Կարեն Ավագյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է փոքր և միջին ձեռնարկատերերի արդարացի բողոքին: Սակայն մի շտապեք զարմանալ. պատգամավորը ոչ թե իր զորակցությունն է հայտնել իրենց խնդիրները բարձրաձայնող քաղաքացիների պայքարին, այլ բողոքել և նեղվել է այն փաստից, որ ՓՄՁ ներկայացուցիչներին իրենց պայքարում աջակցում են ԲՀԿ ներկայացուցիչները:
Բնականաբար, լավ են անում, որ աջակցում են և շատ ճիշտ են անում, քանի որ քաղաքացին իր կողքին պետք է զգա նաև պատգամավորի կամ քաղաքական ուժի աջակցությունը: 
Հարց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին. Իսկ ինչո՞ւ դուք՝ որպես ՀՀ պատգամավոր, չեք աջակցում նույն այդ քաղաքացիներին: Ի վերջո, դուք ՀՀ պատգամավոր եք, իշխանական ուժի ներկայացուցիչ, և նույն այդ քաղաքացիների մեջ բազմաթիվ ներկայացուիչներ կլինեն, որոնք ժամանակին ընտրությունների ժամանակ քվե են տվել ՀՀԿ-ի օգտին: Ո՞վ է ձեզ խանգարում խիստ նեղվելու փոխարեն գնալ և նույնպես կանգնել այդ քաղաքացիների կողքին:
Հասկանալի է, որ իշխանական կուսակցությունը ժողովրդի հետ հանդիպում է ընտրությունից ընտրություն: Եվ հենց այս դեպքում Կարեն Ավագյանը լավ կաներ՝ ընդհանրապես լռեր, քան իր ֆեյսբուքյան էջով հանդես գար ինչ-որ անտեղի և հասարակության զայրույթն ավելի բորբոքող ստատուսներով:
Քաղաքացիները պահանջում են ընդամենը իրենց խնդիրների արդարացի լուծումը. և կարենավագյանները փոխանակ կոչ անեն նույն իշխանություններին լուծել այդ խնդիրները և ազատվել իրենց համար լուրջ գլխացավանք դարձած բողոքի ակցիաներից, իրենց տաք գրասենյակներից փնովում են այն քաղաքական ուժին, որն այսօր քաղաքացիների կողքին է կանգնած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել