Հարգելի պարոն Յիրիկյան, ես՝ Արման Ղարիբյանս, 2007 թ.-ից Viva-Cell-ի բաժանորդն եմ, 8 տարի շարունակ տնօրինել են 0931290## հեռախոսահամարը: Անցյալ տարվա օգոստոսին ես վերաթողարկել եմ իմ հեռախոսահամարի քարտը, քանի որ կորցրել էի այն: 2015 թ.-ի հունվարի 26-ին իմ հեռախոսահամարի սպասարկումը ժամանակավորապես կասեցվել է առանց ինձ զգուշացնելու:
Նշեմ, որ ես երբեք պարտքեր չեմ ունեցել, մշտապես բարեխղճորեն կատարել եմ իմ պարտավորությունները:
Բաժանորդների սպասարկման բաժնից տեղեկացա, որ քարտի սպասարկումը կասեցվել էր, քանի որ այն ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԱՆՈՒՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ: Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցերին.

Ինչո՞ւ և ինչպե՞ս իմ հեռախոսահամարը գրանցված չի եղել իմ կամ առհասարակ որևէ մեկի անունով:

Ինչպե՞ս է քարտը շուրջ կես տարի սպասարկվել առանց գրանցման:
Քանի՞ քարտ կա ներկայումս, որ գրանցված չէ, սակայն շարունակում է սպասարկվել Ղ-Տելեկոմի կողմից:

Ո՞վ է պատասխանատու իմ քարտի չգրանցման համար, և երբվանի՞ց է տվյալ անձն աշխատում Ձեր ընկերությունում:

Ինչպիսի՞ պատասխանատվության է ենթարկվելու տվյալ անձը (եթե կլինի համապատասխան փաստաթուղթ, խնդրում եմ կցել այն Ձեր պատասխանին):
Ինչո՞ւ ես չեմ զգուշացվել, որ օգտագործում եմ չգրանցված հեռախոսահամար նախքան դրա կասեցումը:

Ո՞ւմ որոշմամբ է իմ քարտի սպասարկումը կասեցվել հենց հունվարի 26-ին:
Ինչպե՞ս է Ղ-Տելեկոմը պատրաստվում փոխհատուցել ինձ հասցված նյութական և բարոյական վնասի դիմաց (ես զրկվեցի շատ կարևոր զանգեր ստանալու հնարավորությունից, կորցրեցի իմ աշխատաժամանակն ու քայքայեցի նյարդերս):

Եվ վերջին հարցս հռետորական է.
Այսքանից հետո ինչպե՞ս հավատալ, որ Viva-Cell-MTS-ը Հայաստանի առաջատար բջջային օպերատորն է: Թե՞ դա միայն բաժանորդների քանակով է որոշվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել