Սա այն դեպքերից է, որ ոչ անդրադառնում եմ երգչին, ոչ էլ երգին, բայց տեսահոլովակի սցենարիստի ու նրա եփած ուզբեկական փլավի մասին չխոսել ուղղակի հնարավոր չի։ Մեր սցենարիստ ախպերը կամ գլխառադ գռդոն է արել, կամ ուղղակի մոռացել է, որ ի վերջո 21-րդ դարն է։ Ողջ տեսահոլովակում շեշտը դրված է մի այլ կարգի գեղեցիկ ու համով սլավոնական արտաքինով բալամի վրա, որը, իմիջիայլոց, փոքրիկ թրիլլերի ընթացքում պարզվում է, որ մասնակցել է ռուսական  X ֆակտոր նախագծին։ Հավանաբար սեռական գզվռտոցից հետո նա շալակում է զռլամա ակորդեոնը և հիացած զուգընկերոջ համար սկսում է ռոմանտիկ ժողովրդական երգերի երեկո անցկացնել։ Պարզվում է՝ զուգընկերը հանդիսանում է երկարաոտ հերոսուհու ամուսնու անձնական վարորդը։ Օրերից մի օր գայթակղիչ հերոսուհին՝ երկու թիզ երկարությամբ երեկոյան զգեստով, գործերով ընկած ամուսնու հետ գնում է ինչ-որ միջոցառման՝ ձեռքի հետ էլ հայելու միջով աչքերով խաղեր է տալիս անբռնազբոս վարորդի հետ։ Տեսահոլովակի ապոգեյը հասնում է այն ժամանակ, երբ հերոսուհու ամուսինը մի քանի րոպեով առանձնանում է հյուրերի հետ։ Մեր հմուտ ակորդեոնիստուհին այդ րոպեների ընթացքում հասցնում է վարորդի հետ առանձնանալ նույն ռեստորանային համալիրում գտնվող հյուրանոցային համարում, իրագործել նախապես հասունացած սիրառատ գործունեությունը՝ համեմված մերկապարի ատրիբուտներով, պատահմամբ մխտռվել սեղանին թափված ներկով, հետո, արագի մեջ, հավանաբար ացետոնով ներկը ձեռքից մաքրել և թափով իջնել հյուրերի մոտ։ Ուտուշ-խմուշից հետո ամուսինները վերադառնում են տուն, հերոսուհին գլխացավի պատճառաբանությամբ ցրում է ամուսնուն և գնում քնելու։ Ամուսինը գիշերվա կեսին հայտնաբերում է, որ կնոջ մեջքը ևս մխտռված է այն ներկով, որի հետքերը նկատել էր վարորդի անդրավարտիքին։ Ու ստեղ արդեն դեդուկտիվ վերլուծությամբ նա զանգում է վարորդին և ժամադրում քաղաքի մոտակայքի չոլերից մեկում, ու ոչ հարց, ոչ պատասխան, հանում է ատրճանակը և փորձում գյուլել դավաճանին.... Նո նե տուտ տը բիլո։ Գիշերվա խավարում կրկին հայտնվում է սլավոնական արտաքինով հնարամիտ ակորդեոնիստուհին ու ցուցադրաբար շպրտում ամուսնու ատրճանակից նախապես հանած փամփուշտները՝ փաստացի ապացուցելով, որ ոչ միայն հմուտ ու հնարամիտ է, այլև ատրճանակներից բիթի անձնավորություն, որովհետև դատարկել էր ողջ փամփշտակալը։ Ահա և ֆիլմի վերջը՝ վարորդը գեղեցկուհու հետ մոտոցիկլետով հեռանում է, իսկ հարուստ ամուսինը մնում է շքեղ մեքենաների ու դատարկ ատրճանակի հույսին... Հիմա էս կլիպի օրիգինալ պահը ո՞րն էր, աաաա, պարզ է՝ ակորդեոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել