Վերջերս ակամա պարբերաբար լսում եմ կարծիքներ, վերլուծություններ՝ սահմանին «Կովկասյան Թաթարների» ակտիվացման վերաբերյալ: Հիմնական կարծրատիպային միտքն այն է, որ, պայմանավորված շուկայում նավթի գնի անկմամբ, հարևան մինի սուլթանությունում վախենում են սոցիալ-տնտեսական դժգոհություններից և սանկանում են շեղել բնակչության ուշադրությունը: Այնպիսի տպավորություն է, որ վերջերս ազգային արժույթի ամենազգալի արժեզրկումը, աղքատության մոտ 10% աճը, կենսաթոշակային հիմնադրամների և հարկային «բարեփոխումների» դեմ զանգվածային բողոքները (շարունակելի…) մեր երկրում չեն: Կարծես թե մեր երկրում իշխանությունները վայելում են լայն զանգվածների համակրանքը, ովքեր մեծ բավականություն են ստանում աղքատության աճից, տնտեսական լճացումից, ոճրագործին Հայաստանում դատելու պատրաստակամության բացակայությունից:

Իրականում պատմությունը կրկնվում է գրեթե մեկ դարյա պարբերականությամբ: Կրկին անկախ Հայաստանի բնակչությունը բաժանված է՝ արևմտամետների (ինչպես հակադիր ճամբարում են ասում  «գրանտակերների») և Պուտինի վկաների (ինչպես հակադիր ճամբարում են ասում «գաղութականացման կողմնակիցների») միջև հիշում ենք Առաջին Հանրապետության ժամանակ Բոլշևիկ հայերի և Դաշնակցականների պայքարը: Ինչպես 1914-1920-ական թվականներին Ռուսաստանն ուժասպառ է լինում իմպերիալիստական խաղերի, տնտեսական լճացման, պատերազմի, պատժամիջոցների և դրանցով պայմանավորված հասունացող հեղափոխության սպասումների պատճառով: Եվ կրկին մեր «Վայ Հարևանները» և վերջիններիս պանթուրքիստական գաղափարախոսությունը առաջ քաշող «Ավագ Եղբայրները» իրենց բախտն են փորձում օգտվել ստեղծված իրավիճակից և լուծել Ղարաբաղյան հակամարտության և ցեղասպանության 100 ամյակի իրենց գլխացավանքը: Հատկանշական է որ Վ. Պուտինը վերջերս Թուրքիայի հետ համաձայնեցրեց նոր գազատարի շինարարության նախագիծը և պատմությանից իրեն հասած բարի հուշերից հիշատակեց Աթաթուրքի հետ Ռուսների եղբայրական հարաբերությունները առաջին հաշխարհային պատերազմից հետո: Նա մեծ բավականություն է ստացել հատկապես պատմության այն դրվագից, երբ Թուրքիայում բարձրացվեց աստղով կարմիր դրոշ, ինչը բավարար էր էֆորիայում գտնվողՄոսկվայի համար եղբայրական թուրքերին աջակցել Արևելյան Հայաստանի մի շարք տարածքներ Թուրքիային բռնակցելուն (Ղարսը, Իգդիրը, Արդահանը): Ինչպես  նախորդ դարի առաջին կեսում`  զինելով Ադրբեջանին, Հայաստանին զրկելով այլընտրանքից և չեզոքությունից, ներքաշում են նոր ստեղծվող տոտալիտար-«եղբայրական» մի միություն, որին սպասվում են ծանր տարիներ: Անցած դարի համանման իրադարձությունների հանգուցալուծումը եղավ այն, որ Արցախը նվիրաբերվեց «եղբայրական» Ադրբեջանին:

Սակայն   ամեն ինչ այդքան գորշ չէ, ինչպես կարող է թվալ: Մեր առաջ բացվում է 170 միլիոնանոց ԵՏՄ շուկան: Հետո՞ ինչ, որ մենք առանձնապես ոչինչ չենք արտադրում: Մեզ նաև հնարավորություն է ընդձեռնվում ակտիվորեն արտագախթել Սիբիր, որտեղ մեր Մեծ Եղբայրը ունի դեմոգրաֆիկ խնդիրներ և ժամ առ ժամ հզորացող Չինաստանի հետ կապված ռիսկեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել