Մեծ Բրիտանիայում համեմատաբար թեթև հանցանքների համար ազատազրկվածների հանդեպ կիրառվում է մեղմ պատժամիջոց՝ այսպես կոչված «open prison» (թարգմանաբար՝ բաց բանտ)։ Այս բանտարկյալներին թույլ է տրվում ամեն օր դուրս գալ բանտից ու աշխատանքի գնալ։ Նրանք վայելում են իրավապահների վստահությունը ու որոշ չափով ազատ ելումուտ ունեն բանտ։ Այս բանտարկյալներն անվանվում են Դ կատեգորիայի բանտարկյալներ։ Նրանք անգամ իավունք ունեն արձակուրդ վերցնել կալանքից ու որոշ ժամանակով վերադառնալ տուն, իսկ արձակուրդից հետո շարունակել կրել պատիժը։

Ուելսի Քարդիֆ քաղաքի «The Clink»  ռեստորանի աշխատակիցների գերակշռող մեծամասնությունը Դ կատեգորիայի բանտարկյալներ են։ Նրանք այնքան լավ սպասարկում են ապահովում, որ «The Clink» -ը «TripAdvisor» կայքում ճանաչվել է Քարդիֆի լավագույն ռեստորան։ Այստեղի այցելուները հատկապես բարձր են գնահատում ռեստորանում տիրող ընկերական ու մտերմիկ մթնոլորտը։ Այստեղ աշխատում են մոտ 30 բանտարկյալ, ովքեր առավոտյան բանտից գալիս են աշխատանքի, իսկ երեկոյան վերադառնում բանտ։

Ինչպես հայտնի է, բազում բանտարկյալներ պատիժը կրելուց և ազատ արձակվելուց հետո չեն կարողանում վերադառնալ բնականոն կյանքին և նորից սոցիալիզացվել հասարակությունում։ Հենց այդ պատճառով էլ շատ են դեպքերը, երբ նախկին բանտարկյալները կրկին հանցանք են գործում ու հայտնվում բանտում։ «The Clink»-ը հնարավորություն է տալիս բանտարկյալներին ծանոթություններ հաստատել այցելուների հետ ու հանդիպել պոնտեցիալ գործատուների, ովքեր բանտից դուրս գալուց հետո նրանց մշտական աշխատանքի կվերցնեն։ Ռեստորանի տնօրեն Քրիս Մուրը հարցազրույցներից մեկի ընթացքում ասել է.

Մենք փոխում ենք մեր այցելուների պատկերացումները բանտարկյալների մասին։ Նրանց մեծ  մասը սովորական մարդիկ են, ինչպես ես և Դուք։ Նրանց պետք է երկորդ շանսը տալ։

Թեպետ բազում երկրներում՝ այդ թվում և մեզ մոտ, դատվածություն ունեցող մարդիկ չեն կարողանում ազատ արձակվելուց հետո աշխատանք գտնել, քաղաքակիրթ աշխարհում ամեն ինչ արվում է, որպեսզի բոլորի համար աշխատանքի հավասար պայմաններ ստեղծվեն։ Ցավոք, զարգացող երկրների մեծ մասում գործազրկությունն այնքան մտահոգիչ խնդիր է, որ անգամ փայլուն կրթություն ու անբիծ անցյալ ունեցող մարդիկ չեն կարողանում կարգին աշխատանք գտնել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել