Tert.am-ը գրում է․

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր հնչեց դերասան Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը:

«Այս դատավարության ընթացքում երկու բան է ինձ զարմացրել. առաջինը, թե ինչպես են ինձ ձերբակալելուց հետո պատգարակով հասցրել կալանավայր և վերջին դատական նիստին իմ լսած սարսափելի սուտը: Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ.... Ես գիտեմ, թե ինչու  այս գործն այսպես դասավորվեց, սարքվեց: 1966 թվականին Պարույր Սևակը Հայաստանի Գրողների միությունում խոսեց գազոնային քաղաքականության մասին: Սա նույնի շարունակությունն է՝ անհատ և հասարակություն, ավելի ճիշտ՝ ռեժիմ: Չեմ ուզում ինքս ինձ մեծարել: Պատահական չեն Սևակի, Մինասի, Քոչարի, Չարենցի, Աճառյանի օրինակները, որոնց ճնշել են, ճզմել են: Ես չարացած չեմ ոչ մի բանի, ոչ մեկի հանդեպ»,-իր խոսքում ասաց Վարդան Պետրոսյանը:

Շարունակելով իր խոսքը՝ Վարդան Պետրոսյանն ասաց, թե այնքան էլ կողմ չէ մեղադրողի մեղադրանքին, բայց չի կարող չնշել դատավարության ընթացքում նրա դրսևորած կոռեկտության, զսպվածության մասին:

«Չեմ կարող չնշել տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի «սարյանական դեղին, օռանժ գույնը», հայեցի, շիրա, խաղողի ողկույզի պես մի բան ունի: Ինչ ասեմ, մարդն իր գործն է անում և դեռ անելու է»,-ասաց Պետրոսյանը՝ շարունակելով. «Տուժածների նկատմամբ իմ վերաբերմունքը միշտ նույնն է և մնալու է նույնը մինչև կյանքիս վերջ: Շեշտում եմ, չմտածեք, թե ուզում եմ բարի վերաբերմունք կորզել: Ես հասկացա, որ մենք հեռվից հեռու և առանձին կգնանք: Երևի հնարավոր չի միասնական կյանքը, մխիթարությունը: Շատ ցավում եմ, որ այդպես ստացվեց, ես կարծում էի՝ այլ կերպ կլիներ, մենք ձեռք ձեռքի կտանք, ավելի հեշտ կապրենք այդ վիշտը միասին: Ես գիտեմ, որ մի մարդ եմ, որ կարողացել եմ միշտ մխիթարել, իրենց կողքին լինել ամենադաժան պահերին, բայց դա չստացվեց»:

Վարդան Պետրոսյանը հավելեց, որ շատ շնորհակալ է իր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից, ով, ըստ Վարդան Պետրոսյանի, աշխատում էր շատ ծանր պայմաններում, նման չէր մյուս փաստաբաններին: Դերասանը շնորհակալություն հայտնեց մյուս փաստաբաններին՝ Սամվել Ջաղինյանից, Մարի Դոզեից:

Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին, ովքեր լուսաբանում էին դատավարությունը: Նա ասաց, թե երբեք չի ցանկացել, չի հավակնել իր նկատմամբ գովեստի խոսքեր, պարզապես նրանց ներկայությունը պահանջել է, որպեսզի դատարանից «դուրս գա» այն, ինչ կատարվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել