Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած կառույցն, ինչպես գիտենք, նախաձեռնել է նոր շարժում` «100-ամյակն առանց ռեժիմի». Նախատեսվում է 2015թ ապրիլի 23-ի գիշերը կատարել երթ վերոնշյալ խորհագրով, որն էլ հետագայում ունեցավ հասարակական տարբեր արձագանքներ: Ինչևիցե, սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել:

Հարկ է նշել` հիմնադիր խորհրդարանը ԼՂՀ տարածքում նախատեսում էր հանրահավաք և կոչ էր արել արցախցիներին միանալ հակաիշխանական ցույցին:
Կողմ եմ ցանկացած պայքարին, որն իրականացվում է բացառապես ՀՀ սահմանադրության շրջանականներում, սակայն այս կիսապատերազմական լարված իրավիճակում և այն էլ արդյո՞ք Արցախում կարիք կա ինչ-որ հակաիշխանական ցնցումների, և արդյո՞ք արցախցու այսօրվա գերնպատակն իշխանության դեմ պայքարն է:

Կարծում եմ, որ առողջ հասարակությունում ավելորդ է ևս մեկ անգամ նշել, որ նման պատերազմական ժամանակաշրջաններում ցանկացած ներքաղաքական ցնցում խիստ վտանգավոր է և պայթյունավտանգ: Հասարակությունը պետք է նման իրավիճակներում կոնսոլիդացվի թշնամուն դիմակայելու համար: Ի՞նչ կարիք կա գնալ, հասնել Արցախ և գոռալ, որ «ՀՀ-ում իշխանությունները լեգիտիմ չեն», իսկ «ռեժիմն էլ ուզում է վերարտադրվի»:
Հիմք ընդունելով հունվարի սկզբից մինչ օրս ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հայ զինվորների զոհերի թիվը՝ կարող եմ վստահեցնել, որ այսօր արցախցուն ամենաքիչն է հետաքրքրում թե իշխանության և թե ընդդիմության վայնասունները:

Բացի այն, որ «Հիմնադիր խորհրդարանը» ցանկանում էր արցախցիներին ներքաշել իշխանությունների դեմ պայքարի մեջ, նաև վերջիններիս կողմից, կներեք, «գրողի ծոցն» ուղարկվելուց հետո, ուզում են բոլորին տրամադրել արցախցիների դեմ: Ի՞նչ իմաստ ունեն նման միտումները, և ո՞րն է ինչ-որ մեղավորներ փնտրելու ու վերջիններիս դատապարտելու իմաստը: Մի՞թե մենք զբաղմունք չունենք, որ հիմա էլ թիրախավորում ենք ԼՂՀ իշխանություններին: 
Մեր ներքաղաքական գզվրտոցներին հետևելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես սահմանում այս օրերին ոչինչ տեղի չի ունենում կամ ինչ էլ լինում է` այդպես էլ պիտի լիներ:

Հ.Գ. Ժիրայր Սեֆիլյանի և նրա թիմի մտավոր ունակություններն ու հասարակական կյանքում ունեցած փորձը կարելի է կիրառել երկրի համար կարևոր ու առաջնային անհրաժեշտության հարցերում` ապարդյուն իշխանափոխության փորձերի փոխարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել