ria.ru-ն հղում տալով թուրքական ԶԼՄ-ներին՝ բավականին հետաքրքիր հրապարակում է ներկայացնում մեր հարևան երկրի վերաբերյալ: Այսպես, ըստ հրապարակման, Եթովպիա կատարած պաշտոնական այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ահաբեկչության և տարածաշրջանային հակամարտությունների ու քաղաքացիական պատերազմների ժամանակ մահմեդականների զանգվածային սպանությունների թեմայով՝ մասնավորեցնելով, որ Թուրքիան երբեք հանդուրժող չի լինի ահաբեկիչների նկատմամբ, որոնք կարող են տարբեր կրոնների ներկայացուցիչ լինել: Ապա, ի զարմանս բոլորի, նախագահ Էրդողանը կտրուկ փոխել է իր բառապաշարն ու հետագա խոսքում շոշափել արդեն Եվրամիության հետ հարաբերությունների և կառույցին Թուրքիայի անդամակցության խնդրիրները: Այստեղ արդեն Էրդողանն ասել է, որ եթե Եվրամիությունը դեմ է հանդես գալիս իսլամատյացությանը, ուրեմն պետք է Թուրքիային ընդունի իր կազմում: Բավական ուշագրավ է այն, որ Էրդողանը հիշատակել է այն հանգամանքը, որ Թուրքիան անդամ է ՆԱՏՕ-ին ու ՏԶՀԿ-ին, ու որևէ խնդիր այս մասով չկա, կապված այն հանգամանքի հետ, որ երկիրը բնակեցված է մահմեդականներով, մինչդեռ ԵՄ-ն խոչընդոտներ է ստեղծում ու առիթ տալիս մտածելու, որ խնդիրն այլ է, քան ձևակերպվում է պաշտոնապես: Վերլուծաբաններն արդեն սկսել են գնահատականներ տալ Էրդողանի հայտարարությանը, ու եթե այն դիտարկենք ինչպես օրերս Անկարայում ԵՏՄ անդամ պետությունների դեսպանների մամլո ասուլիսի ժամանակ արված այն հայտարարության ֆոնին, թե Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՏՄ-ին միայն ողջունելի կլինի, իսկ մյուս կողմից էլ եթե հաշվի առնենք, որ նույն եթովպական այցի արդեն հայտնի հայտարարության վերջում Էրդողանն արդեն ուլտիմատիվ կերպով է խոսում այն մասին, որ Թուրքիան ուժեղ երկիր է և չի կանգնի ԵՄ-ի դռների առջև և խնդրի անդամակցության համար ու եթե Թուրքիային չընդունեն ԵՄ-ում, ապա այն իր ուղիով կընթանա, ապա պարզ է դառնում, որ օսմանականության վերածնունդի ջատագով Էրդողանն հաստատ փորձում է ինքնուրույն ուղի գտնել աշխարհաքաղաքական այս վերադասավորումների փուլում ու որպես օրինակ վերցրել է Պուտինյան մոդելը. իհարկե նաև չմոռանանք, որ իբրև աջակից էլ նա կունենա Մոսկվային, որի համար ՆԱՏՕ-ի թիվ երկու պետության դաշնակցությունը հաստատ լուրջ ձեռքբերում է իր վաղեմի երազանքի` ՆԱՏՕ-ի փլուզմանն հասնելու համար: 
Այս ամենը մեզ չէր հետաքրքրի, եթե մենք իբրև ավագ եղբայր ու ռազմավարական դաշնակից չունենայինք Ռուսաստանին ու մյուս կողմից էլ հարևան չլինեինք Թուրքիային, ինչի հանրագումարում արդեն պատմական փորձառությամբ հիմնավորված այն մտավախությունը կա, թե որքանով կդառնանք հերթական առուծախի առարկան կամ եթե նույնիսկ դառնանք, ինչքան արժևորված կլինենք առուծախի արենայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել