Tert.am-ը գրում է․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր մեկնարկած Դողու Փերինչեքի դատավարությունը համացանցով ուշի ուշով հետևած թուրքագետ Լևոն Հովսեփյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ՄԻԵԴ-ի կողմից վճիռը կարող է եվրոպական տարբեր երկրներում Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծերի ընդունման կամ չընդունման համար հիմք դառնալ։

Նա նաև տեղեկացրեց, որ թուրքական պատվիրակության կազմում շատ են պետական համակարգը ներկայացնող անձինք և ներկայացված են իրենց լծակներով, հատկապես շատ են նախկին նախարարները՝ հավելելով, որ ինչպես ասացվածքում է՝ «այս փլավը շատ ջուր է քաշելու»:

«Սա այնպիսի գործ է, որ միջազգային մեծ հնչեղություն ունի և բացի այն, որ կապված է զուտ եվրոպական իրավաօրենսդրական դաշտի հետ, Շվեյցարիայի հետ, այն կարող է հետագայում միջազգային լուրջ տեղաշարժերի հիմք դառնալ, քանի որ ՄԻԵԴ-ի կողմից վճիռը կարող է եվրոպական տարբեր երկրներում Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծերի ընդունման կամ չընդունման համար հիմք դառնալ: Կարծում եմ՝ լսումները երկար կշարունակվեն, իսկ վերջնական վճիռը, որպես էդպիսին, կարող է ամիսներ տևել»,–ասաց նա։

Անդրադառնալով Փերինչեքի խոսքին՝ նա նշեց, որ վերջինս հիմնական շեշտադրումը եղել է խոսքի ազատության շրջանակներում. նա փորձել է մեխը դարձնել եվրոպական օրենսդրական տիրույթում խոսքի ազատության գերակայությունը:

«Հենց դրանով փորձեց կառուցել իր ելույթը։ Ճիշտ է՝ հանդես եկավ նաև ժխտողականության տեսանկյունից՝ պաշտպանելով իր պետության մոտեցումը Հայոց ցեղասպանության իրավական հարցի հետ կապված, որ սա իրավական գնահատական է, մինչդեռ ինքը կիսում է հայերի ցավը»,-փոխանցեց թուրքագետը:

Իսկ Շվեյցարիա -Հայաստան ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը (սփյուռքի կողմից այս դատը պաշտպանող հիմնական կազմակերպություններից մեկը), ով ավելի վաղ հայտնել էր, որ ֆորմալ առումով լինելու է մեկ հրապարակային դատ և կանխատեսել, որ վճիռը կարող է հրապարակվել անգամ 2016-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից հետո, Tert.am-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ Փերինչեքի գործով որոշումն այսօր կլինի, բայց հրապարակումը՝ ամիսներ անց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել