Պարոնայք ժամանակավոր լավ ապրողներ. Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բացի մի քանի տասնյակ մարդուց ոչ ոք չի կարող ասել, որ իր վաղվա օրն ապահովված է: Եթե դուք այսօր հանգամանքների բերումով ապրում եք շքեղ առանձնատներում, եթե դուք այսօր վարում եք լավ ավտոմեքենաներ և նորմալ սնվում եք, դա դեռ ոչինչ չի նշանակում, չէ՞ որ կա վաղվա օրը, իսկ վաղվա Հայաստանի օրը մշուշոտ է: Այլ կերպ չի էլ կարող լինել, չէ՞ որ մեր երկրի տնտեսությունը տապալված է, չէ՞ որ, ցավոք սրտի, այսօր ստվերը շարունակում է աճել, չէ՞ որ մենաշնորհը ոնց կար՝ այնպես էլ մնում է, չէ՞ որ նոր արմատական փոփոխությունների փոխարեն մեզ հրամցնում են շահութահարկի մասին էքսպերիմենտալ օրենքներ, որոնք ընդամենը մի նպատակ են հետապնդում, այն է՝ հնարավորինս շատ գումար կորզել դեռ մի կերպ գոյատևող միջին և մանր բիզնեսից: Պարոնայք ժամանակավոր լավ ապրողներ. ուշքի եկեք, հանրության կողքին կանգնեք, մի օտարվեք նրանից, հավատացեք, ձեր ունեցած-չունեցածն ընդամենը խաբկանք է, և վաղն այն կարող է և չլինել: Գիտակցեք, վերջապես, այս անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում, դուք պոտենցիալ աղքատներ եք:
Այսօր հասարակությունը բաժանվել է երկու բևեռի. մի կողմում երկրի անապահովներն են, մյուս կողմում՝ միլիարդատերերը: Որոշեք, վերջապես, թե ում շահերն եք պաշտպանում...
Դա է միակ գրավականը, որպեսզի վաղը ձեր զավակաները դառնան մշտապես լավ ապրողներ, այլ ոչ թե ձեր նման ժամանակավոր… Երկրին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, երկրին անհրաժեշտ են աղքատության հաղթահարման հեռանկարային լուրջ ծրագրեր: 
Հ.Գ. Կողմնորոշվեք, վերջապես։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել