Վերջերս Հայաստանում կազմակերպությունները սկսել են համեմատաբար ավելի շատ ուշադրություն դարձնել Ֆեյսբուք սոցիալական կայքի վրա: Դա բնական երևույթ է, քանի որ Ֆեյսբուքն այսօր հանդիսանում է ոչ միայն ընկերների հետ շփվելու հեշտ միջոց, այլ նաև սեփական ապրանքը գովազդելու ու հաճախորդների հետ մշտական կապի մեջ գտնվելու արդյունավետ տարբերակ: Սակայն կեղծ լայքեր հավաքելն ինքնախաբեություն է: Ֆեյսբուքի էջի իմաստը կայանում է նրանում, որ այդ ապրանքը, ծառայությունը կամ մարդու գործունեությունը հավանողները տեղեկացված լինեն նորություններին կամ պարբերաբար ստանան որոշակի ինֆորմացիա:

Օրինակ, եթե մի էջ ունի 1000 իրական և 4000 կեղծ լայք, ապա դրանից կարելի է ենթադրել, որ այդ էջում հրապարակած ցանկացած նորություն, այնուամենայնիվ, կտեսնի 1000 հոգի: Այս դեպքում ի՞նչ իմաստ ունի կեղծ պրոֆիլների հաշվին 4000 լայք շատացնել: Սա նույնն է, որ տպագրեք 5000 հատ հրավիրատոմս ու վարձեք աշխատող, որպեսզի նա փողոցում կանգնի ու անցորդներին բաժանի դրանք: Սակայն մեր դեպքում այդ տղան կբաժանի 1000 հրավիրատոմս, իսկ մնացած 4000-ը կնետի աղբարկղը: Իսկ դուք չեք իմանա դրա մասին ու կկարծեք, որ ձեր հաճախորդներին բաժանել եք 5000 հրավիրատոմս:

Հիմա անդրադառնանք այն փաստին, թե ինչ իմաստ ունի մարդկանց ստիպել հավանել ձեր էջերը: Այս դեպքի համար նորից անդրադառնանք վերևում նշված օրինակին: Ենթադրենք, նույն այդ աշխատողը 4000 հրավիրատոմսերը ոչ թե նետում է աղբարկղը, այլ ստիպողական դրանք տալիս է այցորդներին: Այդ դեպքում կունենանք նույն էֆեկտը, քանի որ այցելուներին հաստատ չի հետաքրքրի իրենց ստիպողաբար հանձնած հրավիրատոմսերը, և նրանք կնետեն դրանք աղբարկղը: Անիմաստ է մարդկանց ստիպել կամ խնդրել, որպեսզի Like անեն ձեր էջերը կամ կեղծ պրոֆիլների հաշվին լայքեր հավաքել, քանի որ դա ինքնախաբեություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել