Շատ ենք լսում, որ ՀՀ իշխանությունների մասին խոսելուց հիմնականում օգտագործվում են դրածո, ապազգային, ապաշնորհ, ոչ արհեստավարժ, խամաճիկ և այլ մակդիրներ: Համաձայն ենք, տեսնում ենք, զգում ենք մեր մաշկի վրա: Ու դեռ ավելին, բավականին «փափուկ» մակդիրներ են օգտագործվում երբեմն, ավելի «սազականներ» կան, ինչպիսիք են թալանչի, ազգադավ, մինչև ուղնու ծուծը կոռումպացված և այլն: 
Բայց եկեք ավելի շատ ուշադրության արժանացնենք միայն ԴՐԱԾՈ լինելու հանգամանքին: Բնականաբար եղել է ու կա այդ հանգամանքը և եղել է ողջ հետանկախության շրջանում, ուղղակի շղարշվել է ընտրություններ կոչված, բայց ավելի շուտ ընտրաշոուներ հիշեցնող ֆորմալ երևույթով, որին, մեղքներս ի՞նչ թաքցնենք, մասնակցել է մեր հասարակության որոշ մասը, այն էլ որպես շոուի ակտիվ մասնակիցներ կողմնակցի կարգավիճակով: Ինչևէ: Հիմնական թեման այդ չէ:
Հիմա եթե կա ԴՐԱԾՈ լինելու գործոնը, արդեն անիմաստ չի՞ դառնում արդյոք մեր սպասումները, որ ԴՐԱԾՈ իշխանությունները միևնույն ժամանակ լինեն ազգային, լինեն արդար, լինեն արհեստավարժ և ողջ այդ պոտենցիալը ներդնեն երկրի ու ազգի առաջընթացի ու զարգացման համար:
Եթե ԴՐԱԾՈ են, ապա արդեն բավարար պայման է, որ կլինեն այնպիսին, ինչպիսին են ու սպասել, որ ինչ-որ երկրում, այդ թվում և Հայաստանում մի երրորդ կողմ, ունենալով իր ԴՐԱԾՈ-ները, ԴՐԱԾՈ-ներով հանդերձ կամ ԴՐԱԾՈ-ների միջոցով պիտի լծվի ազգօգուտ, ազգանպաստ հիմնահարցերի ու հիմնախնդիրների լուծմանը, առնվազն կնշանակի ուղղակի ունենալ հումորի բավականին նուրբ և սուր զգացողություն:
Հ.Գ. Երևի պատճառներից մեկն էլ դա է, որ շատ հարցերի լուծումների փնտրտունքներում շատերս հաճախ անուղղակիորեն մեր հայացքն ուղղում ենք «հորիզոնից» այն կողմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել