Քանի որ ես ստաբիլ սուր քննադատության եմ ենթարկում բոլոր պրոֆաններին, ովքեր էշ-էշ փռթում են բանակի մասին՝ պատկերացում անգամ չունենալով, թե ինչ է բանակը, ապա մի քիչ էլ անարդար է, որ ես հակառակի մասին վկայող բաներ չեմ ասում։ Ուստի, որոշեցի էս անգամ էլ պատմել իմ բանակային հիշողություններից մեկի մասին, որը միայն մեկն է այն բազմաթիվ ուրախ ու հիշվող պահերից, որ պարգևել է ինձ ծառայությունը ՀՀ Զինված Ուժերում։ Թող էս գրառումը կարդացող լավ մարդիկ հասկանան, որ բանակում մենակ զինվոր ստորացնելով ու սպանելով չեն զբաղված, իսկ էն մարդիկ էլ, ով տարածում են այդ ապատեղեկատվությունը, թող կարդան ու գետինը մտնեն։

Որեմն ժողովուրդ ջան, ես արդեն դեմբել էի ու մի օր տղերքով որոշեցինք խաշ դնել։ Ասեցինք ու արեցինք՝ երեքշաբթի երեկոյան սամավոլկա գնացինք Ստեփանակերտ, տոտեր առանք ու հետ եկանք, բայց պարզվեց, որ մի հատ խնդիր կա՝ տոտերը մազոտ էին։ Մտածինք, մտածինք, մեկ էլ մեր քանաքեռցի Գուգոն հայտարարեց, որ ինքը գիտի թե ինչ պետք է անել ու դուրս վազեց սենյակից…
Մի երկու րոպե հետո Գուգոն վերադարձավ, ինքն էլ նենց հպարտ դեմքով, ոնց որ Շուշին ինքն էր ազատագրել։ Մի խոսքով, եկավ, սուսուփուս վերցրեց տոտերը, սափրվելու մածուկով փրփուր արեց ու սկսեց BIC ածելիով սափրել դրանք։ Ու մինչ մենք ծիծաղից գլորվում էինք, մեր էպիլյատոր Գուգոն համառորեն իր գործն էր անում։ Արեց պրծավ, տոտերը դրեց ջրի մեջ, որ արյունը դուրս գա ու գնացինք քնելու։
Հաջորդ երեկոյան, երբ ճաշարանից բարձրացա մեր դոմիկը, Գուգոն շնչակտուր հաղորդեց, որ էդ տականք տոտերի վրա մազերն աճել են օրվա ընթացքում… երեկոյան Գուգոս էլի զբաղված էր տոտերի էպիլյացիայով, իսկ մենք գլորվում էինք ծիծաղից։ Նույնը կրկնվեց նաև հինգշաբթի օրը…
Հինգշաբթի երեկոյան Գուոգոն հայտարարեց, որ տոտերի վրայի մաշկը սկսել է քերթվել, ասեց «Ռազդռաժենիա տվել ախպեր, կփչանա սենց…» ու մինչ մենք ուշքի կգայինք, գնաց բերեց իր крем после бритья-ն, որն ի դեպ մենթոլով էր ու արդեն ավանդական դարձած սափրումից հետո, շատ քնքշորեն ու մանրազնին քսեց այդ մածուկը բոլոր տոտերի վրա։ Կարծում եմ կարիք չկա ասելու, թե ինչքան էինք մենք ծիծաղել, պարզապես ասեմ, որ դրանից հետո՝ մի քանի օրվա ընթացքում, փորներիս մկանները բռնված էին։ՃՃՃՃ
Շաբաթ երեկոյան մենք վերջապես անցանք խաշի եփմանը ու ամբողջ գիշեր կաթսայի կողքն էինք փոխեփոխ հերթապահում։ Քանի որ ճզմիչ էլ չունեինք սխտորի համար, իսկ մեզ համակել էր էստետիկայի արիստոկրատական պոռթկումը, որոշվեց, որ սխտորը ոչ թե ճզմելու ենք ենթակա միջոցներով, այլ մա՜նր-մա՜նր կտրտելու ենք դանակով։ Մի խոսքով, ահագին զբաղմունք կար…
Եկավ առավոտը, մեր խաշը վերջապես պատրաստ էր։ Մենք հրավիրեցինք մեր մյուս ընկերներին էլ ու մի լա՜վ քեֆ արեցինք։ Անգամ այն հանգամանքը, որ մեր էլեգանտ խաշի տոտերը այնքան էին ներծծել մենթոլով մածուկը, որ խաշից էլ մենթոլի համ էր գալիս, բնավ չմթագնեց մեր հաճույքն ու վայելքը։ Արդյունքում, բացի կուշտ փորից, ինձ մնաց մի հիանալի հիշողություն, որը կմնա հետս մինչև կյանքիս վերջ։
Վաստահեցնում եմ, նման զավեշտալի պատմություններ դեռ շատ ունեմ բանակի մասին, ու ոչ միայն ես, այլ ցանկացած ծառայած տղա։ Եկեք բոլորս էլ մենակ փնովելու ու քննադատելու, բողոքելու ու հեծանիվ հայտնագործելու փոխարեն, մեկ-մեկ էլ կիսվենք այն դրական պահերով, որոնք մենք ձեռք ենք բերել շնորհիվ մեր ազգային բանակի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել