Սա, թերևս, այսօր կայացած Սեյրան Օհանյանի 2014 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հնչած ամենակարևոր միտքն եմ համարում, որ լսեցինք նախարարից, սակայն կարելի է առանձնացնել էլի մի շարք կարևոր հարցեր և դրվագներ այդ ասուլիսց, որին մասնակցում էի նաև ես։

Անձամբ ես երկու հարց կարողացա ուղղել նախարարին։ Ներկայացնեմ դրանց մոտավոր բովանդակությունը և պատասխանները։

1. Ե՞րբ պետք է բարձր տեխնոլոգիաները հասնեն առաջնագիծ ու փոխարինեն ժեշտից բանկաներին ու պոստի շներին։ Ինչո՞վ կարող է օգտակար լինել հանրությունն այս հարցում։

Աշխատանքներ այս ուղղությամբ տարվում են, ու ֆինանսական միջոցների պակաս չկա այս առումով, այլ հարց ա, որ կան տարբեր խոչընդոտող հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս լիարժեք տեխնոլոգիական ցանց ստեղծել սահմանի ողջ երկայնքով՝ տեղանքի առանձնահատկության ու լարվածության պատճառով, սակայն սա չի նշանակում, որ ոչինչ չի արվում։ Հատկապես դիտարկման տեխնոլոգիաների առումով առաջընթացներ կան՝ գիշերային տեսողության սարքեր, նշանոցներ, տեպլովիզորներ... Կարևոր մի ակնարկ. վերջին բախումների ժամանակ նաև դրանց կիրառության շնորհիվ էր, որ մենք այսքան արդյունավետ գործեցինք ու քանիցս կարողացանք ժամանակին հայտնաբերել ու խոցել հակառակորդի դիվերսիոն ստորաբաժանումները։ Աշխատանքները շարունակվելու են այս ուղղությամբ։

2. Չծառայած քաղաքացիական անձնաց մեդալներ շնորհելու պրակտիկայի մասին։ Դա էապես վնասում է բանակի դրական իմիջին ու հաճախ դառնում շահարկումների առարկա, երբ բանակում ոչ մի վայրկյան չծառայած մեկը կարող է մեդալ ստանալ, իսկ տարիներով սահման հսկած մարդուն՝ ոչ մի բան։ Կամ էլ, երբ ակնհայտորեն անարժան մեկը մեդալը դոշին ֆռֆռում ա, ու էդ մեդալից ունի նաև իսկական հերոս ու արժանի զինծառայող կամ էլ վետերան... սա արժեզրկում է այդ մեդալն ու զինծառայությունը։ Կարելի՞ է ակնկալել, որ ՊՆ-ն կհրաժարվի քաղաքացիական ու հատկապես չծառայած քաղաքացիական անձանց մեդալներ տալու պրակտիիկայից, կամ էլ հատուկ մեդալ կթողարկի, որը կշնորհվի միայն նման դեպքերում, կամ էլ, առհասարակ, պարգևատրության այլ եղանակներ կնախընտրվեն։

Օհանյանի պատասխանը հետաքրքիր էր, ու եթե հաշվի առնենք, որ, ի վերջո, հատկապես շատ շահարկվող մեդալակիրներին ինքը մեդալ չի տվել՝ սպառիչ։ Կռվի ժամանակ եղել են դեպքեր, երբ զինվորները թողել են դիրքերն ու փախել, իսկ հետո նույն զինվորը, ով փախել էր, ուրիշ մարտում հերոսություն է դրսևորել։ Պետք չի խաչ քաշել մարդկանց վրա՝ ծառայել-չծառայելուց ելնելով։ Մյուս կողմից, արդեն կան մեդալներ, որոնք հատուկ Բանակին աջակցելու ու նշանակալից դրական ավանդ ունենալու համար շնորհվում են քաղաքացիականների, ու չկա անարժան մեկը, ով նման պարգևատրումների ցուցակում ընդգրկված լինի։

Հնչեցին մի շարք սուր ու կարևոր հարցեր ևս.

1. Ո՞րն է այն «կարմիր գիծը», որից հետո մենք կդիմենք որոշիչ քայլերի ու խորտակող հարվածի։

Մենք մշտապես հետևում ենք հակառակորդին, դրա թվակազմին, տեղաշարժերին ու կուտակումներին։ Եթե, վերլուծելով իրավիճակը, հանգենք նրան, որ կա ռեալ ռիսկ ու ռեալ կուտակում, որը սպառնում է պատերազմական գործողությունների վերաճելով, ապա կլինի կանխարգելիչ հարված։

Այս բովանդակությամբ ու տրամաբանությամբ այլ հարցեր էլ կային, որոնց պատասխանելիս նախարարը, թերևս, ամենակարևոր միտքն ասաց ստեղծված իրավիճակում. թող Ադրբեջանում գլուխների տակ փափուկ բարձ չդնեն, ըստ անհրաժեշտության՝ մեր բանակը կարող է գործողությունների առումով չսահմանափակվել ներկայումս ֆիքսված շփման բնագծում, ու հարկ եղած դեպքում մեր բանակը «կանխարգելումները» կշարունակի Ադրբեջանի տարածքում։ Այսինքն՝ խելոք չպահեցիք՝ մենակ պոստերը չենք վարի տալու, պետք եղավ՝ էլի հողեր հետ կվերցնենք։

2. Ինչո՞ւ չենք դիմում ՀԱՊԿ-ին՝ հայ-ադրբեջանական սահմանում ավելի հաճախակիացող բախումների ֆոնին։

ՀԱՊԿ-ի ներգրավում կարող է լինել, միայն եթե մենք ենք դիմում, իսկ դա անում է Նախագահը՝ հիմնվելով Անվտանգության Խորհրդի կողմից կայացված համապատասխան խորհրդատվական եզրակացության վրա։ Համապատասխան եզրակացություն չի արվել, քանի որ լարվածության ներկա մասշտաբներն այնքան չեն, որ Հայաստանն արտաքին օգնության կարիք ունենա։ Ինչպես նշեց Օհանյանը, այդ դեպքում ինչների՞ս է պետք հայկական բանակը, եթե այն չի կարող անգամ այս փոքր սրացումներին ինքնուրույն արձագանքել ու լուծում տալ։ Պետք եղավ՝ կդիմենք, հիմա պետք չի։

Եղավ նաև անձամբ ինձ համար տհաճ պահ, որը «զարմանալիորեն» կապված էր «Ազատություն» ռադիոկայանի հետ.

Ախպեր, ով ինչ ուզում ա ասի, ես մի բան գիտեմ. եթե լրատվական ռեսուրսը ֆինանսավորվում ա ամերիկյան պետդեպարտամենտի կողմից, չի կարող առնվազն միշտ լինել անաչառ ու սպասարկել հայ հանրության շահերը։ Դա տեսանք Ինգա և Անուշ Արշակյան քույրերի պարագայում, դա տեսանք այսօրվա ասուլիսում...

Ազատության լրագրողը երեք անգամ հարցրեց, թե ինչ է կարծում Օհանյանը Լավրովի հայտարարության մասին, որ ՌԴ քաղաքացի հանդիսացող Դիլհամ Ասկերովին Ռուսաստանին արտահանձնելու հարցը կարող է դիտարկվել, քանի որ Պերմյակովի պարագայում վարվեցին այս կերպ, ու ինչ է պատրաստվում անել ՊՆ-ն այս առնչությամբ։

Նախ, ես խորապես կասկածում եմ, որ Ազատության լրագրողն այնքան ոչ կոմպետենտ է, որ չիմանա, որ Դիլհամ Ասկերովին դատել է ԼՂՀ դատարանը, այլ ոչ թե ՀՀ դատարանը ու առավել ևս՝ ՊՆ-ն։ Հա, սաղս էլ հասկանում ենք, որը որից հետո ա ու հասկանում ենք, թե ինչի է դա արվել ու այդ կոնտեքստում նման հարց տալը ոչ այլ ինչ է, քան պարզապես հակառուսական տրամադրություններ հրահրելու փորձ, որովհետև Ազատությունում բոլորն էլ քաջատեղյակ են, որ Լավրովը չի դիմելու ԼՂՀ-ին՝ Ասկերովին արտահանձնելու համար, ոչ էլ անգամ լրջորեն դիտարկվում է այդ տարբերակը։ Պարզապես ադրբեջանցի լրագրողի կողմից հնչած պարզ հարցին տրվել էր դիվանագիտական խուսափողական պատասխան։ Ուշագրավ է, որ թուրքական մեդիայի տրամաբանությունը մեզ մոտ շարունակելն իր վրա կամավոր վերցրել է Ազատություն ռադիոկայանը։

Օհանյանն էլ հիանալի отшить արեց՝ ասելով. «էս հարցով դիմեք ԼՂՀ իշխանություններին»։ 

Ինչևէ, էլի կային մանր-մունր դրվագներ, երբ հատկապես կին լրագրողներն ակնհայտորեն թույլ էին տիրապետում բանակային թեմատիկային ու չէին էլ հասկանում՝ ինչ են հարցնում, ու ինչ են իրենց պատասխանում։ Կային նաև այնպիսիք, ովքեր լրիվ не в тему հարցեր էին տալիս, բայց դե դա արդեն էական դրվագներ չէին։ Ինձ համար կարևորագույն կետերը ես արդեն առանձնացրեցի։ Մնացածը կարող եք նայել  ինքներդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել