...Այդպես էլ շարունակիր, սիրելի Էդվարդ, քանզի դու ճիշտ ուղու վրա ես: Այն, ինչի մասին դու այսօր խոսել ես մամլո ասուլիսում, ինձ հույս է տալիս, որ չեմ սխալվել քո հարցում, թեպետ արդեն կասկածում էի, որ համր ես: Շատերը քեզնից խոսք էին սպասում, շատերը դեռևս չեն դադարել հիանալ քո թշերից, միգուցե դու նաև սեքսուալ ես կանանց համար, բայց ախր Արտգործնախարարությունը հո գիշերային ակումբ չի, դու էլ նրա սեփականատերը: Դու երբեմն պատճառաբանում ես, որ դիվանագետը պետք է հաճախ լռի, ինչի հետ անթաքույց համամիտ եմ, սակայն չպետք է մոռանալ, որ լռելով դու կարող ես կորցնել խոսելու ունակությունը: Վերջին անգամ քեզ խոսելիս տեսել եմ, երբ գինովցած էի և սիրուհիներիցս մեկի դրդմամբ պատահական գրավեցի հարևան Ատրպատականը: Հավատա, իմ սիրելի Էդվարդ, Հռոմից քիչ հոխորտանքներ չլսվեցին իմ հասցեին, ինձ նույնիսկ սպառնացին սանկցիաներով՝ մասնավորապես արգելել ինձ ունենալ միևնույն ժամանակ 12 կին՝ դրանց թիվը հասցնելով 6-ի: Նրանք գիտեին, թե ինչքան խոցելի եմ ես այդ առումով, բայց ոչինչ չարեցին բացի հոխորտալուց: Եվ գիտես ինչու, իմ թանկագին Էդվարդ.. Ես էլ չգիտեմ, քանզի դա ինձ ամենևին չէր հետաքրքրում, քանզի աշխարհը հաշվի է նստում հաղթողի հետ: Խաղաղության մասին գրքերը դեռևս խաղաղ ապրել չեն սովորեցնում, այնինչ անցել է 26 օր, և դու նոր ես շնորհավորում քո ժողովրդի նոր տարին, տենց լավ չի, սպասեիր և շնորհավորեիր նաև մարտի 8-ն ու ապրիլի 7-ը: Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական քաղաքական իմպոտենտությունը թաքցնելու ճղճիմ փորձ: Դու ասում ես, որ դու կոմֆորմիստ ես, գրողը տանի, նայի շուրջդ, այսօր կոմֆորմիստ են բոլորը, բացի Արշակ Սադոյանից, նա էլ այդպիսին կլիներ, եթե չլիներ սպառված ու անողնաշար, ինչպիսին Հանրային խորհուրդն է: Այսօր նաև քո ձեռքում է գտնվում հայ ժողովրդի բարօրության հարցը: Ի՞նչ ես անում դու կարգավորելու Ղարաբաղյան հարցը, վերջին անգամ քեզ Ղարաբաղում տեսել եմ, երբ Պոմպեոսի հետ բարեկամաբար քննարկում էինք հայ-հռոմեական ճգնաժամը: Ամփոփելով խոսքս՝ սիրելի Էդվարդ, ուզում եմ մի քանի խորհուրդ տալ քեզ:
1. Կարդա, շատ կարդա, կարդա այն, ինչ ես եմ կարդացել: Չհասկացվելուց մի վախեցիր, վախեցիր կարդացածդ չհասկանալուց:
2. Երբեմն զրուցիր կայսեր հետ, Սերխիանոսը շատ զբաղված է, սակայն այսօր ելույթ է ունեցել ՊՆ-ում հայ-ադրբեջանական սահմանում՝ տեղի ունեցած վերջին դեպքերի վերաբերյալ: Հավատա, Էդվարդ, նա կարոտել է քեզ, քանզի քո մասին ինձ գրել է ֆեյսբուքով, նա պարզապես ուզում էր տեղդ իմանալ: 
3. Հիշիր մեկընմիշտ՝ բանակցություններին ոչինչ այնքան վնաս չէ, ինչքան դրա հաճախակի փոփոխությունը: Բանակցիր վստահ և մի վախենա, որ կհայհոյեն քեզ, միևնույնն է, հայհոյելու են, սա է մեր ճակատագիրը:
4. Կանանց հարցում, սիրելի Էդվարդ, եղիր ավելի ինտենսիվ, ոչ-ոչ, ես չեմ ասում՝ դառիր սեքս-մեքենա, սակայն օգտագործիր նրանց ունակություններն Արտգործնախարարության ինստիտուտը կայացնելու գործում: Եթե չես հասկանում նրանց, պարզապես քնիր նրանց հետ: Նրանք վիթխարի դիվանագետ են, սակայն եղիր ուշադիր, քանզի քնելու արդյունքում ոչ միայն կարող ես կորցնել պաշտոնդ, այլև գլուխդ: Հա, մեկ էլ մի բան, քիչ շփվիր Հրանուշ Հակոբյանի հետ, բայց էնպես արա, որ նա չիմանա, որ ասել եմ քեզ դրա մասին:
5. Վերջինը, իմ սիրելի էդվարդ: Հրատարակիր քո ինքնակենսագրականը, Հայաստանի արտգործնախարարներից կարծեմ միայն Օսկանյանն է հանդես եկել նման կերպ: Մեկ էլ Րաֆֆին, չնայած նրա համար նույնպես ունեմ մտվախություն, քանզի ամբողջ գիքրը կարող է վերածել աղոթքի: Զրուցիր բոլոր նախագահների հետ: Առաջինի հետ զրուցիր, թե ինչպես խաբեց Ելցինին Շուշիի գրավման ժամանակ, և անպայման հարցրու, թե ինչու է մինչև այսօր լռում: Տես՝ ինչի բերեց նրա լռությունը, սիրելի Էդվարդ, մի՞թե դու դա ես ուզում: Երկրորդի հետ զրուցիր բասկետբոլից ու Մակ-ում նրա ֆանտաստիկ ելույթից՝ կապված ցեղասպանության հետ: Դե իսկ երրորդը, ինչպես ասացի, քեզ է փնտրում, կապվիր նրա հետ, սիրելի Էդվարդ, կապվիր, քանի հրաժարական չես տվել:

Առողջ եղիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել