Լյուդովիկոս XV-ի թագավորության ժամանակաշրջանում Ֆրանսիայում հայտնի էր մարքիզ Դոնասեն Ալֆոնս Ֆրանսուա դե Սադը, ով մարդկության հիշողության մեջ մնացել է իր էրոտիկ–սադիստական վարքագծով։ Նա գրող էր, փիլիսոփա և արիստոկրատ, ով անսահման ազատություն էր քարոզում, որը չէր սահմանափակվի ո՛չ կրոնով, ո՛չ անհավասարությամբ, ո՛չ իրավունքներով:

Հոգեբանության մեջ հայտնի ամենաայլանդակ իրողությունը սադիզմն է` իր բոլոր դրսևորումներով։ Եվ այդ հոգեբանական արատը կապվում է մարքիզ դե Սադի անվան հետ։ Նա եղել է հայտնի տոհմի շառավիղներից մեկը։ Ծնվել է 1740 թ.։ Զինվորական կարիերան սկսել է 14 տարեկանից` հաշվառվելով թագավորական գվարդիայում։ 23 տարեկան մարքիզը, ով արդեն ուներ կապիտանի աստիճան, ձանձրանալով զինվորական ծառայությունից, որոշում է տեղափոխվել պահեստազոր` հանգստանալու. ամուսնանալու նպատակով։ Հենց այդ տարիներին նրա վարքագծում նկատվում են «սեռական անկարգություններ», Փարիզում սկսում են խոսել նրա վտանգավոր արկածների մասին։ 

Եվ ահա 1786 թ. մարքիզի խելահեղ պատմությունները հասնում են Լյուդովիկոս XV թագավորին։ Իր «սանձարձակության», «չարության» համար դե Սադը 5 օր ազատազրկվում է, որից հետո նրան ուղարկում են գավառ։ Բայց Փարիզն ու ապագա սիրուհիների տեսիլքները ձգում ու մթագնում են մարքիզի բանականությունը։ Շուտով մոլության ու անառակության ճանապարհը նրան բերում է օպերային պարուհի մադամ Բովուազինի մոտ, ով հայտնի էր իր անառակ վարքով. նրա մոտ էլ հենց շարունակվում է Ալֆոնս դե Սադի «սեռական դաստիարակությունը»։ Ժամանակակիցները նրա մեջ տեսնում էին արտասովոր խելքի տեր մի մարդու, համարում էին խիստ հետևողական, շփվող, հնարամիտ։ Դե Սադը պարահանդեսների և թատրոնի մեծ սիրահար էր, թատրոնում իր հմտություններն է փորձել որպես դերասա և ռեժիսոր։

1768 թ.–ին մարքիզն իր հետ քաղաքից դուրս զբոսնելու է հրավիրում մի մուրացիկ աղջկա։ Մեկ շաբաթից ողջ Փարիզը սկսում է խոսել ծագած սկանդալի մասին։ Մարքիզն ահաբեկելով կապում է նրա ձեռքերը և սկսում է ճիպոտով ձաղկել մինչև արյունոտվելը։ Հետո կապում է նրա վերքերը և պահում մութ սենյակում։ Աղջկան հաջողվում է ձեռքերն արձակել և պատուհանից փախչել։ Անցորդներն աղջկան գտնում են մահամերձ վիճակում։ Դե Սադին բանտարկում են, բայց կարճ ժամանակ հետո նրան հաջողվում է կաշառքով ազատվել և նույնիսկ աղջկան մեղադրել շորթման մեջ։ 

Կործանիչ կրքից ազատվելու նպատակով նա նորից մեկնում է ծառայության։ 1771թ.–ին նա դառնում է թագավորական կորպուսի գնդապետ։ Բայց միևնույնն է, էությանը չես դավաճանի։ Հերթական խայտառակությունը անխուսափելի էր։ Մի օր պանդոկում մարքիզը ներկա կանանց հյուրասիրում է կոնֆետներ։ Ասում են, կոնֆետի կորիզում ինչ–որ բան է լինում, որն է ազդում է կանանց գործողությունների վրա։ Երիտասարդ և ծեր կանայք հանկարծ բոցավառվում են ամոթալի կրքով և իրար աչքի առաջ սկսում են սեր անել։ Ներկաների ներկայությամբ, պանդոկն այդ գիշեր վերածվել էր մի համատարած անառակության մահճի։ Հետևանքները տխուր էին. արդյունքում 10 մարդ մահանում է, մի քանի տասնյակ մարդիկ ուժասպառ ընկնում են հիվանդանոց։ Ահա թե ուր կարող է հասցնել սանձարձակությունն ու սադիզմը։ Մարքիզ դե Սադին մեղադրում են վավաշոտության, պագշոտության, բայց ոչ դժբախտների մահվան մեջ։ Մինչ կընթանար քննությունը, մարքիզը փախչում է։ Ամենևին չզղջալով իր գործած չարիքի համար՝ նա դիմում է իրեն արժանի մի նոր հանցագործության` գայթակղում է կնոջ հարազատ քրոջը և նրա հետ փախչում Իտալիա։ Հաջողվում է նրան բռնել 1772 թ.–ին, Փարիզում։ Նա դատապարտվում է 12 տարվա ազատազրկման։ Այդ 12 տարիների ընթացքում նրա կինը մնում է հավատարիմ կին և մայր։ Երկու երեխաներին մեծացնում է` հոր նկատմամբ սեր և հարգանք ներշնչելով։

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել