Հաջողակ մարդկանց 12 ամենատարածված սովորությունները«Հաջողությունը պետք չէ չափել այն հանգամանքով, թե տվյալ անձը որտեղ է հասել, այլ այն հանգամանքով, թե որքան խոչընդոտներ է նա հաղթահարել` այդտեղ հասնելու համար»:
Բիզնեսում, թե կյանքում, հաջողության և ձախողման սահմանը վայրկյանների տարբերությամբ կարելի է անցնել: Իրականում հաջողությունն ու ձախողումը ձեռք ձեռքի տված են ճանապարհ անցնում: Եթե դուք հույս ունեք մեծ հաջողությունների հասնել, ապա պետք է նաև ձախողվեք կամ սովորեք նրանցից, ովքեր ձախողվել են: Ի վերջո, հաջողակ անձինք չեն ծնվում, այլ դառնում են այդպիսին՝ որոշակի հմտությունների և ջանքների շնորհիվ:
Մենք կազմել ենք հաջողակ մարդկանց «սովորությունների» համառոտ ցանկը:
1. Ձախողվեք խիզախորեն: Ձախողումը կարող է տեղի ունենալ և տեղի կունենա՝ անկախ ձեր աշխատանքային կարգապահության աստիճանից: Ամենահաջողակ մարդիկ հասկանում են ձախողման հավանականությունն ու վերջինիս կարևորությունը հաջողության հասնելու համար: Հնարավոր է` ցանկանաք փախչել ու թաքնվել ձեր ձախողումից հետո, սակայն պետք է սովորեք ձեր սխալներից՝ երկրորդ անգամ նույն կերպ ձախողվելուց ապահովագրվելու համար:
2. Սահմանեք նպատակներ: Հաջողակ մարդիկ սահմանում են ամենօրյա հասանելի նպատակներ: Գտեք հաջողությունը՝ ամրապնդելով նպատակները, որոնք S.M.A.R.T. են՝ խելացի, չափելի, հասանելի, իրատեսական, ժամանակային: Ազատվեք երկարաժամկետ նպատակներից և հաստատեք փոքր ամենօրյա նպատակներ՝ ձեր վերջնանպատակին ավելի հեշտ հասնելու համար:
3. Միշտ չէ, որ խոսքը բախտի մասին է: Հեշտ է հաջողությունը վերագրել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելուն: Չնայած, սա անշուշտ, հաջողության տարրերից է, սակայն ձեզ հետ մի պահեք գործողություններից՝ սպասելով կատարյալ ժամանակի կամ գաղափարի: Ամենահաջողակ մարդկանցից ոմանք գործի են անցել ամենաանհեթեթ ժամանակներում:
4. Ուշադիր հետևեք ձեր առաջընթացին: Հաջողությունը «վրա է հասնում» այն ժամանակ, երբ, աչքը մրցանակի վրա պահելով, այնուամենայնիվ, կանոնավոր կերպով վերահսկում եք ձեր գործողություններն ու մարտավարությունները: Դուք չեք կարող բարելավումներ իրականացնել, եթե չգիտեք՝ ինչպես են ձեր գործերն ընթանում: Ձեզ հաշվետու պահեք՝ ստուգելով ձեր առաջընթացը հնարավորինս հաճախ և ժամանակին զուգահեռ:
5. Մի՛ սպասեք, գործե՛ք: Հաջողակ մարդիկ միշտ չէ, որ գիտեն ճիշտ պատասխանը: Նրանք, այնուամենայնիվ, շարունակում են առաջ շարժվել: Թույլ մի տվեք, որ խոչընդոտները կանգնեցնեն ձեզ, երբ դուք փնտրում եք ճիշտ լուծումը:
6. Միացրեք կետերը: Նրանք, ովքեր հաջողակ են, կարողանում են տեսնել մեծ պատկերը: Նայեք իրերին «անցյալ, ներկա և ապագա» համատեքստում, որպեսզի հասնեք նպաստավոր արդյունքների:
7. Կառավարեք ձեր վստահությունը: Դուք պետք է իսկապես հավատաք ձեր կարողություններին: Գնահատեք ձեզ, որ պարզ հասկանաք, թե ինչ բարձունքների կարող եք հասնել, և սա օգտագործեք որպես վառելիք ձեր սեփական կրակը բռնկելու համար:
8. Նվիրվեք: Հաջողությունը առանց ջանքերի չի տրվում: Ամենահաջողակ մարդիկ հաճախ ամենանվիրված մարդիկ են: Ամեն օր մեկ լրացուցիչ մղոն առաջ անցեք և ոչ մի բացառություն մի արեք:
9. Զգոն եղեք: Իրազեկությունը սնում է հաջողությունը: Եթե դուք լավագույնս ներգրավված չեք ձեր միջավայրում, դուք հաստատապես բաց կթողնեք հնարավորությունները: Լսեք, թե ինչ են խոսում ձեր և ձեր ընկերության մասին, մշտապես հետևեք հետադարձ կապին:
10. Համառորեն դիմադրեք:  Հաջողակ մարդիկ ձախողվո՞ւմ են: Այո՛, ավելի հաճախ, քան դուք կարծում եք: Իսկ թևաթափ լինո՞ւմ են: Երբե՛ք: Զարգացրեք պատրաստակամություն ձեր մեջ` ճանապարհին հանդիպած մարտահրավերները հաղթահարելու համար:
11. Հաղորդակցվեք որպես պրոֆեսիոնալ: Նրանք, ովքեր հաջողակ են, հեշտությամբ են մյուսներին համոզում: Նրանք չեն մանիպուլացնում կամ ճնշում գործադրում, այլ տրամաբանորեն բացատրում են օգուտները: Վստահորեն հաղորդակցվելը թույլ կտա ավելի հեշտորեն բանակցել ձեր վերջնանպատակների շուրջ:
12. Համեստ եղեք: Հաջողությունը չպետք է զուգակցվի սուպեր էգոյի հետ: Իրականում հաջողակ մարդիկ չունեն էգո: Պարզապես նրանք հասկանում են, որ որոշ կողմնակի գործոններ կարող են խաղի մեջ մտնել, բայց որոշ ձախողումներ կարող են պայմանավորված լինել իրենց սեփական թերություններով: Երբեք մի մոռացեք ինքներդ ձեզ հաշվետու լինել ձեր կյանքի յուրաքանչյուր կողմի համար: Այսպես դուք կմնաք կենտրոնացած և համեստ:
Իսկ Ձեր կարծիքով, որո՞նք են հաջողակ մարդկանց ամենակարևոր սովորությունները: 
Հոդվածը պատրաստել են. հեղինակ` Իլյա Պոզին, թարգմանիչ` Ռիմա Սարգսյան, խմբագիր` Շուշան Հարությունյան, սրբագրիչ` Լիլիթ Ղազարյան, լուսանկար` Shutterstock.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել