկ որ ամենավտանգավորն է՝ իսլամաֆոբիայի աննախադեպ աճը, շարքային եվրոպացու կողմից յուրաքանչյուր մուսուլմանի մեջ պոտենցիալ ահաբեկիչ տեսնելու իրողությունը, հատկապես Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացների համատեքստում, բավականաչափ խնդրահարույց գործընթացների մասին լուրջ կանխատեսումների հիմքեր են տալիս Հին մայրցամաքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել