Իմ ուսանողների համար հասարակական կարծիք հասկացողությունը բացատրելիս հետևյալ համեմատությունն եմ թույլ տալիս: Երբևէ դիտարկել ե՞ք, թե ինչպես են իրենց պահում խորովածի կրակի շուրջ հավաքված հայ տղամարդիկ: Մեկն ասում է, որ պետք է շրջել միսը, մյուսը պնդում է, որ կրակը ուժեղ է, մեկ ուրիշը գիտականորեն հիմնավորում է, որ կրակը հերիք չի, և խորովածն անպայման հում կմնա: Բոլորն իրենց հեղինակավոր կարծիքը հայտնում են առարկություն չընդունող տոնով և որպես վերջնական ճշմարտություն: Բոլորը մրցության մեջ են իրենց չունեցած գիտելիքները ցուցադրելու հարցում և անպայման ցանկանում են ապացուցել, որ իրենց խորովածային գիտելիքներն ամենախորքայինն են: Խորոված անողը եթե ընկնում է հասարակական կարծիքի, այսինքն, տվյալ դեպքում, իր շուրջը հավաքված մարդկանց խելքին, երբեք չի կարող նորմալ խորոված պատրաստել: Այս ազգային առանձնահատկությունը կարելի էր անմեղ ու մի փոքր էլ զվարճալի համարել, եթե նույն կանոնը չտարածվեր բոլոր ոլորտների վրա անխտիր: Անլուրջ թեթևությամբ շոշափվում են բժշկական, իրավաբանական, հոգեբանական, ռազմական թեմաներ: 
Էքսպերտային կարծիքը լավագույն դեպքում խլացվում է համընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ, իսկ հաճախ բազմոցային ամենագետները նույնիսկ ծաղրում են մասնագիտական կարծիք արտահայտողին:
Հասարակական կարծիքի մուտացիան արդեն լույսի արագություն է զարգացնում: Դեռ երեկ Պերմյակովին ճիվաղ ու հրեշ անվանողներին հերիք էր 10 վայրկյանանոց անձայն վիդեո ցուցադրել, որպեսզի ճիվաղ ու հրեշ Պերմյակովը դառնա «Վայ, էս խեղճ տղեն չէր կարող մարդ սպանել»: 
Վստահ եմ՝ սահմանային ցավալի միջադեպերից հետո բազմոցային ամենագետները «ձեռքի թեթև հպումով» քրեագետ-հոգեբանից միանգամից վերածվելու են ականավոր զորավարների: Երևի Մակեդոնիայում հիմա այդքան մակեդոնացի չկա, որքան հայկական ֆեյսբուքում: 
Լսեք, մեր երկիրը խորովածի կրակ չի, որ ամեն մի անցորդ փորձի ինքնահաստատվել դրա շուրջ, գոնե հիմա լռեք, որպեսզի կարողանանք լսել ռազմական փորձագետների ձայնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել