Հին Եգիպտոս (Մ.թ.ա. 1292-1069)

Հին Եգիպտոսի կանանց տրված էր մեծ ազատություն։ Այստեղ նախաամուսնական սեքսը միանգամայն ընդունելի էր։ Կանայք կարող էին իրենց սեփականությունն ունենալ անկախ իրենց ամուսիններից և կարող էին առանց դույզն-ինչ քաշվելու ամուսնալուծվել իրենց ամուսիններից։ Կանայք կարող էին անգամ փարավոն դառնալ։ Այդ ժամանակաշրջանի եգիպտական արվեստի գործերը վկայում են այն մասին, որ երկար մազերը՝ հատկապես հյուսերը, կանացի գեղեցկության կարևոր չափանիշներից էին։ Գեղեցիկ էին համարվում դեմքի համաչափ կառուցվածքով կանայք։ Կանայք ընդգծում էին աչքերը «կայալ» կոչվող գեղարարական միջոցով։ Այս շրջանում գեղեցիկ համարվող կանայք աչքի էին ընկնում սլացիկությամբ, երկար մեջքով և նեղ ուսերով։  

Հին Հունաստան (Մ.թ.ա. 500-300)

Հին Հունաստանում տիրում էր տղամարդակենտրոն մշակույթը։ Հին հույներն ավելի խիստ պահանջներ էին ներկայացնում տղամարդու արտաքինի նկատմամբ։ Հին հունական հասարակության մեջ մերկությունը սովորական երևույթ էր, սակայն մերկ կանանց արձաններն ու գեղանկարներն այնքան էլ լայն տարածում չունեին։ Բանն այն է, որ ընդունված էր այն թյուր տեսակետը, որ կանայք պետք է ամաչեն իրենց մարմնից սոսկ այն պատճառով, որ իրենց մարմինը նման չէ տղամարդկային մարմնին։ Համարվում է, որ հին Հունաստանի՝ մերկ կին պատկերող առաջին արձանը Կնիդի Աֆրոդիտեն է։ Այստեղ գեղեցիկ էին համարվում փարթամ ու պարթև կանայք։

Հան դինաստիա (Մ.թ.ա. 206- Մ.թ. 220)

Չինացիները դեռևս վաղնջական ժամանակներից հայրիշխանական համակարգ են ունեցել։ Արդյունքում կնոջ դերն ու իրավունքները հասարակության մեջ անտեսվել ու ոտնահարվել են։ Հան դինաստիայի իշխանության օրոք կանացի գեղեցկություն ասելով չինացիները հասկանում էին փխրուն, սլացիկ մարմին, գունատ մաշկ, երկար սև մազեր, կարմիր շրթունքներ, ձյունաճերմակ ատամներ, շատ փոքր ոտքեր ու նազանի քայլվածք։ 

Իտալական վերածնունդ (1400-1700)

Վերածննդի ժամանակաշրջանում Իտալիայում իշխում էր հայրիշխանությունը։ Կաթոլիկ եկեղեցու կրոնական համոզմունքները գերիշխող էին իտալացիների կյանքի գրեթե բոլոր բնագավառներում։ Կանայք պետք է բարոյականության տիպար լինեին։ Համարվում էր, որ կնոջ թե՛ արտաքին տեսքը, թե՛ պահվածքը արտացոլում էին նրա ամուսնու կարգավիճակը։ Վերածննդի դարաշրջանում գեղեցիկ էին համարվում փարթամ ազդրերով ու կրծքերով կանայք։ Գեղեցկության չափանիշներն էին սպիտակ մաշկը, շեկ մազերը և լայն ճակատը։

Վիկտորյան Անգլիա (1837-1901)

Վիկտորիա թագուհին Վիկտորյան դարաշրջանի ամենաազդեցիկ կերպարն էր։ Նա ընտանեսիրության, մայրության ու նվիրվածության մարմնավորում էր համարվում։ Այդ իսկ պատճառով բոլոր անգլուհիներից ակնկալվում էր ունենալ այդ հատկությունները։ Այս շրաջնում կանայք կրում էին սեղմիրաններ, որոնք այնքան կիպ էին գրկում նրանց իրանը, որ նրանք կառուցվածքով նմանվում էին ավազե ժամացույցի։ Այդ սեղմիրաններն անհարմար էին և կաշկանդում էին կանանց ծարժումները։ Գեղեցիկ էին համարվում երկայնահեր կանայք, իսկ նրանց երկար վարսերը կանացիության խորհրդանիշ էին դարձել։ 

Շռնդալից 20-ականները (1920-ականներ)

1920 թ.-ին ԱՄՆ-ի կանայք ձեռք բերեցին քվեարկելու իրավունքը։ Այստեղից էլ նրանց ազատատենչությունը նոր թափ առավ։ Պատերազմի տարիներին գործարաններում տղամարդկանց տեղը գրաված կանայք շարունակում էին աշխատանքի գնալ նաև պատերազմից հետո։ Սկիզբ առավ ֆեմինիստական շարժումը։ Կանայք հագնում էին կարճ կիսաշրջազգեստներ, կրում կարճ սանրվածքներ, օգտագործում կոսմետիկ միջոցներ, որոնք նախկինում ավելի շատ տարածված էին մարմնավաճառների շրջանում։ Այս ժամանակաշրջանում գեղեցկությունը մի տեսակ անդրոգեն էր։    

Հոլիվուդի ոսկե ժամանակաշրջանը (1930-ականներից-1950-ականներ)

Այս ժամանակաշրջանում Հեյսի կոդեքսը սահմանում էր բարոյական պարամետրեր առ այն, թե ինչ կարելի էր ու ինչ չէր կարելի ասել կամ ցույց տալ կինոնկարներում։ Այդ կոդեքսը սահմանափակում էր դերերի տեսակները, որոնք կարող էին խաղալ կանայք։ Այդ կինոնկարները մարդկանց գիտակցության մեջ ստեղծում էին կնոջ կատարելատիպ, որը ժամանակի ընթացքում ամրապնդվեց աշխարհի տարբեր երկրների բնակիչների պատկերացումներում։ Նուրբ մարմին, նեղ իրան, սեթևեթ շարժուձեր... Մի խոսքով, ամենից ավելի գեղեցիկ համարվում էին Մերիլին Մոնրոյի ոճի աղջիկները։ 

1960-ականներ


1960-ականներին բուռն թափ էր ստացել կանանց ազատագրական շարժումը։ Արդյունքում ավելի շատ կանայք աշխատանքով ապահովվեցին և նրանց թույլ տրվեց  հակաբեղմնավորիչներ օգտագործել։ Սվինգինգ Լոնդոնը (բառացի՝ Օրորվող Լոնդոն) մեծ ազդեցություն թողեց ողջ արևմուտքի վրա։ Հենց այստեղից էլ նորաձևության մեջ մտան մինի կիսաշրջազգեստները։ Անգլիացի սուպերմոդել Թվիգին գեղեցկության կատարելատիպ էր համարվում, և աղջիկներն ու կանայք ձգտում էին նմանվել նրան։ Գեղեցիկ էին համարվում բարձրահասակ, երկարոտն ու սլացիկ աղջիկները։ 

Սուպերմոդելների ժամանակաշրջան (1980-ականներ)

Այս ժամանակաշրջանում բարձր էր գնահատվում կանանց աթլետիկ ու սլացիկ կազմվածքը՝ բարակ իրան, սակայն ընդգծված կոնքեր ու կրծքավանդակ։ Կանացի գեղեցկության կատարելատիպ էին համարվում այնպիսի աստղեր, ինչպիսիք են Սինդի Քրոուֆորդը և Ջեյն Ֆոնդան։  Այս ժամանակաշրջանում սկսեց տարածվել անորեքսիա  հիվանդությունը։ Քանի որ այս ժամանակահատվածում մեծ տեղ էր հատկացվում ֆիտնեսին, որոշ աղջիկներ չարաշահում էին ֆիզիկական վարժությունները ու չափից ավելի շատ նիհարում։ 

Հերոինային շիկ (1990-ականներ) 

Հերոինային շիկը նորաձևության ուղղություն է, որը սկիզբ է առել 1990-ականներին։ Այդ ուղղության ամենավառ ներկայացուցիչը Քեյթ Մոսն է։ Ուղղության անվանումը պայմանավորված է նրանով, որ տվյալ ժամանակահատվածում հերոինի օգտագործումը լայն տարածում էր ստացել։ 1990-ականներին նորաձև էին համարվում գունատ մաշկով, աչքերի շուրջ մուգ շրջանակներով վտիտ կանայք։  

Պոստմոդեռնիստական գեղեցկություն (2000-ականներից մինչ օրս)

Մեր ժամանակներում կանայք ստիպված չեն մետաղյա սեղմիաններ կրել, սակայն այսօր էլ հեշտ չէ համապատասխանել գեղեցկության չափանիշներին։ Պոստմոդեռնիստական կանացի գեղեցկությունը բնութագրվում է լայն կոնքերով, կլոր հետույքով, փարթամ լանջերով, տափակ ու հարթ որովայնով։ Քանի որ քչերն են, որ ի բնե օժտված են այսպիսի տվյալներով, շատ կանայք դիմում են պլաստիկ վիրաբուժությանը։

Womens Ideal Body Types Throughout History

Նախքան պլաստիկ վիրաբույժի կամ դիետաների օգնությանը դիմելը հիշե՛ք, որ սրանք գեղեցկության չափանիշներն են, այսինքն՝ ստանդարտները, մինչդեռ բնավ պարտադիր չէ, որ Դուք ստանդարտ գեղեցկություն ունենաք։ Ձեր արտաքինը պետք է նախևառաջ հենց Ձեզ համար ակնահաճո լինի։ Ուստի մի՛ փորձեք համապատասխանել ուրիշների կողմից մշակված ստանդարտներին, եթե իրականում դրանք Ձեր սրտով չեն։ Ստանդարտից դուրս չի նշանակում տգեղ կամ անհրապույր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել