1969 թվականի հունվարի 22-ին կատարվեց աննախադեպ իրադարձություն՝ մահափորձ Խորհրդային Միության ղեկավարի դեմ: Լենինդրադցի 21-ամյա լեյտենանտ Վիկտոր Իլյինը փորձեց վերացնել Խորհրդային միության կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին: 
Իլյինը որոշեց սպանել Բրեժնևին հենց հունվարի 22-ին: Պարզապես շատ հարմար առիթ էր: Նախօրեին Երկիր էին վերադարձել սովետական տիեզերագնացները, որոնք պատմության մեջ առաջին անգամ ուղեծրում իրականացրել էին երկու տիեզերանավերի՝ «Սոյուզ-4»-ի և«Սոյուզ-5»-ի միակցումը: Երկրի ղեկավարը այդ օրը պետք է դիմավորեր հերոսներին «Վնուկովո» օդանավակայանում, իսկ այնուհետև Մոսկվայի փողոցներով ուղեկցեր նրանց մինչև Կրեմլ, որտեղ շքեղ արարողություն էր նախատեսված: 
Իլյինը հասկացավ, որ պահը եկել է: Օգտվելով նրանից, որ զորամասի հրամանատարությունը տեղում չէր, վերցրեց Մակարով տիպի երկու ատրճանակ՝ փամփուշտներով և Լոմոնոսովից ուղևորվեց ուղիղ դեպի «Պուլկովո» օդակայան: Մոսկվայի տոմսը նախօրոք էր գնել: Առավոտյան կանուխ հասավ «Շերեմետևո», ուղևորվեց քեռու տուն: Քեռին միլիցիոներ էր, դիմավորեց, կերակրեց լեյտենանտին ու գնաց ծառայության: Բայց պահարանում պահվում էր ոստիկանի ամառային համազգեստը: Իլյինը հագավ այն և շտապեց Կարմիր հրապարակ: Դիրք զբաղեցրեց հենց Կրեմլի պատերի տակ՝ այն դարպասի մոտ, որով պետք մուտք գործեին կառավարական մեքենաները: Ոչ ոք նրան չէր խոչընդոտում, որովհետև ոստականական համազգեստով էր: 
Երեկոյան կողմ մեքենաները երևացին: Առաջին մեքենան Իլյինը բաց թողեց, ըստ արարողակարգի երկրի ղեկավարը պետք է լիներ երկրորդ մեքենայում: Լեյտենանտը հանեց երկու ատրճանակները ու երկու ձեռքով միաժամանակ սկսեց կրակել երկրորդ մեքենայի վրա: 
Նա չգիտեր, որ Բրեժնևը ամենևին էլ այդ մեքենայում չէր, այլ արդեն մտել է Կրեմլ բոլորովին այլ դարպասով: Իսկ այն մեքենայում, որի վրա լեյտենանտը մոտ 15 գնդակ արձակեց, գտնվում էին տիեզերագնացներ Բերեգովոյը, Լեոնովը, Նիկոլաևը և աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան: 
Մեքենայի վարորդը մահացավ տեղում, Ադրիան Նիկոլաևը թեթև վնասվածք ստացավ, բայց կարողացավ բռնել ղեկը և կանգնեցնել անկառավարելի դարձած ավտոմեքենան: Այս ամենն ընդամենը մի քանի րոպե տևեց, վրա հասան անվտանգության աշխատակիցները և գետին տապալեցին Իլյինին:
Նրան հարցաքննում էր անձամբ Յուրի Անդրոպովը՝ ԿԳԲ-ի, այսինքն Պետանվտանգության կոմիտեի շեֆը, որն ինչպես գիտեք, հետո նաև երկրի ղեկավար դարձավ: Պարզ էր, որ Իլյինին մահապատիժ էր սպասում, բայց կատարվեց աներևակայելին՝ անմեղսունակ ճանաչեցին և ւղարկեցին հոգեբուժարան: Իսկ 90 թվականին, երբ Սովետն արդեն փլուզվում էր, Գերագույն դատարանը որոշեց ազատ արձակել նրան: Ավելին՝ քանի որ այդ ընթացքում հաշմանդամ էր ճանաչվել, պետությունը նրան բնակարան հատկացրեց ու հիմա 68-ամյա Վիկտոր Իլյինը ապրում է իր հարազատ քաղաքում՝ Սանկտ-Պետերբուրգում: Մի քանի տարի առաջ լրագրողները փորձեցին նրան խոսեցնել: Ոչինչ չստացվեց՝ ընդամենը մի նախադասություն ասաց՝ «Ափսոսում եմ միայն, որ անմեղ մարդ մահացավ»: Իսկապես ցավալի է, որովհետև մահացած վարորդ Իլյա Ժարկովի համար հունվարի 22-ը իր վերջին աշխատանքային օրն էր՝ գործընկերներն արդեն համեստ ճաշկերույթ էին ծրագրում, որպեսզի հաջորդ օրը ճանապարհեին նրան կենսաթոշակի: 
Շատերն են հիմա հարց տալիս՝ եթե լենինգրադցի այդ լեյտենանտին այնուամենայնիվ հաջողվել իրականացնել իր մտահղացումը, արդյո՞ք պատմությունը, այդ թվում նաևՀայաստանի պատմությունը, այլ հունով կընթանար: Գրեթե բոլոր մասնագետները՝ վերլուծաբանները, պատմաբանները միակարծիք են՝ ընդհանուր առմամբ ոչինչ էլ չէր փոխվելու՝ Լիոնիդ Բրեժնևին կփոխարիներ Նախարարնիերի խորհրդի ղեկավար Ալեքսեյ Կոսիգինը: Ու կյանքը, միգուցե որոշ աննշան շեղումներով, կշարունակեր ընթանալ նույն հունով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել