Tert.am-ը գրում է․

ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի` հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին արված հայտարարությունը, որ Հայաստանը մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում իրեն վերապահում է կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը, քաղաքագետ Լևոն Շիրինյանը միանգամայն արդարացված է համարում:

Ավելին՝ նա կարծում է, որ նման հայտարարություն ավելի վաղ պետք է արվեր. նա գտնում է, որ Հայաստանն այս պայմաններում պետք է գնա կանխարգելիչ պատերազմի, քանի որ, նրա գնահատմամբ, խաղաղության մասին խոսելը հային դարերով ոչնչացրել է ու հիմա էլ շարունակում է ոչնչացնել:

«Հարմար պահի պետք է հարվածել, չսպասել, քանի որ մենք սպառվում ենք: Որ դա անհրաժեշտ է, միանշանակ է, որովհետև մեզ դա մաշում է: Թվում է, թե շատ բան չէ, բայց անընդհատ, անընդհատ, և երկրաչափական պրոգրեսիայով ագրեսիան մեծանում է: Նրանց նպատակը պարզ է՝ Հայաստանի ժողովրդի տեղահանությունն է. ճակատային գրոհով չեն կարող վերցնել, ի վիճակի չեն, բայց ինչքան կենսունակ բնակչությունը քիչ է մնում, իրենց դիրքերն ուժեղանում են, և ավտոմատ իրենք հաղթող են դառնում»,-նշեց քաղաքագետը:

Նրա ներկայացմամբ՝ ռազմական ուժի համաշխարհային պատմության մեջ կանխարգելիչ հարվածների ամենափայլուն օրինակը՝ 1943 թ. Կուրսկի ճակատամարտի շատ արդյունավետ կանխարգելիչ գործողություններն են:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի ելույթում հնչածգնահատականները գնահատվեցին որպես կոշտ, առավել քան երբևէ, և դրանցից մեկն էլ վերը նշված կանխարգելիչ գործողությունների մասին հայտարարությունն էր:

Ըստ Լևոն Շիրինյանի՝ դա նշանակում է թշնամու ելման դիրքերին հարվածել, քանի դեռ նա չի սկսել գործողություններ՝ չթողնելով, որ նա իր հարձակման համար հարմար պահ ու վայր ընտրի:

Սա սկզբունքորեն նոր ռազմավարություն է, և Լևոն Շիրինյանը սպասում է, որ այժմ Զինված ուժերի գլխավոր շտաբը դա դարձնի պրակտիկ քաղաքականություն:


Նա ամբողջովին արդարացված է համարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ իր սեղանին դրված է ինչպես խաղաղության, այնպես էլ պատերազմի սցենար:

«Եվ պրեվենտիվ պատերազմը ամենաարդյունավետ ճանապարհն է խաղաղություն հաստատելու համար, կամ գոնե չջախջախվելու, ինչ-որ մեր պատմության մեջ եղել է: Եվ նաև, թվում է, թե աշխարհը վատ կընդունի, բայց աշխարհը վատ է ընդունում թույլերին: Ով որ իրեն տղամարդավարի է դրսևորում, նաև ռազմի դաշտում, նրա դաշնակիցները շատանում են»,-ասաց նա՝ ամփոփելով, թե Հայաստանում խաղաղության մասին առհասարակ պետք է դադարեցնեն խոսելը: Մանավանդ, որ կարծում է, որ դա մեզնից ոչնչով կախված չէ:

«Ի վերջո, եթե հայրենիքը ձեռքից գնում է, ի՞նչ խաղաղություն»,-հարցրեց քաղաքագետը և հավելեց, որ կանխարգելիչ ռազմական քայլերին զուգընթաց պետք է երկրում իրականացվեն արտագաղթի կանգնեցման քայլեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել