Ըստ ազգային վիճակագրության ծառայությունների՝ նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության աճ` կազմելով 3,9 տոկոս: Այս ամենից ելնելով` կարելի է ենթադրել, որ տնտեսական աճը կլինի 3 տոկոսի սահմաններում։ 
Միկրո մակարդակով ուսումնասիրելով ցուցանիշները` պարզ է դառնում, որ անցած տարվա տնտեսական աճի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել են գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտները։ Երկու դեպքում էլ տնտեսական աճը գերազանցել է 7 տոկոսը։ Ավելին, ծառայությունների ոլորտում այն ընդհուպ մոտեցել է 8 տոկոսին։

Խոսելով արդյունաբերական ոլորտից` պետք է արձանագրել, որ ի տարբերություն տարեսկզբյան անկմանը՝ երկրորդում հաջողվեց որոշակի դրական տեղաշարժեր գրանցել։ Թերևս դա էլ նպաստեց 2,7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը։ Արդյունաբերության ոլորտի ցածր աճին նպաստեցին ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները։ Ինչպես գիտենք, տարվա երկրորդ կեսին տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի գնի բարձրացում, ինչպես նաև իրենց ազդեցությունն ունեցան արտաքին գործոնները:

Արտաքին շուկայում բացասական իմաստով կարևորվեց ռուբլու արժեզրկումը, որի հետևանքով բարդացավ ՀՀ-ից դեպի ռուսական շուկա արտահանումը: Այնուամենայնիվ, նախորդ տարվա համեմատ գրանցվեց 2,7 տոկոս աճ` դրամական առումով կազմելով ավելի քան 1,5 մլրդ դոլար: 
Անկում տեղի ունեցավ շինարարության ոլորտում, որտեղ նվազումը կազմեց 4,3 տոկոս: Ինչ վերաբերում է էներգետիկային, որտեղ արտադրության ծավալները վերջին տարիներին անընդհատ նվազում էին, 2014-ին այս ոլորտը վերջապես դուրս եկավ անկումային իրավիճակից:

Անցած տարի բավական բարձր է եղել միջին աշխատավարձի աճը։ Դա նկատվել է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում: Միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 7,6 տոկոսով։ Այն կազմել է 171 հազար դրամ՝ պայմանավորված հատկապես պետական հատվածում վարձատրության մոտեցումների այն փոփոխություններով, որոնք տեղի ունեցան 2014թ. երկրորդ կիսամյակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել