1. Մեխի գլուխ


Բառարանային սահմանումը՝ անզոր, անգործունյա, ավելորդ, գործին չօգնող

Նա կարող է հունից հանել անգամ ամենահամբերատար մարդուն։ Մեխի գլուխը պարզապես ի զորու չէ որևէ ծանրակշիռ որոշում կայացնել։ Նա մեծ-մեծ խոսում է, սակայն երբ հասնում է գործի անցնելու պահը, առավելագույնը կարող է հորանջել։  

2. Քթի մազ

Բառարանային սահմանումը՝ շատ բծախնդիր, ամեն բանից դժգոհ

Նրան գոհացնելը գործնականորեն անհնար է։ Քթի մազը շատ սուր դիտողականություն ունի, ուստի կարող է նկատել անգամ ամենաանշան բացթողումներդ։ Եթե նա ուսուցիչդ է, պետդ կամ ծնողդ, ուրեմն քեզ մնում է կա՛մ շարունակ ձգտել ինքնակատարելագործման, կա՛մ ինքնասպան լինել, կամ էլ պարզապես անջատել ուղեղդ ու «շլանգավատ» լինել։ Խորհուրդ կտանք ընտրել առաջին տարբերակը։ Այդ դեպքում նյարդերդ մի քիչ կքայքայվեն, բայց փոխարենը անձնային աճ կգրանցես։  

 

 

3. Անպոչ գդալ

Բառարանային սահմանումը՝ իրեն չվերաբերող բաների մեջ մտնող անձ

Անպոչ գդալը շարունակ փնտրտուքների մեջ է. խեղճը կորցրել է իր պոչն ու կարող է փնտրել այն ամենուրեք՝ անգամ Ձեր անձնական կյանքի ամենանեղ կածաններում։ Օրինակ՝ եթե Դուք որոշեք ժամադրության գնալ Ձեր սիրելիի հետ, նա պատրաստակամորեն կուղեկցի Ձեզ՝ պնդելով, որ երեքով ավելի հետաքրքիր կլինի։ Չի կարելի ասել, որ նա սխալվում է, նրա համար իսկապես երեքով ավելի հետաքրքիր կլինի, քան միայնակ, հոգ չէ, որ դուք կկաշկանդվեք երրորդ անձի ներկայությունից ու ռոմանտիկ սիլի-բիլիները կմնան հաջորդ անգամվան։ Հանուն անպոչ գդալի կարելի է զոհողությունների գնալ։

4. Խիար

Բառարանային սահմանումը՝ անբովանդակ, ձանձրալի մարդ

Խիարն ու մեխի գլուխը մոտ ազգականներ են։ Նրանք երկուսն էլ զուրկ են կամքի ուժից։ Հիմնական տարբերությունն այն է, որ խիարությունը ձեռքբերովի հատկանիշ է, իսկ մեխի գլխությունը՝ բնածին արատ։ Այլ կերպ ասած՝ մեխի գլուխ ծնվում են, խիար՝ դառնում։     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել