Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՓՄՁ ներկայացուցիչների առաջին ցույցը: Ցույցի պատճառը «Շրջանառության հարկի մասին» օրենքն էր, որը 4 ամսով հետաձգվելուց հետո փետրվարի 1-ին արդեն ուժի մեջ պետք է մտնի: Հարկ է նշել, որ ցուցարարների հիմնական մտահոգության առարական պարտադիր փաստաթղթաշրջանառությունն է, ինչն ըստ առևտրականների՝ խնդրահարույց է լինելու իրենց գործունեության համար:

Բողոքի ակցիայի ընթացքում գործադիրից ցուցարարներին առաջարկ եղավ 10 հոգանոց պատվիրակություն կազմել և քննարկումների գնալ առևտրականներին հուզող խնդրի շուրջ: Սակայն այս առաջարկը մերժվեց ՓՄՁ ներկայացուցիչների կողմից: Նրանք հրաժարվեցին նաև քննարկումների մեջ մտնել հաջորդ ակցիաների ժամանակ: Ի վերջո, հունվարի 30-ին, տեսնելով, որ այլ ելք չկա, առևտրականները պատվիրակություն կազմեցին և համաձայնեցին գործադիրի ղեկավարի հետ քննարկել իրենց հուզող խնդիրների շուրջ: Ուշագրագրավ է նաև, որ այդ քննարկումը բավականին ընդարձակ ստացվեց և տևեց շուրջ ժամ ու կես:

Մի պահ հարց է առաջանում, որ եթե առևտրականները կարող էին համաձայնել ու արդյունավետ քննարկում անցկացնել կառավարությունում, ապա ի՞նչն էր խանգարում նրանց այն կազմակերպել իրենց բողոքի հենց առաջին օրը: Միգուցե կային մարդիկ, ովքեր շահագրգռված էին, որ քննարկումներ տեղի չունենան, գուցե նրանք փորձում էին այդ եղանակով շանտաժ իրականացնել, դժվար է ասել, բայց որ բազմաթիվ առևտրականներ ցույցերի 4 օրերին կտրվեցին իրենց գործից, դա մնում է փաստ: Հետևությունները թողնում եմ Ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել