Նրանք, ովքեր ասում են, թե քրիստոնեությունը բռնի ուժով պարտադրվեց հայոց ազգին, կարծում եմ, խորհրդային կեղծ պատմաբանության դոպինգի տակ են դեռ: Միայն Քրիստոսին ճանաչածը և Սուրբ Հոգու շնորհները համտեսածը կարող է ունենալ սրա մասին ճիշտ պատկերացումը: Մենք հիմա Աաջավորաց պահքի հնգօրյակի մեջ ենք, որ սահմանվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հայոց ազգին հնգօրյա ծոմապահությամբ և 65-օրյա շուրջօրյա քարոզախոսությամբ համատարած ապաշխարության բերելու համար: Մի ամբողջ ազգ՝ արքայով, նախարարներով, քահանայապետով, իշխանով ու ռամիկով հոգևոր այս իրողության մեջ էր ու այս իրադարձության մասնակիցը: Էսքան բանին հավատացողը (իսկ դրան Քրիստոսին ճանաչած սիրտն ու միտքը միայն կարող են հաղորդ լինել) ո՞նց կարող է այլ բան խոսել: Մենք մինչև այսօր ունենք որպես ապացույց անհավատների և հավատավորների համար այն գերեզմանափոսը, որտեղ պահվում էր 14 տարվա կարծեցյալ մեռելը: Ու սա ամենևին էլ միֆոլոգիայի ու հեքիաթի ժանրից չէ, սիրելիներս: Բռնությամբ պարտադրվածը չէր կարող դառնալ մեր մաշկի գույնը, ինչպես Եղիշե վարդապետն էր ասում, և բռնությամբ պարտադրվածը նույն ուժով էլ կարող էր ի չիք դառնալ: Բայց մինչև այսօր մենք մեր հայրերին չպարտադրվածի կամավոր ժառանգորդներն ենք՝ չնայած մեր հավատքի վրա դարավոր բռնացումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել