Tert.am-ը գրում է․

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո, երբ դեռ կյանքի համար պայքարում էր 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, հունվարի 18-ին Հայաստան էր ժամանել ռուսական առաջին ալիքի «Пусть говорят» հաղորդաշարի հաղորդավար Անդրեյ Մալախովը: Նա նախ այցելել էր փոքրիկին, իսկ այնուհետև եղել Գյումրիում: Նախապատրաստվող հաղորդմանը մասնակցելու համար Հայաստանից Մալախովի հետ Մոսկվա էին մեկնել հանրությանը ծանոթ մի շարք անձինք, սակայն երեխայի մահից հետո հայտնի դարձավ, որ հաղորդումը չի նկարահանվելու: Այս մասին, թե ինչու չնկարահանվեց հաղորդումը, Tert.am-ը զրուցեց Մոսկվայից երեկ վերադարձած փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանը Tert.am-ին պատմեց, որ հաղորդումը չեղյալ է հայտարարվել նկարահանումից րոպեներ առաջ՝ Ավետիսյանների  ընտանիքի 7-րդ անդամի՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան պատճառով։

«Մինչ մենք տաղավարում սպասում էինք, որ նկարահանումները սկսվեն, Մալախովը եկավ և ասաց, որ քիչ առաջ են իմացել, որ երեխան մահացել է. ըստ այդմ՝ հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է հաղորդում չնկարահանել, քանի որ ժամանակավրեպ կլինի»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ ռուս հաղորդավարն ասել է, թե հաղորդումը միտված էր փոքրիկին օգնելուն, սակայն անձամբ իր համար անհասկանալի է, թե ինչպես պետք է օգնեին, եթե հիվանդանոցում ամեն ինչ արվում էր, և անգամ ռուս մասնագետներն էին Հայաստանում:

«Բայց մեզ չէին էլ նախապես ասել, որ հաղորդումը միայն երեխայի մասին է, նման թեմա չկար: Նույնիսկ մենք փաստաբաններով Պերմյակովի հանձնման, դատավարության և նման այլ հարցերով խոսելու համար նախապատրաստվել էինք: Ի սկզբանե հաղորդումը ուրիշ կառուցվածք պետք է ունենար՝ ինչ անել, որ իրավիճակից դուրս գանք, ազգերի միջև լարվածության առաջացում, ինչ անել, որ ամեն ինչ ճիշտ լինի»,-ասաց նա:

Ալեքսանդր Սիրունյանը ներկայացրեց իր տեսակետը՝ հաղորդումը չնկարահանելու վերաբերյալ.
«Ինձ թվում է՝ մեկ ուրիշ խնդիր կար, օրինակ այն, որ Մալախովի հաղորդման և հեռուստաընկերության ղեկավարության կարծիքները չեն համընկել: Նույնիսկ ռուսական կողմից էլ հիմնական մասը հայեր էին, ու կարծես բոլորիս կարծիքը մեկ էր լինելու, ինչից էլ վախեցան: Այսինքն՝ հաղորդումը դառնալու էր մի հարթակ, որտեղ մենք բոլորս պետք է խոսեինք, ու հակառակ կարծիք չէր առաջանալու, ինչն էլ պատճառ դարձավ, որ հաղորդումը չկայանա»:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդի ժամանակ մահացել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները, իսկ 6-ամսական Սերյոժան ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: 7 օր կյանքի համար պայքարելուց հետո փոքրիկը մահացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Սպանությունների համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Նա գտնվում է ռուսական ռազմաբազայի տարածքում, իսկ խափանման միջոց է ընտրված կալանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել