5Այսօր հրավիրված էինք մասնակցելու թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի՝ բավականին մեծ աղմուկ բարձրացրած «Սպի» ֆիլմի փակ կինոդիտմանը և դրան հետևած մամլո ասուլիսին ռեժիսորի հետ։ Ֆիմի սյուժեն եթե հակիրճ ներկայացնեմ, ապա դրա սյուժեն ծավալվում է 1915 թվականից մինչև 1923 թվական՝ Օսմանյան Կայսրությունից մինչև ԱՄՆ աշխարհագրությամբ։ Ֆիլմը պատմում է Նազարեթ Մանուկյանի պատմությունը, ով, անցնելով ցեղասպանության սարսափների միջով, կորցնելով ընտանիքն ու հարազատներին, Ցեղասպանությունից հետո պարզում է, որ իր երկվորյակ դուստրերը ողջ են մնացել ու ձեռնամուխ է լինում նրանց գտնելու հարցին և, իր ուղին սկսելով Հալեպից, հասնում է ընդհուպ մինչև Հյուսիսային Դակոտա նահանգը։

Միանգամից ասեմ, որ չեմ պատրաստվում ֆիլմը разнос-ի ենթարկել ու հայտարարել, որ այն աղբ է, որը նայել չարժե և իրենից ոչինչ չի ներկայացնում։ Եթե գնահատեմ ֆիլմը 10 բալանոց համակարգով, ապա վստահորեն կարելի է դրան տալ 6 բալ։ Սկսեմ թերևս ֆիլմի ուժեղ կողմերից, իսկ հետո կանդրադառնամ այն հատվածներին, որոնք անձամբ ինձ համար հարցեր առաջացրեցին, ինչպես նաև կանդարադառնամ ֆիլմի ռեժիսորի մեկնաբանություններին։

Դրական կողմերը

1

Դերասանական կազմի ընտրությունն ինձ դուր եկավ, իսկ գլխավոր դերակատարը՝ հատկապես, առավել ևս, հաշվի առնելով, որ ֆիլմի մեծ մասը նա չի խոսում ու համր տեսարաններ են՝ մեծ պլանով։ Ֆիլմի սկզբնամասում առերեսվում ենք հենց ցեղասպանության տարիների հետ, ու ռեժիսորին հաջողվել է վերակերտել այն մթնոլորտը, որը ստիպում է հանդիսատեսին իր վրա զգալ այդ սարսափը, անորոշությունը, հուսահատությունը, անպատիան, ողբը ու հույսը, որը զգացել են այն մարդիկ, ովքեր դժբախտություն են ունեցել անցնել այդ ամենի միջով։

Մի քան տեսարաններ կան ֆիլմի առաջին կեսում, որոնցից պարզապես փշաքաղվում ես ու չես ուզում հավատալ, որ այդ ամենն իրոք ոչ միայն կարող էր լինել, այլ եղել է։ Թերևս կառանձնացնեի երեք այդպիսի դրվագներ, որոնք ես, անկասկած, կհիշեմ ամեն անգամ, երբ այս ֆիլմի մասին խոսքը գնա. երբ Նազարեթը գտնում է իր սպանված եղբոր կիսամեռ կնոջն անապատում գտնվող մահվան ճամբարում, երբ նա փորձում է ջուր խմել անապատի ջրհորից, և երբ արդեն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո նայում է Չարլի Չափլինի ֆիլմը։ Այս կադրերից յուրաքանչյուրում քեզ զգում ես ոչ թե հանդիսատես, այլ անմիջականորեն ներգրավված անձ, ու քեզ վրա ես պրոյեկտում հերոսի ապրումները։

4 (2)

Ֆիլմում դուրս եկավ նաև այն, որ սյուժեն ծեծված չէր, ու շեշտը դրված չէր դաժան տեսարաններով մեր ուշադրությունը գրավելու համար, կամ էլ պարզապես չէին իմացել դաժան տեսարանների մեծանուն գուրու Ճոյտի մասին, որպեսզի դիմեին նրա կոնսուլտացիաներին։ Սակայն դրանից ֆիլմը պակաս ծանր չի դառնում ու չի կորցնում իր լրջությունը։ Ֆիլմը հիշեցնում է Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը» ֆիլմը (ու դա խոստովանեց նաև ինքը՝ Ֆաթիհ Աքինը)՝ սյուժետային որոշ լուծումների առումով։ Փոխարենը, կառանձնացնեի այն, որ ֆիլմում ներառված էին այնպիսի մարդկանց կերպարներ, ովքեր, լինելով թուրք, արաբ, ամերիկացի ու հայ, օգնության ձեռք էին մեկնում։ Սա այն դրվագներից է Ցեղասպանության մութ էջերից, որ մեր մոտ քիչ է արծարծվում, ու կարծում եմ՝ արդար է, որ նման արարքներն էլ ներկայացված լինեն, քանի որ հակառակ դեպքում անարդար կգտնվեինք այն հարյուրավոր ու հազարավոր մարդկանց հանդեպ, ովքեր իրոք եղել են ու ովքեր իրոք օգնության ձեռք են մեկնել Ցեղասպանությունից մազապուրծ եղածներին։

Ֆիլմի առավելություններին կդասեմ նաև այն, որ այսպիսի սյուժեով ու այս թեմատիկայով ֆիլմի համար բավականին բարձր բյուջե ու պրոֆեսիոնալ անձնակազմ է հնարավոր եղել հավաքել, ինչի արդյունքում անձամբ ես չեմ կարող նշել տեխնիկապես հում մասեր կամ դրվագներ, որոնք դուրս եկած չլինեն փողի ու հետևաբար դեկորացիաների և կոստյումների սակավության առումով, կամ էլ դերասանական խաղի, կամ էլ օպերատորի թյուր աշխատանքի պատճառով։

Խնդրահարույց կողմերը

Ֆիլմի հենց սկբից ես ֆիքսեցի որոշակի անհամապատասխանություն պաշտոնական հայկական դիրքորոշման համեմատ։ Հենց ամենասկզբում ֆիլմը սկսվում է տիտրերով, որտեղ ասվում է մոտավորապես հետևյալը. «20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունն արագ կազմաքանդվում էր ու ներգրավվեց Առաջին աշխարհամարտին, ինչից հետո բոլոր փոքրամասնությունները դարձան ներքին թշնամի»։ Մենք գիտենք, որ դա այդքան էլ այդպես չէ. Օսմանյան կայսրությունը հայկական ջարդեր էր իրականացնում մինչև 1915-ը և նույնիսկ մինչև Երիտթուրքերի ի հայտ գալը։ Կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանությունն ունեցել է մի քանի փուլ, որոնցից ամենաարյունահեղ ֆազան սկսվել է 1877-1878 Ռուս-Թուրքական պատերազմով, հետո Համիդյան ջարդերն էին, հետո Ադանան էր, հետո Եղեռնը…

4

Սակայն եթե միայն այս ձևակերպումով սահմանափակվեին դիսոնանս առաջացնող դրվագները, չէի էլ հիշատակի սրա մասին, բայց քանի ես ավելի ուշադիր էի նայում ֆիլմը ու հատկապես ցեղասպանության տարիների մասին պատմող հատվածը, այնքան ավելի էի հասկանում, որ թուրք ռեժիսորն այդքան էլ հակված չէր այնպիսի պատկեր զետեղել, որը կբավարարեր առաջին հերթին հայերին։ Ասեմ ավելին, ինչպես ֆիլմի տարբեր դրվագներից, այնպես էլ հենց ռեժիսորի կողմից ասուլիսի ժամանակ հնչած պատասխաններից, պարզ է մի բան. ֆիլմի հիմնական թիրախային աուդիտորիան թուրք հանդիսատեսն է, թուրք հանրության այն հատվածը, որը հակված է Ցեղասպանությունը «ճանաչելուն»։

Չակերտներով եմ գրել, որովհետև Ցեղասպանության ճանաչման թուրք հանրության տեսլականը, նույնիսկ ամենաանկեղծ տեսքով, այդքան էլ այն չէ, ինչ մենք ենք պատկերացնում։ Թեմայից իրազեկ միջին վիճակագրական թուրքը, ով ընդունում է Ցեղասպանության փաստը, այն ընդունում է մոտավորապես հետևյալ կերպ. դե պատերազմ էր, հայերին տեղահանում էին ու շատերը զոհվեցին ճանապարհին՝ հիվանդությունների, հրոսակախմբերի ու մեկ-մեկ էլ երիտթուրքական հանցագործ իշխանությունների ակցիաներից, բայց դե պատերազմ էր, որի ժամանակ ողբերգություններ են լինում, ու պետք է այդ ամենի հետ հաշտվել ու շարժվել առաջ։

Ֆեթիհ Աքինն իմ այն հարցին, թե որն էր իր մտահղացմամբ այս ֆիլմի մեխն ու ում էր այն ուղղված, անկեղծորեն պատասխանեց, որ առանցքայինն իր համար այն է, որ խոսքի ազատությունը հիմնարար սկզբունք է, ու այս թեման չպետք է տաբու լինի, հատկապես թուրք հասարակության համար։ Միևնույն ժամանակ կա լայն մասսաներին մատուցելու խնդիր ու հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո բարձրացած հասարակական այդ ալիքը սնուցելու խնդիր։

Իսկ մենք՝ հայերս, պետք է մեր հերթին հասկանանք, որ նույնիսկ «լոյալ» թուրքերն իրենց չնչին տոկոսով են պատրաստ ընդունելու իրադարձությունների այն մեկնաբանությունը, որը մենք գիտենք ու պետք է պայքարել դրա համար։ Հակառակ դեպքում, ամեն ինչ կմատուցվի այնպես, ինչպես ֆիլմում էր մատուցվում։ Որպես օրինակ, որ Աքինը մատուցել է ֆիլմն այնպիսի մեկնաբանությամբ, որ սուր հակակրանք ու հակազդեցություն չառաջացնի թուրք հանրության լայն շերտերի մոտ ու ակտուալ դարձնի ֆիլմի սյուժեն թուրքի աշխարհայացքի համար, կարող եմ փաստել հետևյալ բանը. ֆիլմի ողջ ընթացքում մենք չենք տեսնում թուրք զինվորի, թուրք պաշտոնյայի կամ էլ Թուրքիա պետությունը մարմնավորող որևիցե այլ պերսոնաժի, ով իր ձեռքով մարդ սպանի, մարմնավորի «ցեղասպանողի» ամպլուան։

Ընդհակառակը, բոլոր նման «պետություն ներկայացնող» դեմքերը կատարում էն բացասականին ձգտող նեյտրալ դեր՝ հսկիչներ են, գոռգոռում են, առաջարկում են իսլամ ընդունել։ Իսկ բոլոր դաժանությունները, որոնք երևում են կադրում, իրականացվում են ինչ-որ անհասկանալի հրոսակախմբերի ու անհատների կողմից։ Այո, տողատակով ակնարկվում է, որ նրանք ունեն նման բան անելու կարգադրություն, բայց ոչ մի ուղղակի հիշատակում առ այն, որ սա թուրքական պետության (որն այդ պահին կրում էր Օսմանյան Կայսրություն անվանումը) կողմից ուղղակիորեն ծրագրված ու իրականացված զանգվածային ոճրագործություն էր, որն ամենաստորին օղակից մինչև ամենավերին՝ իշխանական մակարդակով, վերահսկվում ու իրականացվում էր ողջ թուրքական պետական համակարգի կողմից։ Հենց դրա համար էլ չենք տեսնում կանանց մորթող թուրք զինվորների, հենց դրա համար էլ չենք տեսնում խիստ վերահսկվող ու զանգվածային սպանդեր իրականացնող համակենտրոնացման ճամբարներ, այլ փոխարենը տեսնում ենք ձիու վրա նստած, գոռգոռացող, հրոսակներին չխոչընդոտող, բայց իներտ թուրք զինվորների ու անապատի մեջտեղում գտնվող մահվան ճամբար, որտեղ հազարավոր կիսամեռ մարդիկ են, բայց ոչ ոք նրանց չի վերահսկում…

Կուզենայի հիշատակել ևս մեկ դետալ, որը վկայում է այն մասին, որ ֆիլմի սյուժեն կառուցված է, որպեսզի բավարարի թուրք հանդիսատեսի էսթետիկական պահանջները։ Ֆիլմում թերևս երկու ազգ կա, որոնք ավելի բացասական ֆոնով են ներկայացված, քան հենց թուրքերը՝ ամերիկացիներն ու քրդերը։ Ամերիկացիների պարագայում ասես ակնարկ արվի, որ տեսեք, օվկիանոսի մյուս կողմում էլ մարդիկ գազանություններ են գործում, ու ամենևին պարտադիր չէ, որ ցեղասպանություն լինի, որ այդպիսի բաներ արվեն։ Իսկ քրդերի ներկայացնելու ձևը ոսկերչական նրբությամբ էր արված. ի տարբերություն բոլոր մյուս օտարազգիների, ովքեր օգնում են Նազարեթին, քուրդը, տեսնելով անապատից կիսամեռ դուրս եկող Նազարեթին, օգնում է նրան միայն, երբ վերջինս նրան ոսկեդրամ է տալիս, այն էլ միայն ստուգելուց հետո։ Նա նրան հաց ու ջուր է տալիս, ու մի պահ նրա կանանոցում գտնող հայուհիներից մեկը դուրս է պրծնում ու աղեսում, որ Նազարեթն իրեն օգնի, բայց քուրդը նրան ծեծում է ու կտրականապես հայտարարում, որ չի տալու նրան Նազարեթին…

Ինչևէ, ամփոփելով ֆիլմի սյուժեի պատմական ու քաղաքական անճշտությունները, պետք է ի պատիվ Ֆաթիհ Աքինի նշեմ, որ նա արել էր հնարավորս, որպեսզի պահի այն նրբագույն սահմանը, որից այն կողմ ֆիլմը սուր հակակրանք կարող էր առաջացնել հայ կամ էլ թուրք հանդիսատեսի միջով ու փորձել է ներկայացնել կոմպրոմիսային ինչ-որ մի տարբերակ, որը դյուրամարս չի լինի ոչ մեր, ոչ էլ դուրքերի համար, բայց ֆիասկո էլ չի ապրի։

Հիմա մի երկու բառ էլ ֆիլմի գեղարվեստական կոմպոնենտի խնդրահարույց կողմերի մասին։ Ըստ իս, այն չափից ավել ձգձգված էր ու, ունենալով շատ զիլ սկզբնամաս, գնալով ավելի անհետաքրքրանում է ու վեր է ածվում ինչ-որ Ֆորեստ Գամփա-Բռնիր ինձ, թե կարող ես-ատիպ պատմության, որում գլխավոր հերոսը դեգերում է երկրներով՝ փնտրելով իր դստրերին։ Այսպես ասեմ, կարծես երկու տարբեր ֆիլմեր կտրած ու իրար կպցրած լինեին։ Ռեժիսորը շատ հանգիստ կարող էր խուսափել հեփփի էնդից կամ էլ կիսահեփփի էնդից, ռեժիսորը կարող էր ընդհանրապես ոչ մի վերջակետ չդներ այս պատմության մեջ ու եզրափակվեր անորոշությամբ՝ ազատելով մեզ ևս 30-40 րոպե ձգձգված պատկեր դիտելուց, և կստացվեր միանգամայն հզոր պատմական դրամա, որն անձամբ ինձ համար միանշանակ կբարձրացներ կինոնկարի կշիռը՝ որպես արվեստի գործ։

Այսքանով, թերևս ավարտեմ կինոռեցիանզիաս, և դա կարելի է անել երկու պարզ հարցով.

Արժե՞ դիտել այս ֆիլմը։ Միանշանա՛կ։

Արդյո՞ք պետք է վերապահումով մոտենալ դրան։ Կրկին՝ միանշանա՛կ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել