Հայրենասե ́ր հայրենակիցներ,
Արարչագործ մեր ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ կազմավորեց և ծնունդ տվեց Հայոց Ազգային Բանակին, որը յուրաքանչյուրիս համար աներկբա բացարձակ արժեք է, ինչպես ծնողը, ընտանիքն ու հայրենիքը:
Հաղթանակների փառքով պսակված Հայոց Ազգային Բանակը 23 տարեկան է:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից հայոց անկախ պետականության մեծագույն ձեռքբերման և մեր հպարտության՝ մարտունակ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ մեր ոգու միահամուռ ուժն ու ջերմ մաղթանքներն ենք հղում Ձեզ՝ հայոց անսասան բանակի ակունքներում կանգնած մարտական բոլոր ջոկատների, գումարտակների ու բրիգադների հրամանատարներ ու քաջարի մարտիկներ:
«Հայոց Արծիվները» ողջույնի ու քաջառողջության մաղթանքներ է հղում նաև հայ ժողովրդի բոլոր այն զավակներին, ովքեր դիմագրավելով երկրաշարժի, պատերազմի մարտահրավերներին՝ ամուր պահեցին մեր թիկունքը՝ հավատալով իրենց ազգի, ժողովրդի վաղվա օրվան:
Մեր խոնարհումի խոսքն ենք ուղղում հայոց քաջերի պանթեոնին, Եռաբլուրին և հայրենիքի համար մարտիրոսված բոլոր այն զոհերին, ովքեր իրենց կյանքով նվաճեցին հայոց բանակի հաղթանակները:
Արիատե ́նչ հայրենակիցներ, Հայոց Ազգային Բանակը ողջ հայության բանակն է, նրա դարավոր փառքի կենդանի վկայությունը, երկրի սիրտն ու իր գենի արծվաթռիչ զարկերակը, նա մեր ուժն է, մեր անխոցելի հպարտությունն ու թշնամիների սարսափը: 
Ո՛չ թշնամու դիվերսիաները, ո՛չ դիպուկահարների մարդաորսությունները, ո՛չ ալիևյան մարտակոչերն ու ռազմական թերմացք կուտակելը, և ո ́չ էլ համաշխարհային մարտահրավերների ներկա վայրիվերումները չեն  կարող ազդել իր սուրբ հողի պահապան հայ զինվորի կամքի ու արիության վրա:
«Քաջերի սահմանն իրենց զենքն է», իսկ Հայոց Բանակի ամենահզոր զենքը իր ազգային ոգին է:
Հայոց բանակին մաղթում եմ դժվար փորձությունների մեջ կռած մեծագույն ձեռքբերումները, հերոսաբար կերտած հաղթանակները և ազատագրված Արցախը պահպանելու, ինչպես նաև սեփական ուժի ու միասնության շնորհիվ հայոց հայրենիքը, որպես սրբություն, մշտարթուն պաշտպանելու, սերունդներին ազգային բանակի նվիրական ուժի անպարտելիությունը պատգամելու, հայոց ոգու կենսունակությունը կենդանի պահելու աննկուն կամք, արիություն և հայկական ինքնապաշտպանության անխոցելի մարտավարություն:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին քաջառողջություն և երկարակեցություն, իսկ պետականաշինության սուրբ գործում՝ նորանոր ձեռքբերումներ և հայոց լեռներում ճախրող արծիվների նորանոր անկասելի թռիչքներ:
Բազում տոներ ու անսասան հաղթանակներ քեզ, Հայո՛ց Ազգային Բանակ:
Փա՛ռք ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ,
Փա՛ռք ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ,
Փա՛ռք ՀԱՅՈՑ ՆԱԽԱԳԱՀԻՆ,
Փա՛ռք ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ:
Հարգանքներով՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ` Խաչիկ Ասրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել