Նացիստները գերմանացիների ծնելիության մակարդակը բարձրացնելու հատուկ ծրագիր ունեին։ Այդ ծրագիրը կոչվում էր «Լեբենսբորն» և գործում էր 1930-ականներից ի վեր։ 1935 թ.-ին խառը ամուսնությունները գերմանացիների և գերմանացիներից ցածր համարվող այլ ազգերի, հատկապես գերմանացիների և հրեաների միջև արգելվեցին Նյուրեմբերգյան օրենքով։ Բացի այդ՝ ՍՍ-ի տղամարդկանց խրախուսում էին իրենց վրա վերցնել տնային հոգսերն այն ժամանակահատվածում, երբ նրանց կանայք հղի էին։ Արիական ռասայի զտարյուն կանայք հրավիրվում էին մանկապարտեզների շենքերը, որտեղ ՍՍ-ի տղամարդիկ հղիացնում  էին նրանց։  Այդ կանայք պետք է ռասսայական զտարյունության թեստ անցնեին։ Նախընտրությունը տրվում էր շիկահերներին ու կապուտաչյաներին։ Բացի այդ, ծրագրի մասնակիցները պետք է ապացուցեին, որ իրենց նախնիների առնվազն երեք սերունդը ևս զտարյուն են եղել։

Այս հրեշավոր ծրագրին դիմած կանանց միայն 40 տոկոսն էր բարեհաջող անցնում զտարյունության թեստը։ Հենց նրանց էլ վիճակված էր ծնել այն երեխաներին, ովքեր, Հիմլերի պատկերացմամբ, նացիստական շարժման ապագա առաջնորդները պետք է դառնային։ Ծրագրին դիմածների մեծ մասը չամուսնացած կանայք էին։ ՍՍ-ն հոգում էր, որպեսզի ապագա մայրերը հղիության ընթացքում ոչ մի բանի կարիք չունենային ու ծննդաբերեին ապահով տեղում։ Մայրերին խրախուսում էին ամուսնանալ իրենց երեխաների հայրերի հետ, սակայն լինում էին և այնպիսի դեպքեր, երբ ՍՍ-ի այլ տղամարդիկ էին որդեգրում նորածիններին։ Եթե սկզբնական շրջանում մսուրներն էին օգտագործվում իբրև ՍՍ աշխատակիցների ու զտարյուն կանանց հանդիպման վայր, ապա 1936 թ.-ից սկսած այդ նպատակով հատուկ տներ էին կառուցվում։ Ընդ որում, այդպիսի տներ կային ոչ միայն Գերմանիայում, այլև Նորվեգիայում, Ավստրիայում և այլն։ Հիմլերն անձամբ էր հոգում, որպեսզի այդ տները կահավորված լինեն լավագույն կահույքով, ու հատուկ ուշադրություն էր հատկացնում իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ին, ծնված երեխաներին։

1939 թ.ին ամփոփվեցին ծնելիության բարձրացմանն ուղղված ծրագրի արդյունքները։ Հիմլերը դժգոհ էր դրանցից. բավականաչափ շատ երեխաներ չէին ծնվել։ Հենց այդ պատճառով էլ Հիմլերը հրաման ստորագրեց, որով կարգադրում էր բոլոր ՍՍ աշխատակիցներին ու ոստիկաններին հնարավորինս շատ երեխաների հայր դառնալ, որպեսզի նորածինները փոխհատուցեին պատերազմի կորուստները։ Այս հրամանը հակասական արձագանքների տեղիք տվեց։ Շատերը համարում էին, որ այս հրամանը խրախուսում էր անբարոյականությունը։ Հիմլերն ի վերջո ստիպված էր հետ կանգնել իր կարգադրությունից, սակայն, այնուամենայնիվ, նա այնքան էլ դեմ չէր արտաամուսնական երեխաներին։ Նա ինքն էլ երկու արտաամուսնական երեխա ուներ։ Տեսնելով, որ այսպես ասած սեփական միջոցներով չեն կարողանում բավարար չափով բարձրացնել ծնելիության մակարդակը՝ «Լեբենսբորն» ծրագրի համակարգողները սկսեցին այլազգի երեխաներ առևանգել։ Առևանգված երեխաների մի մասը որբեր էին, սակայն շատ երեխաների էլ գողանում էին անմիջապես նրանց ծնողների ձեռքերից։ Առևանգվում էին միայն այն երեխաները, որոնք համապատասխանում էին որոշակի չափորոշիչների (օր.՝ կապույտ աչքեր, դեղին մազեր և այլն)։

Հազարավոր երեխաների տեղափոխում էին Լեբենսբորնի կենտրոններ՝ գերմանական ազգը շատացնելու համար։ Միայն Լեհաստանից ավելի քան 100,000 երեխա է առևանգվել։ Լեբենսբորնի կենտրոններում ամեն ինչ արվում էր, որպեսզի այս երեխաները մոռանային իրենց հարազատ ծնողներին ու անցյալի հետ կապող ամեն բան։ Օրինակ՝ ՍՍ բուժքույրները համոզում էին երեխաներին, որ նրանց ծնողները լքել էին նրանց։ Այն երեխաները, ովքեր հրաժարվում էին նացիստական կրթությունից, հաճախ ծեծի էին ենթարկվում։ Այդ երեխաների մեծ մասին հետագայում տեղափոխում էին համակենտրոնացման ճամբարներ և ի վերջո սպանում, մյուսներին էլ որդեգրում էին ՍՍ աշխատակիցների ընտանիքները։ 

1942 թ.-ին ՍՍ առաջնորդներից մեկի՝ Պրահայում Ռեյնհարդ Հեյդրիխի սպանությունից հետո ՍՍ ծառայողները սպանեցին Լիդիցե գյուղի բոլոր արական սեռի ներկայացուցիչներին։ Այս օպերացիայի ընթացքում որոշ ՍՍ աշխատակիցներ ընտրեցին իրենց չափանիշներին համապատասխանող 91 երեխա։ Մյուսներին ուղարկեցին մահվան ճամբարներ։

Նախկինում առևանգված և ողջ մնացած երեխաներին փրկեցին Դաշնակից ուժերը։ Նացիստները մի քանի ամսականից մինչև դպրոցական տարիքի երեխաներ էին պահում Լեբենսբորնի տներում։ Դաշնակից ուժերը շտապեցին ազատել նրանց Հիտլերի մահից անմիջապես հետո։ Այս երեխաների մեծ մասը կամ որդեգրման էին հանձնվում, կամ վերադարձվում իրենց ընտանիքներին։  

Դժվար է ստույգ ասել, թե քանի երեխա է առևանգվել այս դիվային ծրագրի շրջանակներում։ 1946 թ.-ին ավելի քան 250,000 երեխա էին առևանգվել ու բռնի կերպով Գերմանիա ուղարկվել։ Պատերազմից հետո միայն 25,000 երեխայի վերագտան ու վերադարձրին իրենց ընտանիքներին։ Որոշ գերմանացիների ընտանիքներ հրաժարվում էին վերադարձնել այն երեխաներին, ում վերցրել էին Լեբենսբորնի կենտրոններից։ Որոշ դեպքերում էլ երեխաներն այնքան էին մերվել նոր միջավայրին, որ իրենք էին հրաժարվում վերադառնալ իրենց իսկական ընտանիքները։ Նրանք նացիստական քարոզչության զոհն էին և հավատում էին, որ իրենք զտարյուն գերմանացի են։ Հայտնի է նաև, որ այն  դեպքերում, երբ առևանգումից հետո երեխաներն իրենց արտաքին տվյալներով այնքան էլ չեն համապատասխանել առևանգողների ղեկավարների չափանիշներին, նրանց պարզապես սպանել են։ Ծրագրի գործունեության 10 տարիների ընթացքում նվազագույնը 7,500  երեխա է ծնվել Գերմանիայում և ևս 10,000-ը Նորվեգիայում։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել