Դեկտեմբերի 17-ին գրեթե բոլոր արտարժույթների նկատմամբ արձանագրվեց Հայաստանի ազգային արժույթի` դրամի փոխաժեքի կտրուկ անկում: Արժույթի աննախադեպ անկումը ժամերի ընթացքում հասարակության շրջանում  առաջացրեց խուճապ: Այն քաղաքացիները, որոնք ունեին դրամի տեսքով խնայողություններ, ողջ օրվա ընթացքում ձգտում էին արագ «ազատվել» դրանից: Անկումը քաղաքացիներին մղեց դեպի խանութներ, տարադրամի փոխանակման կետեր: Հասարակության նմանօրինակ հուզումներն ու խուճապը ստիպեցին ապրանք վաճառողներին և տարադրամի փոխանակմամբ զբաղվողներն կտրուկ բարձրացնել ապրանքների գները և արտարժույթի փոխարժեքները, իսկ որոշները առժամանակ կասեցրին առքուվաճառքը…
Ի հեճուկս ՀՀ տնտեսության ցածր իմունիտետի` շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանում գլուխ է բարձրացրել արտարժույթի նկատմամբ ազգային արժույթի արժեզրկման հարցը` ստվերելով հասարակական և քաղաքական քննարկման ասպարեզում գտնվող անգամ ամենաշահարկված թեմաները: Դա ունի իր բացատրությունը… Ֆինանսական բորսայում դրամ-դոլար հարաբերությունը հատեց վերջին ութ տարիների ընթացքում սահմանված առավելագույն չափը. մեկ դոլարի փոխարժեքը դարձավ 550 դրամ, եվրոն հասավ 690 դրամի, արդյունքում դոլարն արժևորվեց 18,6,%, եվրոն` 18%-ով: Դրամի կտրուկ արժեզրկումը հանկարծակիի բերեց ֆինանսական ոլորտի շահառուներին` հակասելով 2014 թվականի համար Կենտրոնական բանկի կանխատեսումներին: Արդյունքում հանրապետության ողջ տարածքում նկատվեց ակնհայտ գնաճ. կտրուկ թանկացան ամենատարբեր ապրանքատեսակները` այդ թվում նաև տեղական արտադրանքը: Որոշ ապրանքատեսակների մասով տոկոսային հարաբերությամբ գնաճը եղավ ավելի, քան դրամի արժեզրկումը: Տնտեսությունում տիրող քաոսային իրավիճակն առիթ հանդիսացավ տարաբնույթ մեկնաբանությունների: Վերլուծաբանների մի մասն արժեզրկումը պայմանավորում էր արտաքին տնտեսաքաղաքական նոր իրողություններով, մյուս մասը «մեղադրում» էր ներքին խնդիրներին: Հայկական արժույթի արժեզրկման գլխավոր` ներքին պատճառը, վերջին շրջանում շուկայում առաջացած դոլարի դեֆիցիտն է: Դոլարի նկատմամբ պահանջարկը գերազանցում է շուկայական առաջարկին, ինչն էլ, ենթարկվելով տնտեսագիտության ոսկե կանոնին (պահանջարկի օրենք), հանգեցնում է դրամ-դոլար փոխարժեքի աճին: Հաշվի առնելով այն, որ Հայաստանում սպառվող ապրանքների ծանրակշիռ մեծամասնությունը ներմուծված է, ուստի բնական է, որ դոլորի նկատմամբ պահանջարկի առյուծի բաժինն ընկնում է դրանց ներկրմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին: Վերջիններս տնտեսության մեջ առկա արտարժույթն «արտահանում» են արտերկիր` հանգեցնելով շրջանառության մեջ արտարժույթի ծավալային կշռի նվազման: Դոլար չներմուծող և եղածն էլ անխնա արտահանող Հայաստանում արտահանումը մի քանի անգամ գերազանցում է ներմուծմանը, իսկ բացասական սալդոյի ցուցանիշը վերջին ժամանակներս էլ ավելի աճեց արտահանման ծավալների կրճատման արտաքին գործոնի պատճառով: Դրամի արժեզրկման արտաքին պատճառը նավթի գների անկումն է: Իրողությունը բացասաբար ազդեց նավթամքերքի վաճառքով զբաղվող ԱՊՀ երկրների` մասնավորապես Ռուսաստանի տնտեսության վրա: ՌԴ-ում ստեղծված իրավիճակը նվազեցրեց հայկական ապրանքների` ռուսական շուկայում իրացումը, ինչն էլ պատճառ դարձավ Հայաստանի արտահանման ծավալների կրճատման: ՌԴ տնտեսության ճգնաժամային իրավիճակը բացասական ազդեցություն ունեցավ նաև Հայաստանում գործող ռուսական ընկերությունների աշխատանքի վրա, կրճատվեց նաև Ռուսաստանից Հայաստան ուղղվող տրանսֆերտները: Արդյունքում ռեսուրսներ չունեցող և իրադարձությունների ծայրակետում գտնվող Հայաստանի տնտեսությունը անմասն չմնաց արտաքին բացասական ազդեցություններից և ազգային արժույթի արժեզրկմամբ տուժեց գրեթե այնքան, որքան իրադարձությունների կիզակետում գտնվող մնացած պետությունների տնտեսությունները: Արտարժույթի արժևորման մեջ, որպես արտաքին գործոն, իր առանցքային դերակատարումն ունեցավ արտարժույթի տերը` ԱՄՆ-ն, որ միայն իր արժույթը վեր ու վար անելով` ստեղծեց ճգնաժամային իրավիճակը: Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող վալյուտայի փոփոխությունը լրացուցիչ 1.5-2% գնաճի խթան դարձան: Արդեն իսկ թանկացել են ներմուծվող ապրանքատեսակները, որոնք կազմում են ՀՀ քաղաքացու սպառողական զամբյուղի 37%-ը: Եթե ազգային արժույթի արժեզրկմամբ պայմանավորված թանկացումներին գումարենք նաև սեզոնային թանկացումները, ապա նոյեմբերի սկզբից մինչ այսօր գնաճը Հայաստանում տարբեր ապրանքատեսակների համար միջինում կազմել է երկնիշ տոկոսներ: Ստեղծված իրավիճակից առավելապես օգուտ են քաղում վերավաճառողները, ովքեր ներմուծման վնասի անվան տակ երբեմն կրկնապատկում են իրենց շահույթը: Երբ դոլարն արժեզրկվում է 25%-ով, բայց դրա անվան տակ, օրինակ, շաքարավազը երևանյան տարբեր վաճառակետերում 350 դրամից հասնում է գրեթե 700 դրամի, դա, մեղմ ասած, հնարավորությունների չարաշահում է: Ակնառու օրինակ են նաև կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները, որոնք բարձրացնում են կաթնամթերքի գինը` պատճառաբանելով հումքի` կաթի փոշու ներմուծման բարձր գինը, հակառակ` պիտակի վրա «անարատ կաթ» գրությանը:
Արևմտյան արժույթները Հայաստանում ամրապնդվում են, հյուսիսային ռուբլին` արժեզրկվում, և վալյուտային վայրիվերումներից առավելապես տուժում են արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները, ովքեր ստիպված են վճարել ոչ միայն մենաշնորհների «վնասները մեղմելու», այև դրամի` ռուբլու նկատմամբ արժևորման համար: Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնողների մեկ տարվա վաստակը ռուբլու անկանոն արժեզրկման պատճառով այսօր կրկնակի անարժեք է, իսկ տարադրամի փոխանակման արդյունքում ստացված գումարը կորցրել է նախկին գնողունակությունը: Հայաստանի տնտեսության՝ օտար մարմիններից խոցելիությունը հարվածում է Հայաստանի շարքային քաղաքացու ընտանեկան բյուջեին:

Մակրոտնտեսական բազմաթիվ հետազոտությունները փաստում են տնտեսությունում առկա գնաճի մակարդակը 1%-ը փոխհատուցելու համար, պետությունները ծախսում են երկրի ՀՆԱ-ի 4%-ը: Կարծես ՀՆԱ-ի 4%-ի ավելցուկը իրեն զգացնել է տալիս Հայաստանի տնտեսությունում, քանզի եթե վարվենք այնպես, ինչպես փաստում են համաշխարհային հետազոտությունները, այն կծախսվի վերջին ժամանակներում «բարոյալքված» ազգային արժույթը «բարոյական» դարձնելու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել