ՀՅԴ-ն բազմիցս ապացուցել է, որ կարող է սկզբունքային և համառ ընդդիմախոս լինել ցանկացած քաղաքական ուժի, բայց ՀՅԴ-ն նաև ապացուցել է, որ իր քաղաքական պայքարն ունի մի սահման, որից այն կողմ իր համար քաղաքականությունը դառնում է սեփական ժողովրդին ծառայելն ու պետության սահմանը անառիկ պահելը: Հրանտ Մարգարյանի երեկվա ելույթը, երբ նա կոչ արեց արտաքին ագրեսիայի պարագայում մի կողմ թողնել ներքաղաքական օրակարգը, ևս մեկ անգամ ապացուցեց խոսքերիս իսկությունը:

Ներքին համոզմունք ունեմ, որ ՀՅԴ-ն կոալիցա չի մտնելու և միասնության կոչ է անում ոչ թե պաշտոնների դիմաց, այլև պետության ապագայով մտահոգ: Ի վերջո, դաշնակցականները, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, ապացուցել են, որ կարող են հանուն գաղափարի բանտ նստել, բայց չկրակել նույնիսկ վատ, բայց սեփական իշխանության վրա:
Ընդամենը մեկ օր մեր պետական սահմանին համեմատաբար անդորր է լինում, և ԲՀԿ-ական շրջանակները խոսում են հեղափոխության մասին: Սա անընդունելի քաղաքական ձեռագիր է, ինչը հստակորեն ցույց է տալիս, որ այս թիմը, իր շուրջը համախմբելով մեծ և փոքրիկ այլ հասարակական կամ քաղաքական տարրերի, ընդամենը մեկ խնդիր է լուծում` փայ ունենալ իշխանության ներսում, իսկ հնարավորության դեպքում տիրանալ ամբողջ իշխանությանը: Ես չեմ մեղադրում քաղաքական ուժերին, այդ թվում և ԲՀԿ-ին, իշխանության ձգտելու համար, դա բնական գործընթաց է, բայց այս պահին, երբ սահմանին կրակում են, իսկ մոտակա ընտրությունները երկու տարի հետո են, ներքաղաքական կյանքի լարումն անթույլատրելի է:
ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի համեմատականները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը ընդդիմադիր դաշտ ձևավորելու ընտրություն ունի. ունենալ համառ, սկզբունքային և հայրենասեր ընդդիմություն` ի դեմս ՀՅԴ-ի, կամ սկզբունքային ու համառ ձևացող և մեկ կամ երկու անհատների ծառայող ընդդիմադիր ապաքաղաքական համակարգ, որն ամեն գնով ցանկանում է հասնել իշխանության:

Հ.Գ. Չէի անդրադառնա այս թեմային, եթե Գագիկ Ծառուկյանի ազդեցության ներքո գործող կայքերում չկարդայի դաշնակցությանը վիրավորող և վարկաբեկող հոդվածներ: Ի դեպ, այդ նույն կայքերը ժամանակ առաջ գովաբանում և մեծարում էին դաշնակցությանը:
Փաստորեն, ով չի ընդունում Գագիկ Ծառուկյանի գահակալությունը, արժանանում է նրա թիմի և հովանավորյալների վիրավորանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել