23 առաջ այս օրը Քարին տակում կայացավ ռազմական առումով անհավանական գործողություն: Հայ ժողովրդի պատմության մեջ 1992 թվականի հունվարի 26-ը ամրագրվեց որպես Քարին տակի հերոսամարտի օր, իսկ Ադրբեջանը, ելնելով նույն օրն ունեցած հարյուրավոր զոհերի քանակից և խայտառակ պարտությունից, 1992 թվականի հունվարն անվանեց ‹‹արյունոտ հունվար››, իսկ Քարին տակը՝ ‹‹արյունոտ ձոր››։

Քարին տակը Շուշիին ամենամոտ գյուղն է: Շուշիի կիրճում՝ Կարկառ գետի ձախ ափին է ծվարած արծվաբույն Քարին տակը: Առաջին հայացքից աննշան ու փոքրիկ այս հայկական գյուղն 90-ական թվականներին իսկական պատուհաս էր դարձել ազերիների համար:

Ազերիները բազմաթիվ սադրանքների էին դիմել իր սար ու քարին կառչած քարինտակցուն տեղահանելու համար: 1992թ. հունվարի 26-ին ազերիները, գյուղը չորս կողմից շրջապատելով, ցանկանում են բնաջնջել իրենց ամենից շատ անհանգստացնող քարինտակցիներին: Քարինտակցիները մեկ մարդու պես ոտքի են կանգնում: Մեծ ու փոքր, մահն աչքների առաջ, անհավասար մարտի են ելնում ադրբեջանական ոհմակի դեմ և ութժամյա կատաղի դիմադրությունից հաղթող դուրս գալիս:

Շուշիից գլորվող քարե հեղեղն ու վառվող անվադողերը ոչ թե վախեցրել և խուճապի են մատնել քարինտակցիներին, այլ ինքնապաշտպանական ջոկատ և պաշտպանական դիրքեր ստեղծելու մտահղացման պատճառ են դառձել:

Արդյունքում՝ 1989թ. ստեղծվել է Քարին տակի ինքնապաշտպանական ջոկատը, որի հրամանատար է նշանակվել Վ. Առուշանյանը: Գյուղը մինչ 1992թվականի հունվարյան հայտնի դեպքերը պարբերաբար ստուգումների է ենթարկվել խորհրդային բանակի զինվորների, հետագայում նաև օմոնականների կողմից՝ նպատակ ունենալով զինաթափել գյուղը, մինչդեռ գյուղացիները վարպետորեն կարողացել են թաքցնել տարբեր միջոցներով ձեռք բերված որսորդական, ինքնաշեն հրացանները, նռնակներն ու ինքնաձիգները:

Գյուղի բնակիչները շատ լավ են հիշում հունվարյան այս օրը. 1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Քարին տակ գյուղում իրադրությունն անհանգիստ էր: Շուշիի սարահարթից հակառակորդն անցել էր նախադեպը չունեցող հարձակման:

1992թ. հունվարի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Մեհթիևի անմիջական ղեկավարությամբ մշակվում է մարտական գործողությունների պլան, համաձայն որի` հաշված ժամերի ընթացքում պլանավորվում է հայաթափել գյուղը: Հակառակորդը, մինչև ատամները զինված երկու կանոնավոր գումարտակով՝ մոտ 600 զինվոր, սկսում է ռմբակոծել Քարին տակը:

Ինչպես փաստում են Քարին տակի ինքնապաշտպանության կազմակերպիչները, գյուղում այդ ժամանակ եղել է 40 ինքնաձիգ, մեկ նշանառու հրացան, մեկ գնդացիր, մեկ նռնականետ և որսորդական հրացաններ: Հակառակորդը գյուղի վրա գրոհել է բոլոր ուղղություններով: Օրհասական պահին Քարին տակին օգնության են հասել Շոշի, Սղնախի, Սզնեքի, Ավետարանոցի, Կարմիր գյուղի և Քռասնու ջոկատները: Ջոկատները գյուղ են հասել կեսօրից հետո, և հակառակորդի հետ մարտում տվել են 7 զոհ: Այդ օրը Քարին տակին մեկ դասակով օգնության է հասել նաև Աշոտ-Բեկորը: Շուրջ 12 ժամ տևած կենաց և մահու կռիվ է ընթացել:

Հակառակորդը, գյուղի մատուցներում թողնելով 150-ից ավելի զոհ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, դիմել է փախուստի: Հայկական կողմը նույնպես զոհեր և վիրավորներ է ունեցել այդ օրը: Զոհեր են եղել նաև խաղաղ բնակիչներից, ովքեր մինչև վերջ գտնվելով գյուղում` օգնել են մեր տղաներին: Արցախյան ազատամարտի տարբեր ռազմագործողություներում իրենց կյանքն են զոհել 45-ից ավելի քարինտակցիներ:

1992թ. հունվարի 26-ի մարտերից հետո ազերիները Քարին տակն անվանում են ‹‹արյունոտ ձոր››: Արցախյան տարեգրության մեջ հունվարի 26-ը կոչվեց Քարին տակի հերոսամարտ: Քարին տակի հերոսամարտում զոհվել է գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար, Գերագույն խորհրդի պատգամավոր Վ. Առուշանյանը: Մեծ է Քարին տակի ռազմաքաղաքական նշանակությունը: Այստեղ ջարդվեցին հակառակորդի բազմաքանակ ուժերը, սարսափով լցվեցին Շուշիում բնավորված ազերիների սրտերը: Քարին տակը մնաց անսասան հենակետ` Շուշիի թշնամական որջը հարվածելու և 92 թվականի մայիսին պատմական Շուշին ազատագրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել